Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՇՄԱՆԴԱՄ ԱՇԽԱՏԱԿԻՑ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ

Հունվար 22,2010 00:00

Քաղաքապետարանում, նախարարություններում հաշմանդամություն ունեցողների համար աշխատանք չկա

\"\"
Լեզուների իմացությամբ, համակարգչային գիտելիքներ ու
աշխատելու մեծ պատրաստակամություն ունեցող
Մարիամին ոչ պետական եւ ոչ էլ մասնավոր հիմնարկներում
աշխատանք չեն տալիս:

Հաշմանդամ մարդկանց աշխատանքի ընդունելու դեպքում մեր պետությունը գործատուների համար որոշակի արտոնություններ է սահմանել: Որպեսզի գործատուները շահագրգռված լինեն ու գործազուրկ հաշմանդամին իրենց հիմնարկում աշխատանք տան, պետական միջոցներով փոխհատուցվում է գործատուի վճարած աշխատավարձի 50%-ը: Այսինքն, եթե նվազագույն աշխատավարձ տա, գործատուն մեկ ամսվա համար իր գրպանից հաշմանդամին պետք է վճարի ընդամենը 15 հազար դրամ: Հաշմանդամություն ունեցող շատ ու շատ մարդիկ, որոնք բավականին մեծ ջանքերի շնորհիվ կրթություն, համակարգչային գիտելիքներ են ստացել, լեզուներ են սովորել, որ կարողանան ինչ-որ կերպ դրսեւորել իրենց կյանքում, այսօր ամենուրեք աշխատանք են փնտրում, տարբեր ընկերությունների, օֆիսների ու պետական մարմինների դռներն են թակում, որ գործազուրկ չմնան: Մինչդեռ հաշմանդամ գործազուրկների մասին պաշտոնական տվյալներն արդեն վկայում են, որ այսօր մեր երկրում շատ քիչ ընկերություններ են գնահատում հաշմանդամի կարողությունները եւ նրանց վստահում որեւէ՝ թեկուզ բանվորական աշխատանք:
Ճշտելու համար, թե պետական մարմիններում հաշմանդամների գիտելիքներն ու ունակությունները որքանո՞վ են գնահատում, մենք տարբեր գերատեսչություններից հարցում արեցինք, թե քանի՞ հաշմանդամ աշխատակիցներ ունեն եւ ի՞նչ պատասխանատու պաշտոններ են նրանք զբաղեցնում:
Պարզվում է՝ մեր երկիրը, որը արտոնություններ է սահմանում եւ մասնավոր հատվածին է խրախուսում հաշմանդամին աշխատանքի ընդունել, ինքը օրինակ չի ծառայում եւ պետական ապարատում ընդգրկում է շատ քիչ թվով հաշմանդամ մարդկանց: Պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու մասին այստեղ խոսք անգամ լինել չի կարող, որովհետեւ նույնիսկ մեծ աշխատակազմ ունեցող նախարարություններում հաշմանդամության կարգ ունեցող մարդը լավագույն դեպքում աշխատում է ինչ-որ մի կորած բաժնում՝ քիչ աշխատավարձով:
Ինչպես հայտնեցին բնապահպանության նախարարությունից՝ «Մեր կենտրոնական ապարատում ընդհանրապես հաշմանդամներ չեն աշխատում: Հնարավոր է նախարարությանը պատկանող պետական ոչ առեւտրային կազմակերպություններում լինի մեկ-երկու հաշմանդամ, թեեւ դրա հավանականությունը փոքր է: Բացի այդ, երբ մարդիկ գալիս են նախարարությունում աշխատանքի ընդունվելու, թաքցնում են, որ իրենք հաշմանդամության կարգ ունեն, եթե հաշմանդամությունը երեւացող չէ: Այնպես որ, հնարավոր է նախարարությունում կան հաշմանդամներ, պարզապես մենք չգիտենք»:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ոչ մի հաշմանդամ աշխատակից չունեն: Հանձնաժողովում նրանց չի վստահվել անգամ համակարգչային օպերատորական ծառայություններ կատարելու գործը:
Առողջապահության նախարարությունից դժվարացան պատասխանել՝ իրենց մոտ հաշմանդամներ աշխատո՞ւմ են, թե՞ ոչ. «Մեզ մոտ գործի ընդունելիս չեն հարցնում՝ հաշմանդամության կարգ ունե՞ն, թե՞ ոչ: Հետեւաբար, չեն կարող ասել, թե քանի հաշմանդամ են աշխատում կամ առհասարակ ունե՞ն հաշմանդամ աշխատակիցներ»: Հաշվի առնելով, որ մի ամբողջ նախարարությունում հաշմանդամ գոնե մեկ մարդու համար գործ չի գտնվում, ողջունելի է, որ Աջափնյակի թաղապետարանում նույնիսկ 3 հաշմանդամ է աշխատում, ընդ որում՝ նրանցից մեկը առաջատար մասնագետ է, երկուսն էլ՝ առաջին կարգի մասնագետ:
Երեւանի քաղաքապետարանից «Առավոտին» պարզաբանեցին, որ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Ամանորի տոնական օրերին հայտարարել է, որ հաշմանդամներին մեծ տեղ են տալու: Իսկ թե ներկայումս հաշմանդամ քանի՞ աշխատակից ունեն՝ չպատասխանեցին:
Ֆինանսների նախարարությունից նույնպես չկարողացան ասել, թե իրենց մոտ քանի՞ հաշմանդամ է աշխատում. «Մեր նախարարությունը 600 աշխատակից ունի, բայց թե նրանցից քանի՞սն են հաշմանդամ՝ չգիտենք: Երեւացող հաշմանդամություն ունեցող գիտենք, որ կա, թե նրանք կարգ ունեն՝ ոչ մի տեղ չի նշվում: Նրանք, դիմումից բացի, աշխատանքի ընդունվելիս միայն լրացնում են պետության կողմից սահմանված վարակիչ հիվանդությունների ցանկը, բայց հաշմանդամության մասին մենք չենք իմանում»:
Միայն քաղաքաշինության նախարարությունում են տեղ տվել հաշմանդամներին: Այնտեղ գոնե երկու հաշմանդամ է աշխատում:
Եթե պետական գերատեսչություններում են սահմանափակ կարողություններով մարդկանց այսքան գնահատում, ուրեմն մասնավոր ընկերություններից մեր երկիրը պահանջելու ոչինչ չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել