Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գործադուլն ավարտվեց առանց զիջումների

Հունվար 21,2010 00:00

Կիրակի օրվանից Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունում սկսած գործադուլը երեկ արդեն չորրորդ օրն էր, որ շարունակվում էր մինչեւ օրվա երկրորդ կեսը: Ցածր աշխատավարձից դժգոհող Շահումյան հանքի աշխատողները շարունակում էին բողոքի ակցիաները. գործադուլավորների եւ ընկերության ղեկավարության միջեւ ընդհանուր լեզու գտնել չէր հաջողվել: Հանքի աշխատողները ասում էին. «Եթե չբավարարեն մեր պահանջները, չվերանայեն մեր աշխատավարձը, մենք չենք դադարի մեր բողոքի ակցիան»:

Երեկ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» են այցելել եւ գործադուլավորների ու ընկերության ղեկավարության ներկայացուցիչների հետ հանդիպել Սյունիքի մարզպետը, Կապանի քաղաքապետը:

Ավելի ուշ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության հասարակության եւ համայնքների հետ կապերի մասնագետ Նորայր Աղայանը տեղեկացրեց, որ հունվարի 20-ի ժամը 17-ին մոտ՝ խնդիրը հանգուցալուծվել է, բանակցությունները արդյունք տվել են, տեղաշարժ կա, ընկերության դարպասների մոտ հավաքված գործադուլավորներ չկան: «Իրականում գործադուլը սկսվեց այն բանից հետո, երբ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունը հանքի աշխատողներին ներկայացրեց հունվարի 1-ից աշխատավարձերի բարձրացման նոր փաթեթ: Տարբեր մասնագիտությունների աշխատողներին առաջարկվում է 30-60% բարձրացում եւ նրանք գոհ էին դրանից: Դժգոհ էին մնացել միայն մեքենավարները, ովքեր պահանջում էին սահմանվածից 2,5 անգամ ավելի աշխատավարձ, եւ հենց այստեղից սկիզբ առավ գործադուլը: Իրականում դրական տեղաշարժը պայմանավորված է ոչ թե նրանով, որ ընկերությունը զիջումների է գնացել, այլ՝ մարզպետի եւ քաղաքապետի բացատրական աշխատանքների արդյունքում: Այս պահին գործադուլավորներ չկան եւ, կարծում եմ, հաջորդ հերթափոխից գործադուլավորները կանցնեն իրենց աշխատանքին»,- տեղեկացրեց Նորայր Աղայանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել