Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿՈՃԱՊՂՊԵՂԸ՝ ՍԻՐԱԽԱՂԵՐԻ ԽԹԱՆ

Հունվար 21,2010 00:00

\"\"Այս համեմունքը սեռական ցանկություն է առաջացնում, վերացնում հոգնածությունն ու սթրեսը

Շատերն են երազում ակտիվ եւ բազմազան սեքսի մասին, սակայն այդ ամենին խանգարում են առօրյա հոգսերն ու ծանր աշխատանքից առաջացած նյարդային լարվածությունը: Պարզվում է, եթե կանայք սկսեն ուսումնասիրել համեմունքների ցանկը, ապա կարող են իրենց կողակցին, զուգընկերոջը սիրային խաղերին մղելու հարցում լուրջ արդյունքների հասնել: Օրինակ՝ վերջին տարիներին հայ կանանց խոհանոցում առավել օգտագործվող կոճապղպեղ (ռուսերեն՝ ՌՎոՌՐՖ, անգլերեն՝ ginger) համեմունքը (նկատենք, որ օգտագործվում է այս բույսի միայն արմատը՝ թարմ, մարինացված, չորացված, շաքարած վիճակներում) հրաշքներ կարող է գործել:

Կոճապղպեղի հրաշագործությունների մասին վաղուց է հայտնի: Օրինակ, 19-րդ դարի բժիշկները ստեղծել են այդ արմատով պատրաստված «հարեմի սառնաշաքար», որի միջոցով ազնվազարմ կանայք հեշտությամբ գայթակղում էին ցանկացած տղամարդու: Իսկ պորտուգալացիները դրանով պատրաստված ուտեստներն օգտագործել են իրենց ստրուկների ակտիվ բեղմնավորման եւ բազմացման համար: Ճապոնացիներն էլ, տղամարդուն նվիրված տոնի առթիվ, իրենց ճաշացանկում անպայման կոճապղպեղով որեւէ ուտեստ են պատրաստում, քանի որ այն ասոցացվում է սեքսուալ տղամարդու հետ: Նկատենք, որ ճապոնական խոհանոցի՝ աշխարհին ամենահայտնի կերակրատեսակի՝ սուշիների հետ պարտադիր մատուցվում է մարինացված կոճապղպեղ, որը թարմացնում է քիմքը՝ ձկնային ուտեստներից հետո:

Մոմերով զարդարված սենյակում, գեղեցիկ երաժշտության հնչյունների ներքո անհամբեր սպասում եք ձեր զուգընկերոջը, բայց սիրելին աշխատանքից հոգնած եկել է տուն ու, կարելի է ասել, սեքսի հավես չունի, տագնապի մեջ մի ընկեք: Եթե չեք կարող մերկապարով նրա մեջ սեքսի ցանկություն առաջացնել, ապա ամենահեշտ միջոցը կոճապղպեղով թեյ հյուրասիրելն է: Այդ թեյը ձեր փոխարեն ամեն ինչ կանի: Ամեն ինչ ասելով՝ նկատի ունենք միայն սեռական ցանկություն առաջացնելը, մնացած հաջողությունների համար հույսներդ ձեր վրա դրեք: Կոճապղպեղով թեյը կվերացնի մտավոր եւ ֆիզիկական հոգնածությունը, բացի այդ՝ կվերականգնի ձեր զուգընկերոջ ուժերը սեքսուալ հետագա «սխրանքների» համար:

Դուք համեղ ընթրիք եք պատրաստել, գեղեցիկ զգեստ հագել եւ անհամբեր սպասում եք բուռն, կրքոտ համբույրների: Սակայն ձեր սիրելին լավ չի մարսել ընթրիքը, տառապում է ստամոքսի ցավից ու չի հիացել ձեր գեղեցիկ ներքնազգեստով՝ մի նեղվեք: Կրկին ձեզ օգնության կհասնի հրաշագործ բուսարմատը: Նման ընթրիքների դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս մատուցել կոճապղպեղով պատրաստված բլիթներ, այն նպաստում է մարսողությանը եւ արագ վերացնում ստամոքսի ցավը: Կոճապղպեղի արմատից պատրաստված բլիթներն ու թեյը լավագույնս պայքարում են նաեւ ավելորդ քաշի դեմ:

Շատ հաճախ ցուրտ եղանակներին կրքոտ սեքսով զբաղվելուն խանգարում է հարբուխը: Ասենք, դուք ուզում եք գրկել ձեր զուգընկերոջը, համբուրել, բայց նրա քթից անընդհատ հոսում է, նա էլ, փոխանակ ձեր համբույրներին պատասխանի, գլուխն է թեքում, որպեսզի քիթը մաքրի: Այս իրավիճակում խեղճը նույնիսկ համբուրվել չի ցանկանա, էլ ուր մնաց սեքսով զբաղվել: Այդ տհաճ ու անհարմար իրավիճակից ձեզ կրկին կփրկի իմբիրով թեյը, որովհետեւ այն պարունակում է այնպիսի եթերային յուղեր, որոնք իմունային համակարգը «խելքի են բերում»:

Կնոջ համար վիրավորական է, երբ սիրելին մոռանում է զանգել եւ հաճելի խոսքեր ասել: Բայց եթե նա մոռանա ձեր անունը եւ մեկ այլ անունով դիմի, դա արդեն լուրջ խնդիր է: Հնարամիտ տղամարդը նման դեպքում գոնե «փիսիկս» կամ «անուշիկս» կասի: Եվ որպեսզի ձեր սիրելիի «մտքից չթռնեք»՝ նրան պարբերաբար կոճապղպեղով թեյ եւ ուտեստներ հյուրասիրեք: Այս արմատը վերականգնում է հիշողությունը եւ նպաստում ուղեղի արյան շրջանառությանը:

Կա մի փոքրիկ «բայց». կոճապղպեղի համը հնարավոր է դուր չգա ձեր զուգընկերոջը, քանի որ այն բավականին սուր է, նույնիսկ՝ կծու: Սակայն այս հարցում էլ կանայք կարող են դիմել խորամանկության՝ կոճապղպեղ հյուրասիրել ամուսնուն՝ նրա իսկ մոր միջոցով, ում պատրաստած կերակուրները ձեր ամուսնու համար աշխարհի ամենահամովն են: Եթե սկեսրոջ մոտ պարբերաբար նշեք այդ համեմունքի օգտակարության մասին՝ ապա ոչ միայն ինքը հաճույքով կօգտագործի, այլեւ անպայման այն որդու ճաշացանկում կներառի: Բայց եթե ձեր սկեսուրը ձեր կյանքը պարբերաբար «դժոխքի» է վերածում՝ կոճապղպեղի քանակությունը նրա սննդակարգում սահմանափակեք, քանի որ այն նաեւ երկարակեցությանն է նպաստում:

Ամուսնուն այդ կծու համին վարժեցնելու համար նախ սկսեք կոճապղպեղի քաղցր չրից՝ երեկոյան միասին հեռուստացույց դիտելիս կոճապղպեղի սառնաշաքարը ախորժակով եւ մեծ բավականությամբ ծամեք. դա նրան կհետաքրքրի, ինքն էլ կհամտեսի: Գուցե սկսեք կոճապղպեղի գարեջրից՝ հայտնի ginger-ale-ից, որը անգլիացիների սիրած խմիչքներից է: Բայց հիշեք՝ եթե ձեր ամուսինը գործուղման է մեկնելու, երբեք նրա իրերի հետ չդնեք կոճապղպեղով քաղցրավենիք, հակառակ դեպքում՝ նա օտար ափերում ստիպված կլինի «լեւի» գնալ:

Այսօր այս արմատը ձեռք բերելը խնդիր չէ, վաճառվում է քաղաքի գրեթե բոլոր սուպերմարկետներում: Էլ ավելի հասանելի է չորացած արմատի փոշին, որը շատ է սազում հավով ուտեստների հետ: Կոճապղպեղի թարմ արմատը կարելի է օգտագործել տարբեր ձեւերով. այն մաքրեք, քերեք քերիչով, լցրեք չոր թխվածքաբլիթի (պեչենի) խմորի մեջ, կամ քերած արմատի վրա լցրեք եռացրած ջուր եւ թուրմը խմեք, օգտագործեք աղցանների մեջ…:

Հիշեցնենք միայն, որ հրաշագործ համեմունքը հակացուցված է ստամոքսի խոցի դեպքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել