ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը խորհուրդ է տալիս Թուրքիային այլ տեղ չփնտրել իր իսկ ուսերին նստած կատուն:
– ՍԴ հայտնի որոշումից հետո թուրքական կողմը ակտիվորեն հայտարարություններ է անում այդ որոշման դեմ եւ այն հարցերում, որոնցում մենք մեղադրում ենք թուրքերին, որ փորձում են նախապայմաններ ներկայացնել եւ այլն, նրանք սկսել են նույնն անել մեր հասցեին: Չե՞ք կարծում, որ ճիշտ կլիներ, եթե մենք ի սկզբանե կոշտ դիրքորոշում ունենայինք, որպեսզի այսօր թուրքերն այսքան չակտիվանային:
– Հայկական կողմը մշտապես շատ հստակ եւ կոշտ դիրքորոշում է ունեցել, եւ պատահական չէ, որ արձանագրությունների ստորագրումից ժամեր առաջ, հոկտեմբերի 10-ին, նախագահ Սարգսյանը հանդես եկավ ուղերձով, որտեղ նշեց, որ ոչ Ցեղասպանության խնդիրը, ոչ Ղարաբաղի հարցը քննարկման առարկա չեն, ոչ էլ պատմաբանների հանձնաժողովի հարց կա, եւ ոչ էլ սահմանների բացումը այս կամ այն պայմանագրի կրկնությունն է եւ որեւէ կապ չունի 20-րդ դարի սկզբում կնքված պայմանագրերի հետ: Այս առումով Սահմանադրական դատարանը տվել է նախագահի քաղաքական ուղերձի իրավական ձեւակերպումը: Եվ այստեղ նոր բան չկա: Եթե թուրքերը վերապահում ունեին, ապա այդ մասին կարող էին արտահայտվել եւ չստորագրել արձանագրությունները, իսկ եթե ստորագրել են, ապա թող բարի լինեն կատարել իրենց պարտավորությունները: Ավելին, հայկական կողմը այս մեկուկես տարվա ընթացքում մշտապես ապացուցել է, որ հավատարիմ է իր պարտավորություններին, եւ պատահական չէ, որ ՍԴ-ի որոշումն արհեստականորեն չձգձգվեց, վճիռը կայացվեց նույն օրը, այն դեպքում, երբ ՍԴ-ն իրավունք ուներ օրենքով սահմանված կարգով մինչեւ փետրվարի 20-ը ձգձգել հարցի լուծումը: Նույն Թուրքիան մինչեւ այժմ արձանագրությունների վավերացման հարցը ձգձգում է, նրանք պետք է քննարկեին դեկտեմբերի 7-ին, չարեցին եւ դեռ փորձում են ժամանակը ձգել: Իսկ Հայաստանը ոչ միայն չի ձգձգել, այլեւ ավելին՝ ասել է, որ պատրաստ է ստանձնել իր պարտավորությունները: Թուրքիան վերջերս բավականին նյարդայնացած է, որովհետեւ շահեկան դիրքերում չի գտնվում: Պատահական չէ, որ ի պատասխան Թուրքիայի ուլտիմատումների, արդեն երեւում են առաջին ճնշումները: Եվ դրանք առաջին ծիծեռնակներն են, Մեծ Բրիտանիայի խորհրդարանում իռլանդացի եւ շոտլանդացի պատգամավորների կողմից հնչեցված կոչը՝ Ցեղասպանության ճանաչման մասին, ԵՄ անդամ Բուլղարիայի նախարարի կողմից 20 միլիարդ դոլարի փոխհատուցում պահանջելու մասին ելույթը, ինչպես նաեւ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի օրակարգում մտցնելը պատահական չեն: Պատահական չեմ համարում նաեւ այս պահին ակտիվացած թուրք-իսրայելական խնդիրները:
Ավելին, Թուրքիան խնդիրներ ունի նաեւ քրդական հարցի հետ կապված: Այս ամենը չէր կարող չնյարդայնացնել Էրդողանին: Մանավանդ՝ վերջին մի քանի օրվա ընթացքում այդ երկիրը երկու անգամ ապտակ ստացավ Ռուսաստանից: Նախ, համատեղ ասուլիսում վարչապետ Պուտինը հայտարարեց, որ ԼՂ հարցը եւ Թուրքիա-Հայաստան հարցը չեն կարող լինել մեկ կաթսայում: Երկրորդը՝ ընդամենը երկու օր առաջ Թուրքիայում ՌԴ դեսպանը հայտարարեց, որ Ռուսաստանը չի պատրաստվում ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի հայկական ինքնապաշտպանական զորքերը դուրս գան ազատագրված տարածքներից: Սա շատ հստակ ցույց տվեց, որ Թուրքիայի ցանկությունները՝ ճնշել Հայաստանին, չեն իրականանում: Ընդամենը Էրդողանին խորհուրդ կտայի, որ ցինիկ արտահայտություններից զերծ մնար եւ կատարեր միջազգային իր պարտավորությունները, մութ սենյակում կատու չփնտրեր, մանավանդ, երբ այդ կատուն իր ուսերին է:
– Այս՝ որոշ իմաստով լարված իրավիճակը որքանո՞վ կարող է պայթյունավտանգ լինել մեզ համար՝ մասնավորապես եւ տարածաշրջանի համար՝ ընդհանրապես:
– Տեսականորեն ոչինչ բացառել չի կարելի, բայց գործնականորեն բացառում եմ ռազմական որեւէ զարգացում, ինչը հստակ ընդգծել է ԵԱՀԿ նախարարների կոմիտեի հայտարարությունը, որին, չնայած իր ռազմատենչ հայտարարություններին, միացել է Ադրբեջանը: Պետք չէ մոռանալ, որ պատերազմը Ադրբեջանը մեկ անգամ արդեն սկսել է, եւ ողջ աշխարհը տեսավ, թե դա ինչ տխուր ավարտվեց այդ երկրի համար: