Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՐՃԱՐԱՆԸ ՁՄԵՌՎԱ ՄԵՋ

Հունվար 22,2010 00:00

\"\"Չգիտեմ ինչու, մենք, այսինքն թե՝ մարդ արարածներս, մեր կյանքը թողած անվերջ ուզում ենք ապրել ուրիշի կյանքով: Ի՞նչ կա ավելի հետաքրքիր ուրիշի կյանքում՝ չգիտեմ: Չեմ ուզում բանալու անցքից հետեւել նրանց, քանի որ իմ կյանքն է ինձ հետաքրքիր՝ թերեւս ուրիշների հետ եւ ուրիշների միջեւ, երբ մեր կյանքը ոչ թե միասին ենք ապրում, այլ միասնական: Երեկ երեկոյան սրճարանում մենակ նստած, նայելով անձյուն ձմեռվա մեջ մերկ կանգնած եւ իրենց մերկությունից չամաչող ծառերին, այդպես մտածում էի ես:
Այո, կան գաղտնիքներ, որոնք տարաշխարհիկ խորհուրդ ունեն իրենց ներսում, եւ որոնց մոտենալը նույնն է, թե ցանկանաս մոտենալ մի կնոջ, որը քեզ չի սիրում, դա նույնն է նաեւ, որ տիեզերքը կամ մեր պարզ կյանքը պատված լինի սառույց լեռներով: Պարզ մի օրինակ՝ ինչպես է պատահել, որ ծառերը եւ կանայք միշտ հակառակվում են իրար, սիրելով իրար՝ ընդդիմադիր են. քանի որ, երբ ձմռանը ծառերը մերկանում են՝ կանայք հագնվում են խստիվ, իսկ երբ ծառերը զարդարվում են, կանայք սկսում են մերկանալ… Եվ մենք՝ տղամարդիկս, տեսնելով ու չճանաչելով այդ անբացատրելի խորհուրդը, մեր կյանքը հարմարեցնում ենք, տեղավորում ծառերի եւ կանանց անբացատրելի ներդաշնակության միջեւ: Բոլորովին վերջերս մի գրքում Նիցշեից մի մեջբերում կարդացի, ուր փիլիսոփան ասում էր, թե՝ վրեժխնդրության մեջ կինն ավելի է բարբարոս, քան տղամարդը: Տխուր է, իհարկե, եթե այդպես է, չէ՞ որ կանայք ծառերի քույրերն են, իսկ ծառերը դժվար թե վրեժխնդիր են տղամարդկանց… Եվ ե՞րբ է հայտնվում գերագույն կամքը, տագնապով մտածեցի ես ու վերհիշեցի ինչ- որ երեւելի մեկի միտքը՝ թե մարդ արարածը երբեք անձնատուր չէր լինի ո՛չ հրեշտակին եւ ո՛չ էլ մահվանը, եթե ունենար կամքի զորություն…
Սրճարանում մենակ նստած՝ այսպես մտածում էի, երբ ապակուց այն կողմ, ձմեռային ծառերի ֆոնին հայտնվեց ինձ ծանոթ մի դեմք, եւ ես տեսնելով նրան՝ անմիջապես էլ ետ վերադարձա անվախճանականության առնչությունից ու հասկացա պարզ մի բան. եթե հուսահատ մարդուն մի անգամ օգնում ես, պիտի սպասես պահանջատիրությանը, որն է ճիշտ, որը սխալ՝ չգիտեմ, մի բան գիտեմ, սակայն, հաստատ, որ ոչ թե ուրիշի կյանքով պիտի ապրել, այլ նաեւ ուրիշի համար, քանի որ բոլորիս արյունը կարմիր է եւ արցունքը՝ աղի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել