Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աջակցություն Հայիթիին եւ հայկական ՓՄՁ-ին

Հունվար 22,2010 00:00

ՀՀ կառավարությունը երեկ փոփոխություններ է կատարել իր 1999 թվականի հունիսի 10-ի «ՀՀ պետական եւ այլ հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման եւ վերահսկողության կարգը հաստատելու մասին» որոշման մեջ։ Ըստ կառավարության տարածած հաղորդագրության, սրա նպատակը բյուջետային եւ արտաբյուջետային միջոցների տնօրինման գործընթացի միասնականությունն ապահովելու անհրաժեշտությունն է ու ֆինանսական կառավարման ու վերահսկողության իրականացման արդյունավետության բարձրացումը: Այս առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ «Պետական եկամուտների կոմիտեն եւ մեր մնացած գերատեսչությունները, որոնք ունեն արտաբյուջետային ֆոնդեր, մինչեւ օրս իրավասություն ունեին ինքնուրույնաբար որոշել, թե ինչ ծախսեր են նրանք իրականացնում, 15 տոկոսի չափով վերաբաշխում կարող էին անել այդ արտաբյուջետային ֆոնդերից։ Ըստ էության, մենք չէինք կարողանում վերահսկել, թե այդ միջոցների հաշվին ինչ ծախսեր են ծրագրում իրականացնել մեր գերատեսչությունները: Արտաբյուջետային ֆոնդերի ծավալները բավականին մեծ են, եւ այդ միջոցների հաշվին միլիոնավոր, միլիարդավոր դրամների ծախսեր են իրականացվում, որոնք մինչեւ օրս չեն գտնվել կառավարության պատշաճ վերահսկողության տակ։ Այսուհետեւ մենք խստագույնս պետք է հետեւենք, թե ինչպես են այդ ծախսերն իրականացվում»:
Սրանից բացի, ՀՀ կառավարությունը որոշել է երկրաշարժից տուժած Հայիթիի Հանրապետության կառավարությանը տրամադրելու նպատակով իր պահուստային ֆոնդից ՀՀ արտգործնախարարությանը հատկացնել 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Իսկ Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության նպատակով կառավարությունը հաստատել է ՓՄՁ պետական աջակցության 2010թ. ծրագիրը, որով կծախսվի 150 միլիոն դրամ՝ տեղեկատվական եւ խորհրդատվական ծառայությունների մատուցում, գործարարությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնում կանանց, ինչպես նաեւ աշխատաշուկայում անմրցունակ խմբերի, սահմանափակ կարողություններով անձանց համար եւ այլ նպատակներով։ 2008-ի տվյալներով, ՓՄՁ-ի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կազմել է 41.7 տոկոս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել