Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Հունվար 22,2010 00:00

Կամ այն մասին, թե ինչպես է սոցիալ-տնտեսական վարչության պետը դարձել բնապահպան, շինարարն էլ՝ տրանսպորտի բաժնի պետ:

Անցած տարվա ապրիլի 2 -ին կառավարության ընդունած «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» N329 որոշումը խառնաշփոթ է ստեղծել հանրապետության գրեթե բոլոր մարզպետարաններում:
Բանն այն է, որ, ըստ այդ որոշման, վերակազմավորվում է մարզպետարանների կառուցվածքը, նոր բաժիններ կամ վարչություններ են ստեղծվում, մի շարք վարչություններ փակվում են կամ միաձուլվում, որի արդյունքում էլ սկսվում է պաշտոնակռիվ. այս կամ այն վարչության պետը իր պաշտոնն է կորցնում, ավելի ճարպիկները՝ նոր պաշտոն են ձեռք բերում եւ այլն: Բնականաբար, կադրային փոփոխություններ տեղի են ունեցել նաեւ Շիրակի մարզպետարանում, օրինակ՝ լուծարվել է Սոցիալ-տնտեսական զարգացման եւ ենթակառուցվածքների գործունեության համակարգման վարչությունը ու մարզպետարանի, այսպես ասած, հին պետերից մեկը՝ Մարտին Տոնոյանը տեղափոխվել է բնապահպանության բաժին: Նկատենք, որ կառավարությունն այս դեպքում շատ ճիշտ էլ վարվել է, քանի որ շիրակցի գործարարները հիացած չէին այդ վարչության գործունեությամբ եւ, նրանց կարծիքով, այն ոչնչով չէր կարող օգնել մարզի քայքայված տնտեսությանը: Նմանապես «տեղահանվել է» եկամտաբեր բաժիններից մեկի՝ տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Մարզպետունի Մարգարյանը, տեղափոխվելով տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն: Իսկ նրա պաշտոնը առաջարկվել է քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ Խաչիկ Խնձրցյանին, որն էլ, մեր աղբյուրների վստահեցմամբ, այնքան էլ դուր չի եկել նախկինում այդ բաժնի պետին: Մենք Մարզպետունի Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ են իր գործընկերների շրջանում տարածված այն խոսակցությունները, թե ինքը նեղացած է: «Նեղանալ-չնեղանալ անձնական ֆակտորը այստեղ դեր չի կատարում, ես քաղծառայող եմ եւ պարտավոր եմ աշխատել այնտեղ, որտեղ նշանակում են, հատկապես որ՝ աշխատավարձի չափը նույնն է: Ես դեռ նոր եմ այս պաշտոնում, եւ ժամանակը ցույց կտա, համապատասխանո՞ւմ եմ այս պաշտոնին, թե՝ ոչ: Կաշխատենք՝ կտեսնենք»- ասաց պաշտոնյան: Մեզ հետաքրքրեց այն փաստը, թե ինչպե՞ս կարող է շինարարը հանկարծ դառնալ տրանսպորտի մասնագետ, կամ սոցիալ-տնտեսական վարչության պետը՝ բնապահպան. ի՞նչ չափանիշներով է կատարվել ընտրությունը, եւ մի՞թե վարչության պետերն այնպիսի ունիվերսալ կրթություն ունեն, որ կարող են աշխատել իրարից խիստ տարբեր ոլորտներում՝ չձախողելով աշխատանքը: Բացի այդ, մի՞թե վարչության պետերը քաղծառայության մրցույթին չեն մասնակցում՝ կոնկրետ տեղի ու պաշտոնի համար:
Այս հարցերը պարզաբանելու նպատակով «Առավոտը» դիմեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանին: Վերջինս նախեւառաջ մեկնաբանեց կառավարության որոշումը՝ ասելով, որ նպատակը եղել է բոլոր մարզպետարանների կառուցվածքների նույնականացումը, այսինքն, այսուհետեւ բոլորը պետք է ունենան նույն ստորաբաժանումներն ու բաժինները: Ապա պաշտոնյան պարզաբանեց, որ «Քաղծառայության մասին» օրենքը այսպիսի դեպքերի՝ մարմնի վերակազմակերպման, անվանափոխության, կառուցվածքի փոփոխության ժամանակ, ստանձնելով քաղծառայողի սոցիալական պաշտպանությունը, սահմանում է քաղծառայողի կարգավիճակը: «Սրա նպատակն այն է, որ, ենթադրենք, այս փուլում, երբ մարզպետարանի կառուցվածքը փոխվեց, մարզպետարանի քաղաքացիական ծառայող համարվող աշխատողը հաստիքի կրճատման կապակցությամբ հաստիքից չազատվի: Արտամրցութային կարգն ասում է՝ էսինչ մարդուն ազատում ես իր նախկին պաշտոնից՝ նշանակելով նոր պաշտոնում: Դրանով ապահովվում է, որ կադրային ջարդ չլինի»,- մեկնաբանեց Խ. Պողոսյանը՝ վստահեցնելով, որ իր ղեկավարած կառույցում բոլորը տեղավորվել են ըստ իրենց մասնագիտական ունակությունների եւ նախասիրությունների: «Բոլորը տեղավորվել են նույնատիպ, նույն «ռանգի» պաշտոններում, ու որեւիցե մեկի աշխատավարձի հարցը չի տուժել, չկա մարդ, որը ստանում էր 100 հազար, իրեն ասացի՝ հիմա կգնաս էսինչ տեղը աշխատանքի, կստանաս 80 հազար»: Իսկ թե ինչքանո՞վ են իրար մոտ սոցիալ-տնտեսական վարչությունն ու բնապահպանությունը, Խաչատուր Պողոսյանի պարզաբանմամբ, Մարտին Տոնոյանի դեպքում հաշվի են առել նաեւ նրա 65-ամյա տարիքը, նրան մի քանի ամիս է մնացել աշխատելու: «Էսօր նա շատ ավելի հաջողված բնապահպանության բաժնի պետ է: Սոցիալ-տնտեսական զարգացման բաժինը ծրագրերի մշակում ու վերլուծություն է պահանջում: Իսկ տրանսպորտի ու ճանապարհաշինության բաժնի նախկին պետ Մարզպետունի Մարգարյանին հանրապետական գործադիր մարմինների գործունեության համակարգման բաժնի պետի պաշտոնում նշանակելիս հաշվի ենք առել հանրապետական մարմինների հետ աշխատանքի նրա հարուստ փորձը. նախկինում քարտուղար է եղել, գործկոմի նախագահ, երկաթգծի տնօրեն եւ այլն: Նաեւ հաշվի ենք առել այն փաստը, որ նա թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն է, այսինքն՝ նախասիրությունների ու իր մասնագիտական կարողությունների տեսակետից նա կկարողանա լավ ղեկավարել այդ բաժինը: Տրանսպորտի ու ճանապարհաշինության բաժնի պետի պաշտոնում նշանակել ենք Խաչատուր Խնձրցյանին, քանի որ վերջին երեք-չորս տարիներին ճանապարհաշինության ֆունկցիաներով զբաղվում էր քաղաքաշինության վարչության կազմից ստեղծված տեխնիկական հսկողության հանձնաժողովը, որը գլխավորել է հենց Խնձրցյան Խաչիկը ու բավարար, նորմալ իրականացրել է այդ պարտականությունները»,- ասաց մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը՝ վստահեցնելով, որ ամեն ինչ կատարվել է քաղծառայողների համաձայնությամբ եւ, ամենակարեւորը, ոչ մի բաժնի պետի պաշտոն չի իջեցվել: Խ. Պողոսյանը նաեւ հավելեց, որ ոլորտները կտուժեին, եթե վերոհիշյալ անձինք շարունակեին ղեկավարել դրանք, քանի որ նրանք ըստ էության մասնագետներ չեն եղել, քաղծառայող են դարձել՝ ըստ «Քաղծառայության մասին օրենքի» 50 հոդվածի: Այն 1996-ից տվյալ պաշտոնը զբաղեցրած անձին հնարավորություն է տվել 2002-ին՝ քաղծառայության համակարգի ներմուծմամբ, մեխանիկորեն դառնալ քաղծառայող՝ տվյալ պաշտոնում, իսկ նախկինում նրանց առջեւ մասնագիտական խիստ պահանջներ դրված չեն եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել