Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բաց նամակ Եվրախորհրդին

Հունվար 21,2010 00:00

Հարգելի պարոնայք, հայտնում եմ ձեզ, որ շուտով ձեր պատկառելի խորհրդում Հայաստանը ընդդիմադիր պատգամավոր չի ունենա: Չգիտեմ, դուք ինչպես կընդունեք, բայց մեր խորհրդարանի ղեկավարությունն ու իշխանությունները կազատվեն «գլխացավից» եւ հանգիստ շունչ կքաշեն: Բայց եկեք մի կես տարով ետ գնանք:

Արտահայտելով մեր հանրության ճնշող մեծամասնության կամքն ու կարծիքը, անցյալ տարվա հունիսի 30-ին «Առավոտ» թերթում «Զարուհին՝ հրեշտակ» վերնագրով հոդված էի գրել, որից մի քանի տող ցանկանում եմ արժանացնել ձեր ուշադրությանը. «Զարուհի Փոստանջյանն արդեն երեք տարի բարի հրեշտակ է դարձել թշվառների համար: Նա միշտ հանիրավի ծեծվածի, անմեղ բանտարկվածի, տնից-տեղից դուրս քշվածի կողքին է: Հայաստանում չեք գտնի մի ոստիկանատուն, որ նա մտած չլինի եւ այնտեղից անմեղների թեկուզ մի փոքր մասի հանած չլինի… Մարտի է բռնվում ոստիկանի եւ դատախազի հետ, երբեմն ենթարկվում է ֆիզիկական բռնության ու քաշքշոցի… Նա ամենահաս է… Զարմանում ես, թե այդ փխրուն ուսերով կին-հրեշտակն ինչպես է տանում այդքան մեծ ծանրաբեռնվածություն… Իսկ երբ Հայաստանում որոշ դեպքերում չի հասնում իր արդարացի պահանջներին՝ դիմում է ԵԽԽՎ-ին, ենթարկվելով տարբեր չարախոսների ու պնակալեզների բամբասանքին»:

Ահա այսպիսին է մեր հրեշտակը՝ իրավաբան-պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մեզ մոտ՝ Հայաստանում: Իսկ թե նա ինչ է անում ձեզ մոտ՝ ԵԽԽՎ-ում, դուք ինձնից լավ գիտեք: Համոզված եմ՝ ձեզ մոտ չի գտնվի մի պաշտոնյա, որին Զարուհին դիմած չլինի Հայաստանի այս կամ այն հոգսերի կարգավորմանը նվիրված՝ իր կողմից կազմված որոշման նախագծերով, որին պատմած չլինի մեր խիստ ցավոտ հոգսերի մասին: Այո, ձեզ մոտ է նա ճշմարտությունը բարձրաձայնում, արդարություն փնտրում եւ ձեզ հետ մեծ հույսեր կապում:

Զարուհին մեր հույսն է, իսկ դուք՝ նրա հույսը: Բայց ինչպես վերեւում նշեցի, ՀՀ ԱԺ ղեկավարությունը որոշել է նրան զրկել Եվրախորհրդի ամբիոնից, պատճառաբանելով, որ մեր պատգամավորների մեջ կա նաեւ մի ուրիշ ընդդիմադիր պատգամավոր:

Չես իմանում՝ ծիծաղե՞ս, թե՞ լաս: Նրանք ընդդիմադիր են համարում դաշնակցական Արմեն Ռուստամյանին, որը եւ՛ մեզ, եւ՛ ձեզ վաղուց արդեն հայտնի է իր թունդ կառավարամետ կեցվածքով: Բացեք, խնդրում եմ, Հայաստանին վերաբերող ձեր արխիվները, ելույթների սղագրությունը եւ կհամոզվեք, թե նա ինչպիսի «ընդդիմադիր» է:

Կասեն, որ նրա կուսակցությունը վերջերս դուրս է եկել կառավարության եւ կոալիցիայի կազմից: Չհավատաք, ֆալշ է: Նրանք մի քանի անգամ, հատկապես ընտրությունների ժամանակ, դարձել են ընդդիմադիր, իսկ ընտրություններից հետո՝ կառավարության գիրկն են ընկել, զբաղեցնելով մի քանի նախարարական եւ այլ բարձրագույն պաշտոններ: Ռուստամյանը երբեք ընդդիմադիր չի դառնա: Եվրախորհրդում նա երբեք չի պաշտպանի ընդդիմության շահերը: Ի դեպ, վերը նշած հոդվածումս դեռ վեց ամիս առաջ ես գրել եմ. «իսկ ինչո՞ւ մեր պատվիրակության որեւէ անդամ, թեկուզ թաթերի վրա ման եկող «ընդդիմադիր» Ռուստամյանը անգամ իրենց ստորագրությունները չդրեցին Բոստանջյանի խնդրանքի տակ»: Իսկ նրա խնդրանքը (գուցե եւ նախագիծը) պարտավորեցնում է ԵԽ-ին՝ ավելի խստիվ հետեւել մեր երկրի քաղբանտարկյալների (որոնց մի մասը այսօր դեռ կալանքի տակ է) շուտափույթ ազատմանը:

Հոգին ու խիղճը չվաճառած բազմաթիվ մարդկանց անունից խնդրում եմ՝ Զարուհուն մի կորցրեք: Նրա նմանները պատիվ են բերում թե՛ իրենց ժողովրդին, թե՛ Եվրախորհրդին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել