Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵՏԱԿԱՆ ՀՐԱՎԵՐՈՎ ԹԵՀՐԱՆՈՒՄ ԷՐ

Հունվար 22,2010 00:00

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունվարի 20-ին Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի եւ ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիի հետ։ Վկայակոչելով իրանական «Tehran Times» օրաթերթը՝ «news.am»-ը փոխանցում է, թե հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին, Կովկասում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ըստ թերթի, Մոթաքիի հետ հանդիպման ժամանակ մասնավորապես Քոչարյանը հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Իրանի հետ։ Ռոբերտ Քոչարյանը Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը որակել է որպես տարածաշրջանի երկրների կայունությունը եւ անվտանգությունը խաթարող երեւույթ: Նա նաեւ խոսել է տարածաշրջանում անվտանգության եւ տնտեսական զարգացման հարցերում տարածաշրջանային մոտեցումներով առաջնորդվելու անհրաժեշտության մասին՝ ասելով, թե «Կովկասի ճգնաժամերը կարգավորելու՝ օտար տերությունների դեղատոմսերը վնասակար են»:
Թե ով է Ռ. Քոչարյանին լիազորել հանդես գալ Հայաստանի անունից, «news.am»-ը փորձել է ճշտել ե՛ւ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, ե՛ւ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Տիգրան Բալայանից: Վ. Սողոմոնյանը հաստատել է, որ Ռ. Քոչարյանն, իրոք, նման հանդիպում ունեցել է, սակայն ինքը այդ հանդիպմանը չի եղել եւ չի կարող ասել, թե արդյոք նա Հայաստանի անունից հայտարարություններ արե՞լ է: Իսկ Տ. Բալայանն էլ ասել է, որ նման հանդիպման մասին տեղեկատվությունը ճիշտ կլինի ճշտել երկրորդ նախագահի գրասենյակից, որից հետո նրանցից կարելի կլինի պարզել, թե արդյոք նման հայտարարություն Քոչարյանն արե՞լ է:
«Առավոտն» իր հերթին երեկ փորձեց մեկնաբանություններ ստանալ նաեւ ՀՀ գործող նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանից: Նա էլ մեզ հորդորեց սպասել Քոչարյանի գրասենյակի պաշտոնական հաղորդագրությանը, որը, նրա ասելով, հրապարակվելու է այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել