Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՂԹԵԼ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ»

Հունվար 22,2010 00:00

Ըստ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի, եթե չես հաղթում քարոզչական պատերազմում, ապա ցանկացած իրական պատերազմի դեպքում հաղթանակը խիստ կասկածելի է: –

 ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանից առաջ մեր պատվիրակությունում կատարվեց փոփոխություն։ Արդյոք ճի՞շտ եք համարում Զարուհի Փոստանջյանին Արծրունի Աղաջանյանով փոխարինելը եւ այն որոշումը, ըստ որի՝ փոխարինող անդամները լիագումար նիստերին կարող են մասնակցել միայն հիմնական անդամների բացակայության դեպքում։
– Արծրունի Աղաջանյանին պատվիրակության հիմնական կազմում ներառելու առաջարկը, իսկ լիագումար նիստերին եւ հանձնաժողովի աշխատանքներին փոխարինող կազմի մասնակցության հարցը պատվիրակության ղեկավարի առաջարկն էր։ Ես, որպես «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ, ո՛չ մտադրություն եւ ո՛չ էլ, առավել եւս, ցանկություն ունեմ մեկնաբանելու «Օրինաց երկրի» եւ Դավիթ Հարությունյանի առաջարկների եւ պատասխանատվության տիրույթում գտնվող հարցերը։ ԵԽԽՎ պատվիրակությունում ես ներկայացնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ թե՛ լիագումար նիստերին, թե՛ հանձնաժողովների աշխատանքներին բարձրացնում եմ այն խնդիրները, որոնք նախապես քննարկում եմ իմ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։
– ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության թե՛ նախկին ղեկավար Տիգրան Թորոսյանը եւ թե՛ Դավիթ Հարությունյանը գտնում են, որ միջազգային պատվիրակություններում ներկայացված պատգամավորները պետք է առնվազն մեկ-երկու օտար լեզվի տիրապետեն։ Մինչդեռ հայտնի է, որ ՕԵԿ ներկայացուցիչը որեւէ օտար լեզվի բավարար չի տիրապետում։
– Անկախ միջազգային պատվիրակություններում ներկայացված լինելուց կամ չլինելուց՝ օտար լեզվի իմացությունը կարեւոր եւ ցանկալի է։ Բայց պետք չէ դրանից ողբերգություն սարքել, քանզի ԵԽԽՎ-ում պաշտոնական լեզու է նաեւ ռուսերենը, եւ ես չեմ կարծում, որ մեր պատվիրակությունում կան անդամներ, որոնք անգամ ռուսերեն չգիտեն։ Ի վերջո, դու կարող ես հրաշալի տիրապետել անգլերենի կամ ֆրանսերենի, սակայն որեւէ օգտավետ գործ պատվիրակության կազմում չանել։ Ես ելույթներ եմ ունենում կա՛մ ֆրանսերեն, կա՛մ ռուսերեն լեզվով, եւ ես ինքս եմ որոշում որ լեզվով ելույթ ունենալ՝ առանց կողմնակի ցուցումների։
– Երեկ «1news.az»-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Գյուլթաքին Հաջիբայլին անդրադառնալով նրան, որ դուք այս նստաշրջանում եւս պատրաստվում եք քարոզչական նյութեր բաժանել՝ մասնավորապես Ադրբեջանում հայկական մշակութային կոթողների ոչնչացման վերաբերյալ, ասել էր, որ ադրբեջանցիների դեմ փաստեր չունենալով՝ դուք փորձում եք կեղծիքների միջոցով մոլորեցնել եվրոպացի պատգամավորներին։
– Նույն ԵԽԽՎ-ում հրաշալի ծանոթ են ադրբեջանական պատվիրակության եւ մասնավորապես՝ կանանց բատալյոնի գործելաոճին։ Եվ երբ անգամ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հալոցքի թեմայի քննարկման ժամանակ ադրբեջանցիները բացում են զոմբիական իրենց ձանձրալի փաթեթը՝ 20 տոկոս գրավյալ տարածքների, մեկ միլիոն փախստականների մասին, վստահեցնում եմ, բացի քմծիծաղից, Վեհաժողովում ադրբեջանական ագիտպրոպը ոչ մի այլ բան չի առաջացնում։ Երբ ես Վեհաժողովի պատգամավորներին բաժանում եմ բուկլետներ, որտեղ, հղում անելով, օրինակ, «Զերկալո» պարբերականին, հիշեցնում եմ նույն Հաջիբայլիի խոսքերը՝ «Եթե այս պահին Ադրբեջանի հասարակությանը չհաջողվի ազատել Ռամիլ Սաֆարովին հայկական սփյուռքի ձեռքից, ապա հետագայում մենք կպարտվենք ղարաբաղյան պատերազմում», ապա սա անհերքելի փաստ է, որը հստակ բնութագրում է մարդասպաններին պաշտպանող ադրբեջանական քաղաքական էլիտային։ Ես հասկանում եմ, որ նախորդ նստաշրջանում իմ տարածած քարոզչական նյութերը խիստ վրդովեցրել են ադրբեջանական պատվիրակությանը, որոնք շատ երկար տարիների ընթացքում սովոր են եղել, որ իրենց զառանցանքները արժանացել են հիմնականում արհամարհանքի։ Մինչդեռ այսօր, երբ հիմնական պատերազմը տարվում է քարոզչական դաշտում, առաջնորդվել այն տրամաբանությամբ, որ ադրբեջանցիները սուտ եւ կեղծիք են տարածում, որին չպետք է լուրջ վերաբերվել եւ պատասխանել, ճիշտ մարտավարություն չէ։ Եթե դու չես հաղթում քարոզչական պատերազմում, ապա ցանկացած իրական պատերազմի դեպքում քո հաղթանակը խիստ կասկածելի է։
– Մեր տեղեկություններով, պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւս առանձնապես չի ողջունում ադրբեջանական քարոզչությանը պատասխանելու ձեր ընտրած տարբերակը։ Մանավանդ, որ ձեր վերջին ակցիայից հետո ԵԽ գլխավոր քարտուղար Դե Պյուչը նամակով դիմել էր թե՛ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ թե՛ Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահին՝ կոչ անելով երկու պատվիրակություններին ձեռնպահ մնալ իրար հանդեպ ոչ կոռեկտ քայլերից։
– Եթե ես ԵԽ-ի նման հեղինակավոր կառույցին ներկայացնում եմ փաստեր՝ Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում տեղի ունեցած ոճրագործությունների վերաբերյալ, եթե ես ներկայացնում եմ ադրբեջանցի քաղաքական գործիչների արած հայատյաց հայտարարությունները, ապա ամենամեծ երեւակայության դեպքում այդ ամենը դժվար է «ոչ կոռեկտ» քայլ որակելը։ Ինչ վերաբերում է ոմանց մտահոգություններին, ապա ՀՀԿ-ն ԵԽԽՎ պատվիրակությունում ունի երեք անդամ, եւ իրենք ազատ են՝ որդեգրելու այլ աշխատաոճ։ Ինչ վերաբերում է Պյուչի նամակին, ապա եթե Վեհաժողովը գտնում է, որ նիստերի դահլիճում քարոզչական նյութեր բաժանելով՝ ես ԵԽԽՎ կանոնադրություն եմ խախտել, այս անգամ նյութերը կբաժանվեն ոչ դահլիճում։
– Թուրքիայի վարչապետն ու արտգործնախարարը հայտարարեցին, որ Հայաստանի ՍԴ-ի որոշման մեջ իրենք նախապայմաններ են տեսնում, ինչը վտանգում է հայ-թուրքական հարաբերությունների բնականոն գործընթացը, ի՞նչ կարծիք ունեք հայ-թուրքական գործընթացի այս փուլի մասին:
– Թուրքիայի առաջին դեմքերի հայտարարությունները ակնհայտորեն մեկ հստակ նպատակ են հետապնդում՝ անհարկի եւ անլուրջ պատճառաբանություններով ուղղակի ձգձգել արձանագրությունների վավերացումը, ինչը, վստահ եմ, առաջիկայում հստակ արձագանքի կարժանանա միջազգային հանրության կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել