Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեղրիում հնարավոր չէ գազ բեռնաթափել

Հունվար 22,2010 00:00

Ձեր թերթի 2009 թ. դեկտեմբերի 23-ի համարում տպագրված «Պատրաստ ենք ծառայել քեզ, աղա ջան» հրապարակման մեջ Ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը մեկնաբանում է, թե փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հանձնարարել է Սյունիքի մարզպետին, ՀՀ էներգետիկայի նախարարին, Պետեկամուտների կոմիտեի նախագահին, Ագարակի եւ Մեղրու  քաղաքապետերին եւ «Պարզ ջուր» ՍՊԸ-ին՝ Մեղրիում եւ Ագարակում  պատշաճ  կերպով կազմակերպել հեղուկ գազի վաճառքը, սակայն մինչեւ օրս ոչինչ չի արվել։
Այդ առթիվ տեղեկացնում ենք, որ ԱԺ պատգամավորներ Ա. Բախշյանի եւ Ա. Մարտիրոսյանի հետ 2009 թ. հուլիսի 1-ին կայացած հանդիպման ժամանակ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, իրոք, խոստացել է վերոնշյալ հարցը լուծելու համար տալ համապատասխան հանձնարարականներ։
Հանդիպման արդյունքում փոխվարչապետը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին հանձնարարել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ համատեղ քննարկել հարցը եւ 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն:
Նշենք, որ «Պարզ ջուր» ընկերությունը մասնավոր կառույց է եւ, հետեւաբար, փոխվարչապետը իրավասու չէ հանձնարարականներ տալ «Պարզ ջուր» ՍՊԸ-ին: Ա. Գեւորգյանը հանձնարարական է տվել Սյունիքի մարզպետին՝ զբաղվել խնդրով:
Ի կատարումն տրված հանձնարարությունների՝ իրականացվել է հարցի ուսումնասիրություն եւ  պարզվել է, որ Մեղրի քաղաքում թեեւ կան հեղուկ գազի համապատասխան տարողություններ եւ տարածք, սակայն  առկա են բեռնաթափման որոշակի խնդիրներ։ Իրանի Իսլամական Հանրապետությունից հեղուկ գազը ներկրվում է 20 տոննանոց ավտոցիստեռններով, եւ Մեղրիում տեխնիկապես հնարավոր չէ դրանք մաքսազերծել ու բեռնաթափել։ Մեղրիին ամենամոտ գտնվող մաքսային պահեստը տեղակայված է Կապան քաղաքում («Զանգեգուր» տերմինալ) եւ ներկայումս միայն այնտեղ կարող է իրականացվել բեռների զննումը։
Սյունիքի մարզպետարանի տվյալներով, Մեղրիի տարածաշրջանում հեղուկ գազի ամսական պահանջարկը կազմում է առավելագույնը 5 տոննա։ Հետեւաբար, գործարարների համար տնտեսապես արդյունավետ չէ 20 տոննա գազ ձեռք բերելը եւ պահեստավորելը։ Հնարավոր չէ նաեւ մասնակի բեռնաթափում իրականացնել, քանի որ բարձր լեռնային ճանապարհներով հեղուկ գազով թերբեռնված ավտոմեքենայի երթեւեկությունը խիստ վտանգավոր է։
Խնդրի լուծման նպատակով տարածաշրջանի գազի մանրածախ վաճառք իրականացնող տնտեսվարողներին առաջարկվել է ուսումնասիրել Կապան քաղաքից զազ ներկրելու հնարավորությունը։ Միաժամանակ նրանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել եւ հեղուկ գազի մեկ կիլոգրամի (2 լիտրի) վաճառքն այժմ իրականացվում է 580 դրամով: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել