Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանը օգնել է Սփյուռքին

Հունվար 21,2010 00:00

ՀՀ Սփյուռքի նախարարության տարեկան հաշվետվությունը

2008 թվականի հոկտեմբերից գործող ՀՀ Սփյուռքի նախարարությունը 2009-ի աշխատանքները սկսելիս «նեղսրտում» էր, թե «նախարարության համար վարձակալված մակերեսը խիստ սահմանափակ է»: Չնայած նախարարությանը լրացուցիչ տարածք չտրամադրվեց, 2009-ի տարեկան հաշվետվության մեջ նման անհանգստություն չկա, գերակա խնդիրներն այլ են՝ «Հայաստանի եւ Սփյուռքի գործակցության հայեցակարգի մշակում եւ հաստատում, Սփյուռքի հայկական կազմակերպությունների, հասարակական եւ հոգեւոր կառույցների հետ կայուն եւ գործընկերային կապերի ստեղծում, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացում եւ այդ գործակցության իրավական հիմքերի կատարելագործում, սփյուռքահայ համայնքներում գործող հայկական դպրոցների աջակցության ծրագրերի մշակում»:

Նախարարությունը աշխատել է ըստ այս նպատակների: Մասնավորաբար՝ 2009թ. մայիսի 15-ից սկսել է գործել «Հայերն այսօր» բազմալեզու էլեկտրոնային թերթը՝ կայքը: Թերթից օգտվողների թիվը տարեվերջին հասել է 80 000-ի, կազմվել է հայոց պատմության հիշարժան իրադարձությունների, տոների, ամսաթվերի Տոնացույց-օրացույց, հավաքվում եւ համալրվում է հանրաճանաչ հայերի եւ համահայկական կառույցների հոբելյանական տարեթվերի ժամանակացույցը, նախարարության նախաձեռնությամբ Երեւանի պետական համալսարանում բացվել է սփյուռքագիտության ամբիոն, որտեղ այժմ նախարարության պատվերով սովորում է 11 մագիստրոս: Աշխատանքներ են տարվել տարբեր երկրներում չկազմակերպված հայ համայնքների ձեւավորմանը աջակցելու, հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդների, «Սփյուռքի նախարարության բարեկամներ» խմբերի ստեղծման ուղղությամբ, նախարարությունը աջակցել է «Ոսկե ծիրան» համահայկական կինոփառատոնի կազմակերպմանը ու սահմանվել է նոր՝ «Լավագույն սփյուռքահայ կինոռեժիսոր» անվանակարգ, «Արի տուն» ծրագրով հուլիսի 16-ից հոկտեմբերի 9-ը հատվածում 5 փուլով հայաստանյան ընտանիքներում հյուրընկալվել է 313 սփյուռքահայ երիտասարդ՝ աշխարհի 16 երկրից, 50 սփյուռքահայ ուսանող ուսումնական պրակտիկան անցել է Հայաստանում:

ՀՀ Սփյուռքի նախարարությունը մասնակցել է հայկական կիրակնօրյա դպրոցների համար դասագրքերի ստեղծման նպատակով Լոս Անջելեսի «Դավթյան-Մարիամյան» դպրոցի կազմակերպած հեռուստամարաթոնին, նվիրաբերել 5000 դոլար: «Քույր դպրոցների» կապեր են հաստատվել Սփյուռքի եւ հայաստանյան մի շարք դպրոցների միջեւ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել