Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սրանից վատ չի լինի»

Հունվար 22,2010 00:00

2010-ի բյուջեով կառավարության կողմից նախանշված 1,2% տնտեսական աճի ցուցանիշը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանը համարում է խիստ իրատեսական: Նրա համոզմամբ, այն իրատեսական է ու շատ հեշտ կկատարվի. «1,2 տոկոսը ոչ միայն կապահովվի, այլ նաեւ կգերակատարվի: Կարեւորն այն է, որ կառավարությունը գնացել է ճիշտ ճանապարհով եւ ծախսային մասով բյուջեում լուրջ կտրուկ փոփոխություն չի իրականացրել»: 2010-ի բյուջեով անփոփոխ են մնացել նաեւ սոցիալական ծախսերը: Թոշակների, նպաստների եւ աշխատավարձերի բարձրացում այս տարի չի նախատեսվում, սակայն կթանկանա ռուսական գազը, ինչն էլ, բնականաբար, կհանգեցնի առաջնային սպառման ապրանքների գնաճին: Պարոն Այվազյանը դեռեւս պատրաստ չէ ամբողջական պատասխան տալու այն հարցին, թե ինչ սոցիալական հետեւանքներ կարող է այն ունենալ հասարակ ժողովրդի համար. «Ես դեռ չգիտեմ, թե կոնկրետ ինչ գնային սահմանների մասին է խոսք գնում, պաշտոնապես որեւէ տեղեկություն դեռ չունենք: Իմ ղեկավարած հանձնաժողովը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից պահանջել է ներկայացնել տվյալներ, թե որքան է կազմում «ՀայՌուսգազարդի» եկամտաբերությունը վաճառվող գազի 1 խմ-ի մեջ»: Տեղեկությունները ստանալուն պես, պարոն Այվազյանը խոստացավ այն տրամադրել լրագրողներին:
Վ. Այվազյանի համար անհասկանալի է մնացել բոլոր այն մարդկանց մտածելակերպը, որոնց կարծիքով՝ հայ-թուրքական սահմանի բացումը մեր պետության համար դրական հետեւանքներ չի կարող ունենալ: «Թուրքիայի սահմանի բացման դեպքում չտեսնել եւ չակնկալել տնտեսական էֆեկտները, դա կույրի հատկություն է, դա մոտավորապես նույն պատմությունն է, որ ես հիմա ասեմ, թե ձեր կողքին նստած չեմ: Ամենապարզագույն հաշվարկների դեպքում ՀՆԱ-ի աճը ավելանալու է մոտ 5%-ով: Մենք ունենում ենք մոտ 70 միլիոնանոց շուկայի ուղիղ հաղորդակցության ճանապարհ, մենք խոսում ենք տնտեսական թռիչքաձեւ աճի մասին Հայաստանի պարագայում: Միայն արտահանման դեպքում զուտ վրացական ճանապարհով անցնելը արդեն դարձնում է մեզ ոչ մրցունակ: Վրաստանը մեր բեռները բերում է Հայաստան 2 անգամ ավելի թանկ, քան տանում է Ադրբեջան: Ի՞նչ է, ադրբեջանցիներին մեզանից շա՞տ է սիրում, ոչ, պարզապես Ադրբեջանն ունի այլընտրանքային ճանապարհ, իսկ մենք՝ ոչ»:
Ի պատասխան միջազգային փորձագետների այն կանխատեսումներին, թե համաշխարհային տնտեսությանը դեռ սպասվում է ճգնաժամի 2-րդ ալիքը, պարոն Այվազյանն ասաց. «Միանշանակ սրանից վատ չի լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել