Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՒՑԵ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՄԵՐ ՏԵ՞ՂԸ ՉԷ

Հունվար 22,2010 00:00

\"\"Ըստ ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանի, որը 2003-2007-ին գլխավորել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը, ներկա զարգացումները հանգեցնելու են այդ հարցադրման բացասական պատասխանին:

– Հաշվի առնելով ԵԽԽՎ-ում Ձեր աշխատանքի փորձը՝ ի՞նչ եք կարծում, արդյոք այն, որ Հայաստանի պատվիրակությունում ընդդիմության մի ներկայացուցիչը փոխադրվեց փոխարինող կազմ, ինչի կապակցությամբ բողոքներն ավելանում են՝ կարո՞ղ է առիթ դառնալ, որ մեր երկիրը դարձյալ հայտնվի այդ կառույցում ձայնից զրկվելու վտանգի առջեւ:
– Կարծում եմ՝ բանը դրան չի հասնի: Թերեւս ուղղակի կզգուշացնեն, որ չի կարելի նման բաներ անել:
Բայց նախ ուզում եմ հիշեցնել, որ դեռ այն ժամանակ, երբ «Օրինաց երկիրը» պատգամավորների թվով երկրորդ խմբակցությունն էր՝ իր ներկայացուցիչը մեր պատվիրակության մեջ փոխարինող կազմում էր: Այսինքն՝ բոլորովին պարտադիր չէ, որ պատվիրակության հիմնական եւ փոխարինող մասերը լինեն ըստ խմբակցությունների պատգամավորների թվաքանակի: Ավելին, Ստրասբուրգում մի փոքր պայմանական է պատվիրակությունների բաժանումը հիմնական եւ փոխարինող մասերի, պատվիրակությունը մեկ ամբողջություն է: Վստահ եմ՝ Հայաստանի նման երկրների համար հատկապե՛ս: ԵԽԽՎ-ն ունի 8 հիմնական հանձնաժողով ու նաեւ՝ Մոնիտորինգի կոմիտեն, եւ ակնհայտ է, որ 4 հոգով գործնականում հնարավոր չէ մասնակցել բոլոր հանձնաժողովների նիստերին, առավել եւս՝ որ դրանք գրեթե միշտ տեղի են ունենում միաժամանակ: Էլ չեմ ասում, որ երբեմն հանձնաժողովներից մեկը նույն օրը նիստ է գումարում Փարիզում, մյուսը՝ Մադրիդում կամ մեկ այլ տեղ: Հետեւաբար՝ հատկապես փոքրաթիվ անդամներ ունեցող պատվիրակությունների համար չափազանց կարեւոր է, որ բոլոր անդամները ներկա լինեն բոլոր նիստերին: Ավելի՛ն ասեմ՝ Վեհաժողովը չի խրախուսում պատվիրակության անդամների արագ փոփոխությունը. կատարվող աշխատանքը բավականին բարդ է եւ պահանջում է նիստերին շարունակական մասնակցություն: Շատ կարեւոր է, որ հանձնաժողովի անդամը ոչ միայն մասնակցի նիստին, այլեւ տեղյակ լինի նախընթաց գործունեությանը:
– Պատճառաբանելով ԱԺ բյուջեի սուղ լինելը՝ փոխարինող անդամներն այս անգամ չեն մասնակցելու ԵԽԽՎ աշխատանքներին: Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ ԱԺ բյուջեում միջոցներ գտնվում են բազմաթիվ այլ նպատակներով՝ ասենք, ԱԺ նախագահի այցերի ժամանակ նրան ընդամենն ուղեկցող պատգամավորների, բայց ոչ ԵԽԽՎ-ում եւ միջազգային այլ կառույցներում լիարժեք գործունեություն ծավալելու համար:
– Տեղյակ չեմ, թե 2010 թվականի համար ինչ սկզբունքներով է ձեւավորվել ԱԺ բյուջեն: Բայց կարող եմ վստահաբար ասել՝ հաշվի առնելով նախընթաց փորձը. միշտ, երբ ձեւավորվել է ԱԺ բյուջեն՝ արտաքին հարաբերություններին վերաբերող ծախսերում պատվիրակությունները հաշվի են առնվել ամբողջ կազմով: Նաեւ հաշվի են առնվել ԵԽԽՎ բոլոր նստաշրջանները եւ դրանց միջեւ ընկած ժամանակահատվածում տեղի ունեցող հանձնաժողովների նիստերը: Եվ սա, կարծում եմ, ճիշտ սկզբունք էր, քանի որ ակնհայտ է՝ եթե երկիրը Եվրոպայի խորհրդի անդամ է եւ խորհրդարանական վեհաժողովում ունի պատվիրակություն, ապա այն պետք է գործի լիարժեք: Ընդ որում՝ պետք է աշխատի ոչ միայն այն հարցերի առնչությամբ, որոնք վերաբերում են Հայաստանին, այլեւ ցանկացա՛ծ երկրի կամ երեւույթի: Յուրաքանչյուր երկրի համար պարտադիր է լիարժեք մասնակցությունը՝ հակառակ դեպքում, սա եւս մի դրսեւորում է, որ երկրի քաղաքական մշակույթում պատկերացումներն ամբողջական չեն մասնավորապես Եվրոպայի խորհրդի վերաբերյալ:
ԱԺ բյուջեի առնչությամբ եւս մեկ հանգամանք. 2006-ի տարեվերջին մենք ունեցել ենք զգալի խնայողություններ, 2007-ին էլ, 2008-ի սեպտեմբերի վերջի տվյալներով՝ նույնպես: Ընդ որում, պատվիրակության անդամները երբեք չեն զրկվել նստաշրջաններին կամ հանձնաժողովների նիստերին մասնակցելու հնարավորությունից: Չեմ կարծում, թե այս տարվա ԱԺ բյուջեն էապես կրճատվել է այդ տարիների համեմատ: Իմ տպավորությունն է, որ այստեղ բյուջեի հետ կապված որեւէ խնդիր չկա եւ ընդհանրապես չպիտի՛ լինի: Կա՛մ մենք իսկապես ԵԽ լիարժեք անդամ ենք, եւ մեր պատվիրակությունը լիարժեքորեն պետք է մասնակցի աշխատանքներին, ուրեմն՝ դրա համար պետք է ապահովենք նվազագույն պայմաններ, կա՛մ պիտի որոշենք՝ արդյոք դա մեր տե՞ղն է, թե՞ ոչ: Ցավոք՝ զարգացումները տանում են դեպի վերջինը:
– Որպես ԱԺ նախագահ՝ ժամանակին սահմանել էիք չափանիշներ, ըստ որոնց՝ պետք է ձեւավորվեին միջազգային կառույցներում Հայաստանի պատվիրակությունները: Ըստ այդմ՝ պատվիրակները պետք է տիրապետեին ռուսերենից բացի եւս մի օտար լեզվի: Բայց ինչո՞ւ այդպես էլ չձեւավորվեց որեւէ կարգ, որ կվերաբերեր պատվիրակությունների ձեւավորմանը եւ գուցե նաեւ դրանց աշխատանքի արդյունավետության գնահատմանը:
– ԵԽԽՎ-ում կատարվող աշխատանքի վերաբերյալ Հայաստանում շատ-շատերի պատկերացումները, ցավոք, չեն անցնում լիագումար նիստում մեր պատվիրակության անդամների ելույթներից այն կողմ: Ընդ որում՝ հատկապես այն ելույթներից, որոնք վերաբերում են ադրբեջանցիների հետ ցեխարձակումներին: Սա բացարձակապե՛ս թյուր պատկերացում է: Ասեմ, որ հիմնական աշխատանքը հանձնաժողովներում է: Այս առումով կարեւոր է նաեւ լեզուների իմացության հարցը. փաստաթղթերը տրվում են միայն անգլերեն ու ֆրանսերեն՝ պաշտոնական լեզուներով: Ելույթների համար, իհարկե, կարելի է օգտագործել աշխատանքային լեզուները. անգամ ավելին՝ կարող ես թարգմանիչ տանել ու ելույթ ունենալ քո մայրենի լեզվով: Բայց սա չէ էականը. ամենակարեւորը փաստաթղթերի վրա աշխատանքն է: Իսկ այս դեպքում պաշտոնական երկու լեզուներից գոնե մեկին փաստաթղթերի վրա աշխատելու մակարդակով տիրապետելը պարզապես անհրաժեշտ է: Հակառակ դեպքում՝ պատվիրակը չի կարող լիարժեքորեն աշխատել հանձնաժողովում:
Բայց պատվիրակությունը պիտի ձեւավորվի, մասնավորապես, ըստ ԱԺ-ում գործող քաղաքական ուժերի համամասնության, հետեւաբար՝ խմբակցությունների առաջարկների հիման վրա, եւ այստեղ դժվար է ներկայացնել շատ մեծ պահանջներ: Պետք է անկեղծ լինել՝ ընտրությունն էլ առանձնապես մեծ չէ, եւ սա ակնհայտորեն երեւում է ոչ միայն ԵԽԽՎ-ին առնչվող աշխատանքներում: Բայց մեկ այլ հանգամանք էլ կա՝ ի վերջո, ԱԺ նախագահը ելնելով ինչ-ինչ չափանիշներից՝ կարող է խնդիրը քննարկել խմբակցությունների ղեկավարների հետ, ու լավ կլինի՝ նախօրոք: Այլապես դժվար է ուղղակի պարտադրել եւ սահմանել կոշտ չափանիշներ կամ փաստաթղթով արձանագրել մոտեցումներ:
Ինչ վերաբերում է աշխատանքի գնահատմանը, ապա իհարկե՝ կարեւոր են պատվիրակության տեխնիկական տվյալները, թե քանի ելույթ է եղել, քանի առաջարկ ներկայացվել ու անցել եւ այլն: Բայց մի հանգամանք կա, որը թերեւս ավելի խոսուն է պատվիրակության աշխատանքի արդյունավետության տեսակետից. շատ կարեւոր է, թե պատվիրակության գործունեության ընթացքում ինչ օրենքներ են ընդունվել կամ օրենսդրական փոփոխություններ արվել՝ ԵԽ հետ համագործակցության արդյունքում: Ի վերջո, համագործակցության արդյունավետությունը կարեւոր է նրանով, թե երկրում իրավիճակն ինչպես է փոխվում (անշուշտ, դա չի արվում միայն օրենքներ ընդունելով՝ կարեւոր է նաեւ դրանց կիրառման հարցը): Պատվիրակությունը ոչ այնքան ԵԽԽՎ-ում Հայաստանի շահերը պաշտպանելու խնդիր ունի, քանի որ այս կառույցը նպատակ չունի մեր երկրի նկատմամբ դիվերսիաներ անելու, ինչպես ոմանք կարծում են, որքան մեր իրավիճակն ու խնդիրները ճիշտ ներկայացնելու եւ համագործակցության՝ ԵԽ անդամ երկրների փորձի ու փորձագետների հնարավորություններն օգտագործելու Հայաստանում իրավիճակը բարելավելու համար: Սա՛ է ամենակարեւորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել