Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐԸ ՔՆՆՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻ ԳՈ՞ՐԾԸ

Հունվար 22,2010 00:00

\"\"Ֆրանսիական համալսարան-Անահիտ Մանասյան հակամարտության նոր զարգացումները

«Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի նախկին շրջանավարտ Անահիտ Մանասյանն արդեն 5-րդ տարին է, ինչ տարբեր ատյանի դատարաններում պաշտպանում է իր՝ համալսարանի կողմից լիսանզի եւ բակալավրի դիպլոմ ստանալու իրավունքը:
«Առավոտը» բազմիցս անդրադարձել է Ֆրանսիական համալսարան-Անահիտ Մանասյան հակամարտությանը: Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 22.10.09թ. վճռով նախկին շրջանավարտի հայցը մերժվել է: Սրան հետեւեց Ա. Մանասյանի բողոքը վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ պատճառաբանելով, որ առաջին ատյանի դատարանի վճիռը կայացվել է նյութական եւ դատավարական իրավունքի նորմերի խախտումով, ուստի ենթակա է բեկանման: Բողոքում հայցվոր կողմը մանրամասն նշել է իր անհամաձայնությունը կոնկրետ կետերի վերաբերյալ՝ կատարելով տարբեր իրավական փաստաթղթերին հղումներ: Իսկ օրերս վերաքննիչ դատարանում այս կապակցությամբ տեղի ունեցավ դատական նիստ: «Առավոտը» նիստի մասին տեղեկություններ ստացավ հայցվոր կողմից՝ Անահիտ Մանասյանից եւ պատասխանող կողմի ներկայացուցիչ Գեւորգ Չաքմիշյանից:
Ա. Մանասյանը մեզ հետ զրույցում ասաց. «Պատասխանող կողմերից ոչ մեկը՝ ոչ ԿԳՆ-ն, ոչ էլ Ֆրանսիական համալսարանը բողոքին պատասխան չէր ներկայացրել: Իսկ դատական նիստի ժամանակ դատարանում տեղի ունեցավ բավականին կողմնակալ վերաբերմունք: Առաջին ատյանի դատարանում հերքվել էր, որ դիպլոմային աշխատանքից ես ստացել եմ բացասական գնահատական, կամ որ ուսանողները ուսումնառության ժամանակ պաշտպանել են երկու դիպլոմային աշխատանք: Այդ փաստը հերքել էր նաեւ վկան՝ Քրիստինա Ազատյանը: Սակայն բոլոր այդ հանգամանքները հիմք չհանդիսացան, եւ հերթական անգամ Ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչը պնդեց իր փաստերը, որ իբր ես ստացել եմ բացասական գնահատական, դատարանն էլ դա հիմք ընդունեց: Հենց սա էլ վկայում է դատարանի ակնհայտ կողմնակալ վերաբերմունքի մասին»: Խոսելով պատճառներից՝ զրուցակիցս նշեց. «Չեմ կարող ասել՝ պատճառները որոնք են, համենայնդեպս, վերաքննիչ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը դասավանդում է Ֆրանսիական համալսարանում: Թե արդեն անդրկուլիսյան ինչ իրադարձություններ են տեղի ունեցել, ոչինչ չեմ կարող ասել: www.court.am կայքէջից էլ կարելի է տեղեկանալ, որ Ստ. Միքայելյանը 2000 թվականից Հայաստանում Ֆրանսիական համալսարանի մասնավոր իրավունքի ամբիոնի վարիչն է: Նույնիսկ, երբ վճիռը կայացվել է առաջին ատյանի դատարանում, այնտեղ չի ներառվել գնահատականի մասին որեւէ խոսք, քանի որ բոլոր այն փաստերը, որոնք պնդում էր պատասխանող կողմը, ոչ մի իրավական հիմք հանդիսացող փաստաթղթով չէին ապացուցված, իսկ մենք դրանք հերքել ենք իրավական հիմք ունեցող փաստաթղթերով»: Ա. Մանասյանի փոխանցմամբ՝ վերաքննիչ դատարանում կայացած նիստի ժամանակ պատասխանող կողմի ներկայացուցիչ Գեւորգ Չաքմիշյանն անընդհատ իր խոսքում շեշտել է այն, որ Ա. Մանասյանը դիպլոմային աշխատանքից ստացել է անբավարար գնահատական, որ 19.02.05թ. պայմանագրի 3.3 կետով համալսարանը ոչ թե պարտավոր է, այլ կարող է տրամադրել ֆրանսիական դիպլոմ: Այս մասին զրուցակիցս ասաց. «Այո, առաջին ատյանի վճռում ասվել էր, որ 3.3 կետով համալսարանը չի պարտավորվում տրամադրել ֆրանսիական դիպլոմ, քանի որ գրված է, թե կարող է տրամադրել: Այսինքն՝ գործում է կամայականության սկզբունքը, եւ հարց է ծագում՝ ինչպե՞ս են նրանք դա որոշել, քանի որ ոչ մի փաստ չկա, որի հիման վրա նրանք որոշեն ինձ զրկել ֆրանսիական դիպլոմից: Իսկ վերաքննիչ դատարանում այդ հանգամանքը նույնիսկ չարծարծվեց, նորից գնացին այն փաստերի ուղղությամբ, որոնք արդեն հերքվել են: Սա մեկնաբանում են այն հանգամանքով, որ գործը քննած երեք դատավորները հավանաբար երեք հատոր գործին լավ չէին ծանոթացել, կամ էլ դրա կարիքը չէր եղել»:
Ա. Մանասյանը «Առավոտին» նաեւ փոխանցեց հետեւյալը. «Դատական նիստի ժամանակ նույնիսկ կոնֆլիկտ առաջացավ, նկատվում էր, որ դատավորը չարաշահում է իր պաշտոնեական դիրքը, անգամ բանը հասավ նրան, որ վիրավորեցին հայցվոր կողմին: Արդեն ամեն ինչ ակնհայտ է: Ես ուղղակի համոզված եմ, որ վերաքննիչ դատարանը հայցը մերժելու է, բայց դիմելու եմ վճռաբեկ դատարան: Ֆրանսիական համալսարանի բոլոր այն շրջանավարտները, որոնց իրավունքները խախտվել են, լավ կլինի հասկանան, որ ճիշտը դատարան դիմելն է: Իհարկե, նրանք չեն հավատում արդարադատությանը, իմանալով, թե ով է համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը, եւ որ հաստատ կլինեն պաշտոնի չարաշահումներ»: Զրուցեցինք նաեւ Ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչ Գեւորգ Չաքմիշյանի հետ: Նա դատավորի՝ դասախոս լինելու փաստից տեղյակ չէր: Իսկ երբ հղում արեցինք կայքէջին, նա ասաց. «Եթե այդքան տեղեկություն ունեին, իրենք կարող էին օգտվել իրենց իրավունքից եւ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեին»: Դառնալով խնդրի առարկա դարձած դիպլոմի հարցին՝ պարոն Չաքմիշյանը հստակեցրեց. «Ամենակարեւորն այն է, որ իրենք պահանջում են լիսանզի եւ բակալավրի դիպլոմը, որը պայմանագրով նախատեսված չէ: Եթե նույնիսկ հայցվորը դրական ստացած լիներ, ապա այդ դիպլոմն իրեն, միեւնույն է՝ չի հասնում, քանի որ համալսարանն այդ դիպլոմն իրավունք չուներ նրան տալու: Համալսարանը կարող է տրամադրել ֆրանսիական նմուշի դիպլոմ, ոչ թե լիսանզի եւ բակալավրի, ինչը լրիվ տարբեր բան է: Մեր դիրքորոշումն այն է, որ առաջին ատյանի դատարանի վճիռն օրինական է եւ հիմնավորված, իսկ բողոքը եւ երեկվա դատական նիստում իրենց ներկայացրածը ոչ այլ ինչ է, քան, ֆրանսիական մի ասացվածքի համաձայն՝ ձուկը ջրում խեղդելու փորձ»:
Վերաքննիչ դատարանը վճիռը կհրապարակի մոտ 10 օրից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել