Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հողամասի իրական տերը բողոքում է

Հունվար 21,2010 00:00

«Առավոտը» անդրադարձել է Երեւանի Անտառային փողոցի թիվ 126 հասցեում գտնվող 1500 քմ մակերեսով հողամասի պատմությանը: Հիշեցնենք, որ այն Երեւանի քաղաքապետի 04.03.2003թ. 400-Ա որոշմամբ տրամադրվել էր Արայիկ Ստեփանյանին: Քաղաքապետի որոշման համար հիմք էր հանդիսացել Կենտրոն թաղային համայնքի կողմից տրված տեղեկանքը, ըստ որի, նշված հողամասը Ա. Ստեփանյանը օգտագործել է 10 եւ ավելի տարիներ, ինչը իրականությանը չի համապատասխանում: Հողամասն իրականում տնօրինել է Ռազմիկ Հարությունյանը, որն այդտեղ այգի է հիմնել, խնամել:

2008թ. Ռ. Հարությունյանը քաղաքապետի որոշման դեմ բողոքել էր Կենտրոնի դատախազություն, սակայն ավագ հետաքննիչ Գ. Մելիքյանը որոշում էր կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Նույն թվականի դեկտեմբերին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հետաքննիչի որոշումը վերացրել է, իսկ 2009թ. հունիսին որոշում էր կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին:

2009թ. օգոստոսին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել Ռ. Հարությունյանի բողոքը՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի վարույթը կարճելու եւ Ա. Ստեփանյանի, Ն. Ալթունյանի, Ս. Դալլաքյանի, Գ. Գյանջումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Կ. Ներսիսյանի 2009թ. հունիսի 10-ի որոշման դեմ եւ քննիչի որոշումը վերացրել է:

Վերաքննիչ դատարանը 2009թ. սեպտեմբերի 25-ին քննել է դատարանի որոշման դեմ բերված Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության դատախազ Ռ. Բունիաթյանի բողոքը, այն մերժել է, իսկ դատարանի որոշումը թողել է անփոփոխ:

Խմբագրություն այցելած Վահան Հարությունյանը (Ռ. Հարությունյանի որդին) հայտնեց, որ թեպետ բազմիցս կատարված քննությամբ հիմնավորել է Կենտրոնի թաղապետարանից տրված տեղեկանքի կեղծ լինելը, սակայն Կենտրոնի դատախազությունը եւ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժինը շարունակում են ցուցաբերել անձնական շահագրգռություն եւ կայացնում են անհիմն ու անօրինական որոշումներ:

Հայրենիքի սահմանների պաշտպանությանը մասնակցած Վահան Հարությունյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ խնդրել գործի քննությունը հանձնել գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայությանը կամ ՀՀ քննչական գլխավոր վարչությանը, սակայն դիմումն ուղարկվել է Երեւանի դատախազություն: «Առանց գործի մեջ խորանալու, քաղաքի դատախազությունից պատասխանել են, որ հիմքեր չկան գործը նախաքննության այլ մարմին ուղարկելու համար: Նկատի ունենալով, որ դիմումների ու նամակների միջոցով հնարավոր չէ ներկայացնել այս գործի շուրջ տարաբնույթ քաշքշուկները, պատրաստվում եմ անձամբ հանդիպել պարոն Հովսեփյանին»,- հայտնեց Վ. Հարությունյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել