Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաշինյանին «կորցրել» էին

Հունվար 22,2010 00:00

Երեկ 1,5 ժամ նրան  ո՛չ ԱԱԾ-ի, ո՛չ էլ «Նուբարաշեն» մեկուսարանում գտնել չի հաջողվել

Երեկ, ժամը 18:00-ին, լրանում էր այն վերջնաժամկետը, որը սահմանված էր թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ պատգամավորի ընտրությունները Սահմանադրական դատարանում վիճարկելու հայց ներկայացնելու համար: Հայտնի է, որ թիվ 10-ում պատգամավորի թեկնածու Փաշինյանը որոշել էր ընտրություններն անվավեր ճանաչելու հայցով դիմել ՍԴ, ու, բնականաբար, այդ փաստաթղթի տակ պիտի լիներ նրա ստորագրությունը: Բայց երեկ, ժամը 15:00-ից սկսած, «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղկալանավոր Նիկոլ Փաշինյանի պաշտպանները, հարազատներն ու նախընտրական շտաբի ղեկավարները շուրջ մեկուկես ժամ փնտրում եւ չէին գտնում նրան: Չէ, ֆորմալ առումով նա պիտի գտնվեր ԱԱԾ-ի «Երեւան-Կենտրոն» մեկուսարանում, բայց երբ նրա պաշտպանները ժամանել են մեկուսարան՝ Փաշինյանի հետ տեսակցելու եւ ՍԴ դիմելիք հայցի տակ նրա ստորագրությունն ստանալու, մեկուսարանի ղեկավարությունը նրանց անակնկալ էր մատուցել՝ հայտարարելով, թե Նիկոլը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: «Նուբարաշենում» պաշտպաններին ասել էին, թե Փաշինյանն իրենց մոտ չի տեղափոխվել:
Անորոշությունը ստիպել էր Փաշինյանի նախընտրական շտաբին հայտարարություն տարածել առ այն, որ «մեծամասնական ընտրակարգով թիվ 10 ընտրատարածքում ս.թ. հունվարի 10-ին կայացած ընտրությունների արդյունքները բողոքարկելու գործընթացը հանդիպել է վարչախմբի կողմից կանխամտածված կազմակերպված խոչընդոտի», որ անհրաժեշտ փաստաթղթերը ՍԴ ներկայացնելու վերջնաժամկետից ժամեր առաջ Փաշինյանի փաստաբանները նրան որեւէ կերպ չեն կարողանում գտնել: «Սա ընդամենը համապատասխան բողոքը ՍԴ ներկայացնելուն խոչընդոտելու մանր ժուլիկություն է՝ նկատի ունենալով, որ խնդիրը պետք է լուծվի ժամերի ընթացքում։ Մենք պահանջում ենք անմիջապես հնարավորություն տալ փաստաբաններին Ն. Փաշինյանի հետ հանդիպելու ու փաստաթղթերն ստորագրելու համար»։
Ի վերջո, պաշտպանները «Նուբարաշենում» հանդիպել էին Փաշինյանին, ու պարզվել էր, որ այն ժամանակահատվածում, երբ «Երեւան-Կենտրոն» մեկուսարանում հայտարարել էին, թե Նիկոլը տեղափոխվել է «Նուբարաշեն», վերջինս դեռ գտնվել էր ԱԱԾ մեկուսարանում:
«Առավոտը» երեկ փորձեց նաեւ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանից ճշտել Փաշինյանին ԱԱԾ մեկուսարանից «Նուբարաշեն» տեղափոխելու հանգամանքներն ու պատճառը: Ա. Բաբայանը պնդում էր, թե Փաշինյանի պաշտպանների հայտարարությունները, թե չգիտեն իրենց պաշտպանյալի գտնվելու վայրն ու իրենց թույլ չեն տալիս տեսակցել նրա հետ, իբր, իրականությանը չեն համապատասխանում: Նա նաեւ ասաց, թե Փաշինյանը «Նուբարաշեն» է տեղափոխվել, որովհետեւ ԱԱԾ մեկուսարանում տեղ չկա: Պաշտպան Լ. Սահակյանը սա անհեթեթություն որակեց՝ հավելելով, որ Նիկոլն իր տեղը ԱԱԾ մեկուսարանում ուներ, ու եթե այնտեղ նոր կալանավորների համար տեղ չկար, ապա կարող էին վերջիններիս տեղափոխել «Նուբարաշեն»:
Փաշինյանի պաշտպանները երեկ  հայտարարեցին, թե Փաշինյանին ԱԱԾ մեկուսարանից «Նուբարաշեն» տեղափոխելու որոշումն ու այդ ճանապարհին նրան «կորցնելը» հստակ միտում ունեն: Միայն թե պաշտպան Լուսինե Սահակյանը դժվարացավ ասել՝ Նիկոլը ԱԱԾ-ից «Նուբարաշեն» է տեղափոխվել ՍԴ-ին ներկայացվելիք հայցը ուշացնելո՞ւ,  թե՞ նրա վրա հավելյալ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով: «Առավոտի» հետ զրույցում տիկին Սահակյանը հակված էր կարծելու, որ երկու շարժառիթներն էլ կարող էին զուգակցված լինել:
Իհարկե, ինչպես Փաշինյանի հետ «Նուբարաշենում» տեսակցած պաշտպաններն ասացին, այդ «մանր ժուլիկությունը» քաղկալանավորի վրա որեւէ կերպ չի ազդել. «Նա ճնշված չէր, ավելին՝ տրամադրությունը շատ բարձր էր, իսկ ընտրությունները վիճարկող հայցը ՍԴ հասցրեցինք, իհարկե, սահմանված ժամկետի ավարտից ընդամենը 5 րոպե առաջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել