Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵՍ ԿՍՏՈՐԱԳՐԵԻ ԱՅԴ ՈՐՈՇՄԱՆ ՏԱԿ»

Հունվար 22,2010 00:00

\"\"Ասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը

– Մեր թերթին տված Ձեր նախորդ հարցազրույցի ժամանակ («Չի կարող լինել պայմանագիր առանց պայմանների» 29.09.09),  Դուք կանխատեսեցիք, որ հայ-թուրքական արձանագրություններն անպայման կմտնեն Սահմանադրական դատարան: Ծանոթացե՞լ եք Սահմանադրական դատարանի այդ որոշմանը եւ ի՞նչ կարող եք ասել այդ մասին:
– Բնականաբար, ծանոթ եմ: Եթե փորձեմ կարճ պատասխանել, կասեմ, որ ես կստորագրեի այդ որոշման տակ: Իսկ ավելի մանրամասնելով, պետք է ընդունել, որ ՍԴ այս որոշումը պատասխանում է հայ-թուրքական արձանագրությունների մասին վերջին ամիսներին մեր հասարակությունում եւ հայկական սփյուռքում առկա հիմնական մտահոգություններին: Ամենակարեւոր իրավական դիրքորոշումն այս որոշման մեջ այն է, որ արձանագրությունների դրույթները միջպետական հարաբերություններում չեն կարող մեկնաբանվել եւ կիրառվել ի հակասումն Սահմանադրության նախաբանի եւ Անկախության հռչակագրի 11 հոդվածի: Ամրագրված է միանշանակ իրավական դիրքորոշում հայ-թուրքական հարաբերությունների երկկողմանի բնույթի եւ որեւէ երրորդ կողմի (պարզ է, թե որ կողմի մասին է խոսքը) հետ հարաբերությունների վրա չտարածվելու մասին: Բավականին հետաքրքիր իրավական լուծում է տրվել արձանագրության` ընդհանուր սահմանը բացելու վերաբերյալ դրույթին: Տրված ձեւակերպումը արձանագրության ճշգրիտ մեկնաբանությունն է, ելնելով Թուրքիայի կողմից Հայաստանի 17 տարվա շրջափակման պատմական փաստից: Ինչ վերաբերում է ՍԴ որոշման 4-րդ կետի դ) եւ գ) ենթակետերին, ապա դրանցում առկա մեկնաբանությունները արտահայտում են հայկական կողմի դիրքորոշումն այն մասին, որ արձանագրությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա վիճելի հարցերը վերջնականորեն չեն լուծում եւ դրանք պետք է լուծվեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա: Այս կետերը հույժ կարեւոր եմ համարում:
– Կարելի՞ է արդյոք ասել, որ ՍԴ որոշումից հետո մտահոգություններն այլեւս վերացված են, եւ հայ-թուրքական հարաբերություններում մեզ համար ոչ նպաստավոր զարգացումներ չեն կարող լինել:
– Ոչ, իհարկե: Նման երաշխիք հայկական կողմին ոչ ոք չի կարող տալ: Չնայած ՍԴ որոշումը բավականին հաջողված փաստաթուղթ է եւ արտահայտում է արձանագրությունների ճշգրիտ բովանդակությունը, սական այն ներպետական իրավական փաստաթուղթ է: Այն տալիս է հայկական կողմի մեկնաբանության սահմանները եւ կարող է որոշիչ լինել միայն Հայաստանի դիրքորոշումը որոշակիացնելիս: Ապացույցները Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը եւ «Hurriyet» օրաթերթի հրապարակումն են, որոնք հաջորդեցին ՍԴ որոշմանը: Պետք է հաշվի առնել, որ արձանագրությունները, դրանց ստորագրման, վավերացման եւ հետագա կիրարկման գործընթացը միջպետական հարաբերությունների առարկա են եւ այստեղ հիմնական կարգավորիչը միջազգային իրավունքն է: Նույնիսկ արձանագրությունների երկկողմանի վավերացման պայմաններում կողմերը ստիպված են լինելու միջազգային իրավունքի սահմաններում հարթել պայմանագրերի տարընթերցումները կամ մերձեցնել տեսակետները: Հակառակ պարագան կողմերի հրաժարումն է իրենց ստանձնած պարտավորություններից:
– Այս օրերին լրագրողների հետ տարբեր հանդիպումների ժամանակ հատկապես քաղաքական գործիչները հանդես են գալիս ՍԴ այդ որոշման մեկնաբանություններով: Ճի՞շտ է, արդյոք, այն, որ ՍԴ որոշումները մեկնաբանվում են, եւ ինչպիսի՞ն է միջազգային պրակտիկան այդ կապակցությամբ: Որպես իրավաբան կարո՞ղ եք ասել՝ ո՞րն է տարբերությունը «մեկնաբանման» եւ «պարզաբանման» միջեւ:
– Նախ ասեմ, որ որեւէ իրավական ակտի մեկնաբանման մեջ հակաօրինական կամ արտառոց բան չկա: Եթե կարելի է մեկնաբանել Սահմանադրությունը կամ օրենքը, ապա ՍԴ կամ որեւէ այլ դատարանի որոշումը առավել եւս կարող է մեկնաբանվել, պարզաբանվել կամ որեւէ այլ ձեւով քննարկման առարկա դառնալ: Այդ թվում նաեւ հանրային քննարկման առարկա: Փառք Աստծո, խոսքի ազատության իրավունքը դեռ ոչ ոք կասկածի տակ չի առնում:
– Դուք եղել եք մեր երկրի բարձրագույն դատական ատյանի նախագահը: Վճռաբեկ դատարանի կամ այլ դատարանների որոշումները նույնպե՞ս կարող են մեկնաբանվել: Ինչպիսի՞ն է Ձեր դիտարկումը, չէ՞ որ այդ որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, սակայն հենց այդ պահից էլ սկսվում են որոշումների մեկնաբանությունները:
– Նույնը կասեմ նաեւ վճռաբեկ կամ որեւէ այլ դատարանի որոշումների մասին: Դրանք պետական մարմնի հրապարակային գործունեության արդյունքում ծնված հրապարակային փաստաթղթեր են, եւ դրանց մասին կարծիք հայտնելը կամ նման կարծիք հրապարակելը արգելված չէ: Այլ երեւույթ են էթիկական սահմանափակումները, որոնք որոշակի արգելքներ կարող են նախատեսել: Ասենք, շատ տարածված պրակտիկա է, երբ դատավորների էթիկայի կանոններում արգելք կա սահմանված դատավորի համար` իր գործընկերոջ որոշումը հրապարակայնորեն քննարկելու կամ քննադատելու: Ասեմ, որ այս հարցում կա նաեւ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումը: Կցանկանայի հիշատակել այդ որոշումներից մեկը, որը վերաբերում է Մոլդովային: Այս երկրի Փաստաբանների պալատի նախագահը դիմել է ԵԴ՝ ընդդեմ Մոլդովայի, վիճարկելով Սահմանադրական դատարանի որոշումը, որով ինքը տուգանվել է 360 լեւի չափով այն բանի համար, որ «Լոգոս-պրես» թերթում իր կարծիքն է հայտնել ՍԴ որոշման վերաբերյալ: Այդ որոշմամբ հակասահմանադրական է ճանաչվել Փաստաբանության մասին օրենքի այն դրույթը, որի համաձայն՝ բոլոր փաստաբանները պարտավոր են լինել Փաստաբանների միության անդամ: Փաստաբանների միության նախագահն այսպես է մեկնաբանել իր կարծիքը. «Իսկ որքանո՞վ է սահմանադրական Սահմանադրական դատարանը»: ՍԴ անդամները նման ձեւակերպումը վիրավորական են համարել, ինչն էլ պատճառ է դարձել տույժի կիրառման: Եվրոպական դատարանն իր որոշմամբ գտել է, որ խոսքի ազատության իրավունքի նման սահմանափակումն անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում, հետեւաբար առկա է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել