Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ԼՔԵՄ ԴԱՀԼԻՃԸ

Հունվար 21,2010 00:00

Ասում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Թումանյանը

2010 թ. հունվարի 14-ին ընդունած ՍԴ-ի որոշումը, որը քննվել էր Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա եւ առնչվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասին, տարբեր կերպ ընկալվեց փաստաբանների կողմից: Մինչ շատ փաստաբաններ ոգեւորված են, որ ՍԴ այդ որոշմամբ իրենց նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար, կան փաստաբաններ, որ դա համարում են ոչ հստակ: Այդ է պատճառը, որ Վանաձորում հարցված փաստաբաններից շատերը հրաժարվեցին հրապարակավ մեկնաբանել ՍԴ-ի այդ որոշումը: Իսկ Փաստաբանական պալատի անդամ եւ Վանաձորում գործող «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակի ղեկավար Կարեն Թումանյանն այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ասաց.

– Ես, որպես իրավաբան, ՍԴ-ի տվյալ որոշման պատճառաբանական մասը հասկացել եմ, ընկալել եմ, բայց եզրափակիչ մասը, անկեղծ ասած, չեմ ընկալել: Պատճառաբանական մասում ինձ համար նաեւ լուրջ ուսուցանող փաստարկներ են ներկայացված, թե ինչու պետք է, օրինակ՝ դատական նիստի ժամանակ փաստաբանների, մյուս մասնակիցների, նաեւ դատախազի նկատմամբ գործողություններ ձեռնարկվեն, որպեսզի երկրի իշխանություններից մեկի՝ դատարանի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերվի: Ես շատ լավ ընկալել եմ այդ ամենը բովանդակային առումով: Բայց եզրափակիչ մասում գրված է. «Քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասը այնքանով, որքանով որ կիրառելի չէ նաեւ դատավարության այլ մասնակիցների նկատմամբ…»: Այդ ձեւակերպումը ես չեմ հասկացել, եւ իմ մեկնաբանությունը կարող է այլ ձեւով ընկալվել: Այդ պատճառով ես իմ սեփական ընկալումները տվյալ որոշման առումով՝ չեմ ասի: Կարծում եմ, որ ՍԴ-ն պարզունակ ձեւակերպումներ չպետք է տա, բայց պետք է ձեւակերպումներն այնքան պարզ լինեն, որ գոնե իրավաբանները հասկանան, թե ինչպես պետք է այն կիրառեն: Չնայած ես կարծում եմ, որ ցանկացած մարդ, քաղաքացի, պետք է իր երկրի ՍԴ-ի որոշումն ամբողջությամբ ընկալի եւ իր համար կիրառելի դարձնի, քանի որ այն երկրի բարձրագույն իրավաբանական կարգավիճակ ունեցող մարմինն է, եւ նրա ձեւակերպումները յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է ընկալելի եւ մատչելի լինեն: Իրականում նրա օրենքներն անմիջականորեն կիրառելի են երկրի օրենսդիր իրավահարաբերությունների վրա, բայց նաեւ մարդկանց փոխհարաբերությունների վրա կոնկրետ ազդեցություն ունեն, եւ կարծում եմ, որ ամենայն հստակությամբ պետք է նշվի, թե ինչ եղանակով այդ նորմը չպետք է գործի այսուհետեւ: Ես հիմա չեմ ընկալում՝ 343-հոդվածի 1-ին մասն ամբողջությամբ գործո՞ւմ է, թե՝ ոչ, ո՞ր մասով է գործում եւ որ մասով՝ ոչ:

– Դուք երբեւէ հայտնվե՞լ եք նման իրավիճակում, երբ հարկադրված լինեք լքել դատական նիստերի դահլիճը:

– Հուրախություն ինձ՝ նման դեպք իմ աշխատանքային պրակտիկայում տեղի չի ունեցել, որ ես հարկադրված լինեմ լքել դատական նիստերի դալիճը:

– Դա պայմանավորված է Ձեր մեծ համբերությա՞մբ, թե՞ ուղղակի նման իրավիճակ չի ստեղծվել:

– Ես չեմ ուզում իմ գործընկերների համբերությունը թերագնահատել կամ իմը գերագնահատել: Նաեւ չեմ ասի, թե իմ միջնորդությունները հալած յուղի տեղ ընդունվել են: Բայց բանը դահլիճը լքելուն չի հասել: Ես կարծում եմ, որ դատական նիստի ընթացքում կողմերը՝ իրավաբան մասնագետները, պաշտոնատար անձինք, այդ թվում նաեւ՝ դատավորը, պետք է լինեն պարկեշտ եւ հարգանքով վերաբերվեն թե իրենց, թե մասնակիցների նկատմամբ: Եվ կարծում եմ, որ անհրաժեշտության դեպքում պարտադիր դատական սանկցիաները պետք է կիրառվեն կոնկրետ դատական նիստերի ժամանակ: Եվ եթե ծայրահեղ անհրաժեշտ է դառնում քրեական պատասխանատվությունը, նոր արդեն կարելի է նախաքննություն իրականացնել: Պատիժը դատական սանկցիա կիրառելու տեսքով պետք է դատարանը իրականացնի՝ տույժի, տուգանքի եւ այլ կարգով: Դա ավելի ճիշտ է: Իհարկե, սուբյեկտը, որի նկատմամբ սանկցիա է կիրառվել, պետք է ունենա բողոքարկման հնարավորություն, որպեսզի վիճարկվեն իր նկատմամբ սանկցիաները: Իսկ երեւույթի նկատմամբ ասեմ. բոլորը միանշանակ չի կարելի գնահատել: Եղել են դեպքեր, որ 10 միջնորդությունից որեւէ մեկը չի բավարարվել, փաստաբանը լքել է դահլիճը, բայց չի բացառվում, որ բոլոր 10 միջնորդություններն էլ եղել են ակնհայտ անհիմն: Օրինակ՝ ես ԳԱԼԱ հեռուստատեսության գործով նիստերից մեկի ժամանակ ներկայացրել եմ 30 միջնորդություն, 30-ն էլ չի ընդունվել: Հետո այդ միջնորդությունները ստեղծել են սահմանադրության 19, Եվրոպական կոնվենցիայի 6 հոդվածի հավասար մրցակցության իրավունքի խախտում: Վճռաբեկ դատարանը բեկանել է այդ գործը: Բայց բոլոր դեպքերում չէ այդպես: Լինում են դեպքեր, որ փաստաբանը, այո, ստիպված է լքել դահլիճը, բոլոր միջնորդությունները մերժվում են, իրեն դարձնում են այդ գործընթացի զուտ ներկան, ականատեսը, թե ինչպես են խախտումներ անում: Նման իրավիճակում եթե փորձեն ինձ դարձնել ռեկվիզիտ, ապա միանշանակ ես էլ դուրս կգամ դահլիճից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել