Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շախմատը՝ Սիսիանում

Հունվար 21,2010 00:00

Սիսիանում շախմատ մարզաձեւի հաջողությունների մասին հաճախ կարելի է լսել: Տարիներ շարունակ քաղաքում շախմատի խմբակներ են եղել, իսկ 2006 թվականից Սիսիանի շախմատի դպրոցը սկսել է գործել որպես շախմատի ակադեմիայի մասնաճյուղ: Բացի դպրոցից, այսօր նաեւ միջնակարգ դպրոցներից մեկում հատուկ շախմատի խմբակ կա: Ի՞նչ ապագա ունի շախմատը Սիսիանում, քայլեր ձեռնարկվու՞մ են քաղաքում մարզաձեւի զարգացման համար: Շախմատի դպրոցի տնօրեն Համլետ Մինասյանի խոսքով՝ այսօր Սիսիանում շախմատը ոչ միայն պահպանվում, այլեւ զարգանում է, ամեն տարի բազմաթիվ մրցաշարեր են լինում. Սիսիանում Սյունիքի մարզի պատանիների առաջնություն, Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-ամյակին եւ Վուրգ Ոսկանյանին նվիրված մրցաշարեր են անցկացվում: Շախմատի դպրոց շուրջ 50 աշակերտ է հաճախում: Տնօրենը հպարտությամբ նշում է. «Ամեն տարի Սյունիքի մարզում դպրոցը պարտադիր պատանիների 2-3 չեմպիոն է տալիս, միջինից բարձր ցուցանիշներ ենք ունենում: Այս տարի Հենրիկ Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված մրցաշարում մեր դպրոցից Սեւակ Եղյանն ու Դավիթ Բաբաջանյանը 4,5 եւ 5 միավոր վաստակեցին: Սիսիանում անցկացված դպրոցականների օլիմպիադայում 3-րդ միջնակարգ դպրոցը, որը հիմնականում մեր դպրոցի սաներով է համալրված, գրավեց առաջին տեղը»:

Հ. Մինասյանը նշեց նաեւ, որ դպրոցին այսօր միայն ջեռուցումն է պակասում, որն էլ մոտ ապագայում Սիսիանի քաղաքապետն է խոստացել լուծել, իսկ գույքային խնդիրներ չկան. ֆեդերացիան ամեն պայման ապահովել է: Տնօրենն ընդգծում է, որ հանրակրթական դպրոցներում ծրագրերի բարդացումը առաջ է բերել մեկ այլ խնդիր. երեխաները շախմատ խաղալու ժամանակ գրեթե չեն ունենում: «Միայն էնտուզիաստներն են մնում»,- ասում է Համլետ Մինասյանը:

Սիսիանում մարզաձեւի զարգացման մասին մի փոքր այլ կարծիք ունի թիվ 2 միջնակարգ դպրոցի շախմատի խմբակի մարզիչ, 1998-2003 թվականների շախմատի դպրոցի տնօրեն աշխատած Ալիկ Հարությունյանը: Անվճար հիմունքներով գործող այս խմբակում 25 աշակերտ կա: Ա. Հարությունյանը գտնում է, որ 2003 թ.-ից հետո մարզաձեւը քաղաքում դադարել է զարգանալ: Նա պնդում է, որ միայն իր սաներն են կարողանում արդյունքների հասնել. «Սիսիանում շախմատը ամուր հիմքերի վրա է եղել 1998 թվականին, իմ երեխաները մասնակցել են աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին, եղել Իսպանիայում, Հունաստանում, Հարավսլավիայում անցկացված մրցումներին: 2009-ին իմ սաներից Սուրեն Գեսյանը հանրապետությունում մինչեւ 10 տարեկանների խմբում գրավեց 2-րդ տեղը եւ իրավունք ստացավ Իտալիայում մասնակցելու Եվրոպայի պատանիների առաջնությանը: Իսկ շախմատի դպրոցի ոչ մի սան 2003-ից հետո ոչ մի տեղ չի գրավել»: Նշենք, որ Ա. Հարությունյանը մի շրջան որպես մարզիչ աշխատել է նաեւ Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցում, բայց որոշ ժամանակ անց հիասթափվել է ու մարզադպրոցն էլ լքել: «Այդ դպրոցում միայն վոլեյբոլի մասին էին մտածում: Տնօրենն ասում էր՝ ինձ որակ պետք չի, ինձ քանակ է պետք»,- նշում է Ա. Հարությունյանը: Եթե ֆեդերացիան շախմատի դպրոցում հոգում է գույքային եւ այլ խնդիրներ, ապա միջնակարգ դպրոցում գործող այս խմբակին անհրաժեշտ են համապատասխան սեղաններ, ժամացույցներ ու համակարգիչ: «Նոր գրականություն չունենք՝ շատ թանկ է, աշխատում ենք հին գրքերով: Բայց շախմատն արվեստ է, որն օրեցօր զարգանում է: Եթե միջոցներ լինեն, արդյունքներ կլինեն, բայց մի կերպ գումար եմ հայթայթում, որ երեխաները կարողանան մրցումների գնալ»,- սրտնեղում է մարզիչ Ա. Հարությունյանը: Նրան հուսադրում է միայն այն, որ երեխաները չափազանց մեծ հաճույքով են պարապմունքների հաճախում:

Մեր զրուցակիցներից հետաքրքրվեցինք, թե դպրոցի ու խմբակի շախմատիստների միջեւ երբեւէ մրցում կազմակերպվե՞լ է: Դպրոցի տնօրեն Հ. Մինասյանը գտնում է. «Իմաստ չեմ տեսնում այդպիսի հանդիպումների, ավելորդ կրքեր են բորբոքվում»: Ա. Հարությունյանը եւս նման հանդիպման կարիք չի զգում, վստահ է՝ իր աշակերտները հաղթող են լինելու:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել