Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բրիտանական շունչը կթեւածի

Հունվար 21,2010 00:00

\"\"Մեկ շաբաթ շարունակ Երեւանի պետական գեղարվեստի ակադեմիայի ցուցասրահում բրիտանական շունչը կթեւածի: Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ երեկ ակադեմիայի «Ալբեր եւ Թովե Բոյաջյաններ» ցուցասրահում ներկայացվեցին խորհրդի մոտ 60 տարիների գործունեության ընթացքում ձեռք բերված աշխատանքները: Ցուցանմուշների հեղինակները ոչ միայն 1950-ականների վաստակավոր նկարիչներ էին, այլեւ երիտասարդ ժամանակակից ստեղծագործողներ: Խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանի խոսքով, նման ցուցադրություն առաջին անգամ է կազմակերպվում. «Ավելի քան 60 տարի Բրիտանական խորհուրդը հավաքում է արվեստի տարբեր աշխատանքներ՝ աշխարհին ճանաչելի դարձնելու բրիտանացի նկարիչների, դիզայներների եւ արվեստի գործիչների հաջողությունները: Հավաքածուն կազմված է 8000 գործերից: Այն չունի մշտական ցուցադրության վայր, դիտարկվում է որպես «Թանգարան առանց պատերի»: Այս ցուցադրությունը բացառիկ է նրանով, որ առաջինը ներկայացվեց Հայաստանում»:

Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը համոզված է, որ այս ցուցադրությունը հատկապես ակադեմիայի ուսանողների համար օգտակար է. «Նորահայտ եւ վաստակավոր արվեստագետների գործերի համադրությամբ կազմակերպված ցուցադրությունը երիտասարդ ստեղծագործողներին ուսանելի է, հավաքածուն բավականին հարուստ է ոչ միայն քանակական առումով, այլեւ արվեստագետների գրաֆիկական հնարանքներով»: Տիկին Սարիբեկյանը նշեց, որ, ցուցահանդեսին զուգընթաց, ակադեմիայի ուսանողների համար հայ արվեստագետները կանցկացնեն դասախոսություններ՝ նրանց բրիտանական արվեստի առանձնահատկություններին եւ հնարանքներին ծանոթացնելու համար: Առաջիկայում բրիտանացի արվեստագետների գործերը կներկայացվեն Վրաստանում, Ադրբեջանում եւ Ուկրաինայում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել