Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱԳԱՐԱՆԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 21,2010 00:00

Հայ-թուրքական սահմանին «կպած» գյուղը բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք լուծելու փոխարեն պաշտոնյաները գյուղի մատույցներում դղյակներ են կառուցում:

\"\"

 

 

 

Այսպիսի տեսարանների համար դղյակներ կառուցող պաշտոնյաները «մոռանում» են բագարանցիների կենցաղային պայմանների բարելավման մասին:

Արմավիրի մարզում լեռների մեջ կուչ եկած, ինքն իրենով ապրող, հազիվ 550-600 բնակիչ ունեցող փոքրիկ գյուղ է Բագարանը, որի երկու հարեւանները թուրքական երկու գյուղեր են: Տարածքով այնքան մոտ են իրար, որ անզեն աչքը Բագարանից որսում է թուրքական կողմում կատարվող յուրաքանչյուր շարժ եւ անցուդարձ:

Բագարանցիներն ասում են, որ հարեւանություն են անում թուրքերի հետ: Ճիշտ է՝ չեն շփվում, խոսք ու զրույցի չեն բռնվում, քանի որ արգելված է, բայց միմյանց դեմքով ճանաչում են եւ գիտեն՝ ով ինչով է զբաղվում:

Գյուղի դպրոցի տնօրեն Արշակ Ղազարյանն ասաց՝ երբ գնում են սահմանին մոտ գտնվող իրենց հողերը մշակելու, հարեւաններին հանդիպում են նաեւ այնտեղ: «Նրանք էլ իրենց հողերն են գալիս: Դեռեւս ոչ մի խնդիր չենք ունեցել նրանց հետ, նրանք էլ՝ մեզ հետ: Սովորական հարաբերություններ են»,- ասաց Արշակ Ղազարյանը:

Թուրքիայից 50-70 մետր հեռավորության վրա գտնվող գյուղում մեծից փոքր սահմանապահ են: «Այդպես է ստացվել»,- ասաց դպրոցի տնօրենը, ում հիշողություններում դեռ թարմ են 1991-92 թվականները, երբ ռուսական զորքի գնալուց հետո սահմանի պաշտպանությունը մնաց իրենց: «Գյուղի՝ 14-55 տարեկան բոլոր տղամարդիկ զինված՝ ով ինչով կարող էր, գիշեր-ցերեկ տուն չեկան: Վեց ամիս սահմանը մենք պահեցինք, էդ ընթացքում որեւէ «չեպե» չգրանցվեց: Վեց ամիս հետո, երբ ռուսները ետ եկան, «պոստը» հանձնեցինք իրենց, բայց հոգով մնացինք սահմանապահ»,- հիշում է դպրոցի տնօրենը:

Սահմանապահ գյուղն ու գյուղացիներին այսօր գրեթե չեն հիշում, ու բագարանցիներին դա շատ է վիրավորում: Իրենցով այնքան քիչ են հետաքրքրվում, որ երբ լրագրող է «ընկնում» ձեռքները, բոլոր հարցերը միանգամից են բարձրացնում: Եթե մեկ-երկու տարի առաջ գյուղի գազիֆիկացման խնդիր էին բարձրացնում, ապա այսօր, գազի թանկացմամբ պայմանավորված, դրան երկրորդական նշանակություն են տալիս: Չնայած խողովակաշարը մինչեւ հարեւան Վանանդ հասել ու կանգ է առել: Բնական գազը Բագարան հասցնելու համար ընդամենը աշխատանքների 30%-ն է մնացել, բայց այդ հարցը լուծվելիք խնդիրների օրակարգի վերջին կետում է:

Բագարանցիներին մտահոգողը տրանսպորտի վատթար վիճակն է, իրենք ասում են՝ գրեթե բացակայությունը: Գյուղից մարզկենտրոն ընդամենը մեկ միկրոավտոբուս է աշխատում, այն էլ՝ օրական մեկ անգամ: «Շաբաթ օրերին էլ հանգստանում է. դա նշանակում է, որ ուսանողները շաբաթ օրը դասի չեն գնալու, իսկ հանգստյան օրերին մայրաքաղաք գնալ ցանկացող «շփոթված» բագարանցին դատապարտված է գյուղում փակված մնալու»,- «Առավոտին» ասաց Երեւանից սահմանամերձ Բագարան աշխատելու եկած ուսուցչուհի Նաիրա Ավալյանը:

Գյուղի դպրոցում ֆրանսերեն դասավանդող Նաիրան այստեղ է եկել հինգ տարի առաջ քրոջ՝ նույն դպրոցի պատմության ուսուցչուհի Անահիտ Խեչոյանի հետ: Քույրերը կատակով ասում են, որ բանակ են եկել՝ ծառայության, բայց դեռ չեն ցանկանում զորացրվել: Կրթության եւ գիտության նախարարության հետ պայմանագիրը երկու անգամ երկարացրել են: «Իբր երկու տարով էինք կապել, բայց արդեն հինգ տարի է՝ այստեղ ենք: Այնպես ենք կապվել երեխաների, դպրոցի ու մեր գործընկերների հետ, որ դժվարանում ենք վերադառնալ: Հետո՝ գիտե՞ք, մենք այստեղ գտել ենք այն մաքրությունը, որը քաղաքում արդեն չկա: Մարդկային այն հարաբերությունները, որ այստեղ դեռեւս պահպանված են, ոչ մի բարեկեցության հետ չեմ փոխի»,- ասաց Նաիրա Ավալյանը: Շարունակելով քրոջը, Անահիտ Խեչոյանը նկատեց, որ եթե բագարանցին ետ է մնում մայրաքաղաքի ռիթմից, դրանում սարսափելի ոչինչ չկա. «Գյուղում կարեւոր արժեքներ են պահպանվել, որոնք զգալու, նկատելու համար պետք է այստեղ ապրել»:

Մայրաքաղաքից եկած ուսուցիչները, բագարանցիների նման, իրենց բանտարկված են զգում: Տրանսպորտի անկանոն աշխատանքը աղջիկներին թույլ չի տալիս շաբաթը գոնե մեկ անգամ Երեւան՝ հարազատներին տեսության գալ:

Տրանսպորտից առավել, սակայն, ուսուցիչներին ու աշակերտներին մտահոգում է կրթության որակը, որը Բագարանում հեռու է անգամ բավարար լինելուց: 94 աշակերտ ունեցող դպրոցում առաջինից տասը՝ մեկական դասարան է գործում: Աշակերտների թվի պատճառով դպրոցում երկկոմպլեկտ դասարաններ են ձեւավորվել, ինչը բացասաբար է անդրադառնում կրթության որակի վրա: «6-րդ դասարանում՝ տասը, 7-րդում՝ հինգ աշակերտ կա: Դասարանի մի շարքում 6-րդ դասարանի աշակերտներն են, մյուսում՝ 7-րդի: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այդ 45 րոպեի ընթացքում ուսուցիչն ինչ արագությամբ պետք է մի դասարանի հետ պարապելուց հետո անցում կատարի մյուսին: Կամ, երբ դասաժամը ռացիոնալ օգտագործելու համար տարբեր դասարանների երեխաներին միաժամանակ է գրատախտակի մոտ կանչում, ձեր կարծիքով՝ ուսուցիչը կհասցնի՞ երկուսին էլ միաժամանակ հետեւել այնպես, որ բացթողումներ չլինեն»,- ասաց դպրոցի տնօրեն Արշակ Ղազարյանը: «Մինչեւ մի դասարանի դասը բացատրում եւ առաջադրանքները գրատախտակի վրա գրում եւ անցնում եմ մյուսին՝ զանգը տալիս է: Մի տեսակ ինքնանպատակ է դառնում կրթություն տալը: Ստացվում է՝ տարիներ ենք կորցնել զրո տալու եւ զրո ստանալու համար»,- հավելեց Նաիրա Ավալյանը:

Որեւէ արտոնություն չունեցող սահմանամերձ Բագարանում «Առավոտի» միջոցով ԿԳ նախարարությանը խնդրեցին, այնուամենայնիվ, արտոնել՝ առանձնացնելու դասարանները, որից էականորեն կշահեն եւ աշակերտները, եւ ուսուցիչները:

Հ. Գ. Ըստ hetq.am-ի, Բագարան գյուղի մատույցներում հարյուրավոր հեկտարներով հողեր են գնում եւ դղյակներ կառուցում ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորներ (Լեւոն Սարգսյան, Նահապետ Գեւորգյան եւ այլք), ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ սփյուռքահայեր: Վայրը՝ Բագարանի կամ բագարանցիների համար լավ բան անելու մղումով չի ընտրվել: Պաշտոնյաների դղյակների գոյությունը Բագարանի զարգացմանը որեւէ կերպ չի նպաստում: Պարզապես գյուղի մատույցների ժայռերից հրաշալի տեսարան է բացվում՝ Արաքս եւ Ախուրյան գետերի միախառնման կետը՝ հարակից թուրքական գյուղերով: Հարուստ հարեւանների առատությունը, սակայն, բագարանցիներին չի ոգեւորում կամ ուրախացնում: «Մեր արոտավայրերը հիմնականում գտնվում են սահմանի ներսում, ու էստեղ անհնար է անասուն պահելը, որովհետեւ հողերը վաճառված են: Ստիպված փշալարերից այն կողմ ենք անցնում, որ մեր անասուններին պահենք: Դրա համար էլ հատուկ թույլտվություն ու անցագիր է պետք: Ժողովուրդը պարապ ու սոված պատերի տակ կանգնած է, եթե հողերը մշակվեն, գյուղացիներն աշխատանք կունենան ու կկարողանան ապրել»,- hetq-ին պատմել են բագարանցիները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել