Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎՊՄԻ-ն 40 տարեկան է

Հունվար 21,2010 00:00

2009-ը նշանավորվեց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ) համար. լրացավ բուհի հիմնադրման 40-ամյակը։ Տարվա ընթացքում պարբերաբար միջոցառումներ էին կազմակերպվում` նվիրված այս առիթին, իսկ երեկ տարելիցը հանդիսավորությամբ նշվեց Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում, ուր ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Վլադիմիր Խրուլյովը, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մարզային եւ քաղաքային իշխանություններ, ՀՀ բուհերի ռեկտորներ, ՎՊՄԻ-ի ուսանողադասախոսական կազմը, շրջանավարտներ, հյուրեր։ Միջոցառումն սկսվեց ՀՀ օրհներգով, ապա առաջին անգամ հնչեց նաեւ ՎՊՄԻ-ի հիմնը՝ բուհի եռգչախմբի կատարմամբ։ ՎՊՄԻ-ի ռեկտոր բ.գ.դ. պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը խոսեց բուհի 40-ամյա պատմության հիշարժան դրվագներից, տարբեր ասպարեզներում հաջողություններ գրանցած շրջանավարտներից, հիշատակեց բուհի պատմությունը կերտած անհատներին, անդրադարձավ ձեռքբերումներին, խնդիրներին ու հետագա ծրագրերին: ՎՊՄԻ-ում գործում է եռաստիճան կրթական համակարգ, որտեղ ուսանում են 5042 բակալավր, 156 մագիստրանտ եւ 1 տասնյակ ասպիրանտ, գիտակրթական գործընթացն էլ իրականացնում են 5 ֆակուլտետներ ներկայացնող 22 ամբիոններ՝ 400 դասախոսներով։ 40 տարիների ընթացքում բուհը տվել է ավելի քան 22 հազար շրջանավարտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել