Մոսկվայում ընթացող ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկության «Համագործակցության գավաթ» մրցաշարը շարունակվում է առանց Հայաստանի չեմպիոն «Փյունիկի»:
Նախնական փուլի վերջին խաղում մեր ֆուտբոլիստները կրեցին երրորդ անընդմեջ պարտությունը՝ այս անգամ 1:6 խոշոր հաշվով զիջելով Մոլդովայի «Դաչիային»: Սակայն Հայաստանի թիմը դրանից առաջ էլ արդեն զրկվել էր պայքարը քառորդ եզրափակիչում շարունակելու հեռանկարից:
Արդեն գրել ենք, որ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը օրերս ասուլիսում հայտարարել էր, որ թիմը Մոսկվա մեկնել է երկրորդ կազմով եւ մարզչական կազմը նպատակ ունի գործում տեսնել փորձաշրջան անցնող 18 լեգեոներականներին: Այնպես որ, այս պարտությունները հայ ֆուտբոլասերների համար այնքան էլ ցավալի չպետք է լինեն: