Երեկ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն էի հրավիրվել՝ Խարբերդի մանկատան տնօրենի կողմից «պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով», որպես վկա:
Ինձ ուղարկված այս տարվա դեռեւս անդրանիկ ծանուցագրի համաձայն՝ չներկայանալու դեպքում կարող էի բերման ենթարկվել «հարկադիր կարգով»: Ոստիկաններին «ավելորդ նեղություն» չտալու համար, ներկայացա եւ ցուցմունք տվեցի (պատկերացրեք, ցանկացած հրապարակումից հետո ինչ կարող է լինել լրագրողի հետ):
Ի դեպ, երբ առաջին հարկում ներկայացա ոստիկաններին, նրանք ինձ հեռախոս չտրամադրեցին, որպեսզի քննիչին տեղյակ պահեմ իմ ներկայանալու մասին: Հեռախոս չկար նաեւ պատի վրա: Ստիպված էի օգտվել սեփական բջջայինից:
Հարցաքննությունից հետո փորձեցի հատել Խանջյան-Նալբանդյան խաչմերուկը: Գլխավոր վարչությունից դեպի ԱԱԾ՝ կանգառի լուսացույցը չէր գործում: Միայն կարմիր գույնն էր վառվում, անիմաստ էր կանաչ լույսին սպասելը:
Կարմիր լույսերի տակ հասա «ԿԳԲ-ի կանգառ»: Մեծ եղավ զարմանքս, երբ նկատեցի, որ «կանգառը գողացել են»: Չկար կանգառի ցուցանակը: Ի դեպ, որ այդտեղ կանգառ է եղել, մենք դեռ անցյալ տարի «անմահացրել» ենք («Առավոտ», 07.10.2009թ.): Կանգառը երեկ էլ գործում էր առանց նշացույցի, կանգառ հիշեցնող դեղին գծերի: