Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

11 միլիոն՝ մանկապարտեզին

Հունվար 22,2010 00:00

Երեկ Լոռու մարզի Վահագնաձորում վերաբացվեց գյուղի միակ մանկապարտեզը: Այն անցած մեկուկես ամսվա ընթացքում վերանորոգվել եւ կահավորվել է «Շեն» բարեգործական հ/կ-ի եւ «Օրանժ Արմենիայի» միջոցներով: «Շենը», որը հանրապետության արդեն 250 համայնքներում տարբեր բարեգործական ծրագրեր է իրականացրել՝ վերանորոգման  նպատակով ծախսել է մոտավորապես 3 միլիոն դրամ: Մանկապարտեզի գույքի, ջեռուցման համակարգի տեղադրման եւ բակի բարեկարգման ծախսերով զբաղվել է «Օրանժ Արմենիա» ընկերությունը, որի համար հատկացրել է մոտ 8 միլիոն դրամ: Ինչպես մեզ հետ զրույցում ներկայացրեց մանկապարտեզի տնօրեն Բելլա Քոչինյանը, այս հաստատությունը սկսել է գործել 1980-ական թվականներից. «Նախկինում այն եղել է սեփական տուն, տարիների ընթացքում մաշվել էր այստեղ ամեն ինչ, սակայն հիմա նորմալ պայմաններ ունի: Հովանավորներ գտնելու առումով մեզ օգնել է մեր գյուղապետը»: Ըստ նրա, մանկապարտեզ է այցելում 30 երեխա, սակայն երեկ ներկա էր 22-ը: «Երեխաների ծնողները մեզ ամսական վճարում են 2-4 հազար դրամ, կախված իրենց սոցիալական վիճակից, սակայն այդքան գումարը չի բավականացնում երեխաների կարիքները հոգալու համար, բայց ունենք բարերարներ, նրանք գյուղի գործարարներն են, որոնք մեզ շատ են օգնում: Հուսով եմ՝ առաջիկայում էլ «Օրանժ Արմենիա» ընկերությունը մեզ կօգնի»: Այն հարցին՝ որտե՞ղ են երեխաները հանդեսներ կազմակերպելու, եթե մանկապարտեզի շենքում չկա դահլիճ, տնօրենը ասաց. «Մենք կարող ենք մեր գյուղի դպրոցի դահլիճից օգտվել, կարող ենք նաեւ մեր ընդարձակ ննջարանն օգտագործել այդ նպատակով, ի վերջո կարող ենք խնդրել բարեգործներին, որ մեզ համար դահլիճ էլ կառուցեն»:
Ըստ ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի՝ իրենք նպատակ ունեն նպաստել մեր երկրի տարածքային զարգացմանը. «Մեզ համար բարեգործության հիմնական առանցքը, իհարկե՝ ոչ միակը, լինելու են երեխաները, քանի որ նրանց վերաբերող ծրագրերը երկարաժամկետ են»: Այն հարցին, թե իրենց շահույթի որքա՞ն տոկոսն է կազմելու բարեգործությունը, նա պատասխանեց. «Մի փոքր վաղաժամ է բարեգործության բյուջեի մասին խոսելը»: Այն դիտարկմանն էլ, թե վերջին ժամանակներս բավականին մոդեռն է դարձել բարեգործությունը, նա ասաց. «Մեծ հարգանք ունեմ իմ գործընկերների նկատմամբ, նրանք միաժամանակ իմ մրցակիցներն են, ուզում ես ասել, որ սոցիալական աջակցությունը բնական է եւ նպաստում է բիզնես գործունեությանը: Մեր բարեգործությունը համապատասխանում է «Ֆրանս տելեկոմի» ռազմավարությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել