Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՀՏ-ՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԴԵՌ ՀՈԲԻ՞ Է

Հունվար 21,2010 00:00

Կամ՝ ի՞նչ է բացահայտում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող ստուգատեսը

«Թվային տեխնիկական միջոցները՝ արդյունավետ կրթության գործիքներ». երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց այս խորագրով ամենամյա ստուգատեսը: Առաջիկա 3 օրերի ընթացքում կրթահամալիրի կազմում գործող տարբեր կրթական օղակներում կրթահամալիրի, ՀՀ մարզերի ու Վրաստանի տարբեր դպրոցների ուսուցիչներ ՏՀՏ ոլորտում իրենց ունեցած փորձով կփոխանակվեն միմյանց հետ: «Մխիթար Սեբաստացիի» սաները, ծնողներն ու ուսուցիչներն էլ ներկայացրին ՏՀՏ գործիքների միջոցով իրենց պատրաստած նյութերը: Իսկ արդեն ստուգատեսի փակմանը՝ շաբաթ օրը, տարբեր անվանակարգերում դրանք կարժանանան մրցանակների: Էլեկտրոնային գրատախտակը կամ, ինչպես կրթահամալիրում են ասում՝ խելատախտակը, համակարգիչն ու լուսանկարչական ապարատը ստուգատեսի կարեւոր «մասնակիցներն» էին, դրանք ամեն պահ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների ձեռքին էին: Չնայած այս կրթահամալիրում ՏՀՏ գործիքները, որքան որ հնարավոր է, ներդրված են կրթական գործընթացում, սակայն կան բազում դպրոցներ, որտեղ համակարգչային դասարանը դեռ շարունակում է «փակի տակ» պահվել, իսկ համակարգչի կիրառումը սահմանափակվում է ինֆորմատիկա առարկայի դասաժամով:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանից հետաքրքրվեցինք՝ այդ բացթողումը նյութատեխնիկական բազայի ոչ լիարժեք լինելու հետեւա՞նք է, թե՝ հասարակական գիտակցությունը դեռ պատրաստ չէ դրան: Նա պատասխանեց. «Երկուսը միասին: Չկա դրա արժեւորումը, պահանջը, կարեւորությունը: Դա դիտվում է որպես «պիրոժնի», իբր կա գիտելիք, ակադեմիական գործ, որն առանց այս նոր տեխնոլոգիաների օգտագործման էլ էր արվում: Սա, իհարկե, վատ իմացության, կամ չիմացության արդյունք է»: Մանրամասնելով ասվածը՝ պարոն Բլեյանը նկատեց. «Կա երկու մոտեցում՝ մեկի համաձայն, ՏՀՏ-ին տրամադրել են հատուկ առարկա, անունը դրել ինֆորմատիկա, տվել սենյակ, որը փակի տակ է, ինչ-որ ՏՀՏ մասնագետ, իսկ մնացած ուսուցիչները, առարկաները, ընդհանուր ուսումնական գործընթացը դրանից դուրս են մնացել: Այսինքն՝ ՏՀՏ-ների կիրառումը օտար լեզուների պես առարկա է դարձել, ինչը արդյունավետ չէ, քանի որ չի գործածվում: Կամ սովորողը չի սովորում, կամ էլ շուտ մոռանում է, ով էլ չի մոռանում, ապա դրա համար նա դպրոցին չէ պարտական, այլ ընտանիքին, լրացուցիչ կրթությանը»: Խոսելով կրթահամալիրում ՏՀՏ-ների կիրառման մթնոլորտից՝ զրուցակիցս նշեց. «Մեր հեղինակային մանկավարժության դեպքում մեդիան, թվային տեխնոլոգիաները գործիք են ուսուցչի ձեռքին: Այդ գործիքը վերաբերում է բոլոր առարկաներին: Այսինքն՝ կրթահամալիրը մի մեդիա աշխարհ է, ինչը կրթությունն ավելի գրավիչ եւ արդյունավետ է դարձնում: Անցյալ տարի մենք ունեինք 70-ից ավելի, այժմ 400-ից ավելի աշխատանք, անցյալ տարի մասնակցում էր երեխաների մեկ խումբ, այժմ համարյա բոլոր երեխաները, այն ժամանակ մասնակցում էին փոքր թվով ուսուցիչներ, այժմ՝ մեծ: Անցյալ տարի մասնակցում էր 2-3 դպրոց, հիմա ոչ միայն ՀՀ մարզերը, այլեւ՝ Վրաստանից պատվիրակություն: Իսկ արդեն ստուգատեսի փակման օրը տեսակոնֆերանսով ստուգատեսին կմիանան մեր արտասահմանյան գործընկերները»:

«Առավոտը» զրուցեց նաեւ ստուգատեսին մասնակից ՀՀ մարզերի տարբեր ներկայացուցիչների հետ: Օրինակ՝ Շիրակի մարզի Կամո գյուղի Հովհաննես Շիրազի անվան միջնակարգ դպրոցի համակարգչային օպերատոր Նելլի Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք լա՞վ է գործում իրենց գյուղում ինտերնետ կապը, քանի՞ համակարգիչ ունեն, ինչպե՞ս են կազմակերպում համակարգչի հետ աշխատանքը, արդյոք այն օգտագործվո՞ւմ է նաեւ այլ առարկաներ դասավանդելիս: Զրուցակիցս պատասխանեց. «Ինտերնետը լավ չի գործում, առավոտյան կապը շատ վատ է, հետո մի քիչ լավանում է, կրկին կորչում: Ընդհանուր էլեկտրոնային փոստ ունենք, բայց հաճախ նամակները մեկ շաբաթ ուշացումով ենք կարդում, քանի որ կապը լավը չէ: Հիմնականում երեխաները հաղորդակցվում են համակարգչին՝ ինֆորմատիկայի ժամերին, ունենք ընդամենը 6 համակարգիչ: Մյուս առարկաների ուսուցիչների մեծամասնությունը համակարգչից օգտվել չի կարողանում, ուստի դիմում են մեզ, որ իրենց ցանկացած նյութերը գտնենք ինտերնետից»:

Շիրակի մարզի Հովիտ գյուղի դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Մարիամ Սերոբյանն էլ նշեց. «Դպրոցում ունենք ընդամենը 3 համակարգիչ: Քանի որ երեխաներից շատերը տանը համակարգիչ չունեն՝ ուստի ուսուցչի համար են նաեւ դժվարություններ առաջանում, քանի որ հաջորդ դասին գալիս են համարյա նախորդից ոչինչ չհիշելով, ուստի ստիպված եմ կրկին անդրադառնալ նախորդ դասին: Իսկ ուսուցիչների 10-ից 3-ն է տիրապետում համակարգչին»:

Շիրակի մարզի Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցի ռեսուրս կենտրոնի ղեկավար Սյուզաննա Սրապյանն էլ ասաց. «Ինտերնետ կապից դժգոհ ենք, համակարգիչներն այնքան էլ շատ չեն, մանավանդ որ՝ կառուցվել է դպրոցի նոր մասնաշենքը, եւ համակարգիչների մի մասը տեղափոխվել է այնտեղ, դրանք չեն հերիքում: Ուսուցիչներն օգտվում են ինտերնետից, եթե այն գործում է: Համակարգիչը օգտագործում ենք նաեւ գիտելիքի փոխանցումն ավելի գրավիչ դարձնելու համար»:

Սպիտակի թիվ 8 դպրոցի տնօրեն Սամվել Մաթոսյանը նշեց. «Ունենք համակարգչային կենտրոն, ինտերնետով կապված ենք ԿԱԻ-ին, ԿԳՆ-ին եւ այլ դպրոցների: Ամիսը մեկ անգամ մեկ դաս անցկացնում ենք էլեկտրոնային գրադարանի ունեցած միջոցներով: Բայց դա չի կարելի բավարար համարել: Եթե ամեն դասարանում դասապրոցեսի ժամանակ չպիտի լինի համակարգիչ եւ միայն ամիսը մեկ անգամ պիտի օգտագործվի, դա շատ ցածր մակարդակ է: Իսկ այդ խնդիրը լուծելու համար պիտի ավելացնել դպրոցների ֆինանսավորումը, որ նրանք կարողանան օգտվել այդ ամենից, մինչդեռ այս տարվա բյուջեով դպրոցի պահպանման ծախսերից կրճատվել է 2 300 000 դրամ, որը տեխնիկական միջոցների ձեռքբերման գործընթացի վրա բացասապես կազդի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել