Հարկադիր պարապուրդից հետո, հունվարի 11-ից Կապանի մանկապարտեզներում վերսկսվել են պարապմունքները: Անկախ եղանակային ցուրտ պայմաններից, քաղաքի բոլոր 12 մանկապարտեզներում էլ հաճախելիության բարձր ցուցանիշ է գրանցվել: Կապանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Անուշ Սիմոնյանը նշում է, որ անցած տարվա այս ժամանակահատվածում բացակայություններն այնքան շատ էին լինում, որ հունվար ամսին հաճախ պարապմունքներ չէին լինում, իսկ այս տարի հակառակ պատկերն է գրանցվում: Ի դեպ, 12 մանկապարտեզներից միայն երեքն են ջեռուցվում գազով, մնացածը՝ վառելափայտով են տաքացվում: «Վերցրեք մեկ օրվա ցուցանիշը: Կապանի թիվ 1 մանկապարտեզ անցած տարի մեկ օրում հաճախել է 35 երեխա, իսկ այս տարի 119 երեխա է գրանցվել: Իսկ եթե համեմատենք բոլոր մանկապարտեզների հաճախելիությունը անցած տարվա այս ժամանակահատվածի հետ, ապա կրկնակի աճ կարձանագրենք՝ 400-ից այս տարի հասել է 800-ի»,- ասում է Անուշ Սիմոնյանը:
Մեր զրուցակցի հավաստմամբ, բոլոր մանկապարտեզներում պարապմունքների վերսկսման հենց առաջին օրվանից շարունակվում է խիստ վերահսկողությունը: Առավոտյան երեխաներին ընդունելիս բուժքույրը զննում է նրանց, գրիպի ախտանիշներ ունեցողներին ի հայտ բերելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով: