Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի սխալ բառն արժեցել է… 8 մլն դրամ

Հունվար 21,2010 00:00

«Կոմպաս» ընկերության ներկայացուցիչ Արմեն Բաղդասարյանը թիվ 523298 փոխադրման ամփոփագրով Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան է ներմուծել համակարգչային տեխնիկա: Ա. Բաղդասարյանը այդ տեխնիկան Արարատյան տարածաշրջանային մաքսատանը հայտարարագրելիս սխալմամբ նշել է, որ իր ներկրած 100 հատ 19 դյույմանոց մոնիտորը չինական արտադրության է, մինչդեռ իրականում այն ինդոնեզական է: Հայտարարագիրը կազմելուց հետո Ա. Բաղդասարյանը կատարել է բոլոր անհրաժեշտ մուծումները: Չինականի փոխարեն ինդոնեզական արտադրանք ներկայացնելու համար, Պետեկամուտների կոմիտեն ներկրողին տուգանել է՝ պատճառաբանելով, որ Ա. Բաղդասարյանը ոչ ճշգրիտ տեղեկություններ է հայտնել: Տուգանքը կազմել է 100 հատ «19 LG L 1954 SM LCD» տեսակի մոնիտորների մաքսային արժեքը՝ 8 269 530 դրամ: Չնայած Ա. Բաղդասարյանը համաձայն չի եղել կոմիտեի՝ տուգանք նշանակելու հանգամանքին, այդուհանդերձ տուգանքը վճարել է:

Ա. Բաղդասարյանը, համոզված լինելով, որ մաքսայինը խախտել է իր իրավունքները, դիմել է վարչական դատարան՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի: Ըստ հայցվորի, ինքը երկրի անվանումը նշելիս պարզապես սխալվել է, հետեւաբար, վարչական ակտը պետք է անվավեր ճանաչվի: Ըստ Ա. Բաղդասարյանի, իրեն պատասխանատվության ենթարկելը հակասում է վարչարարության սկզբունքներին: Նշենք, որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, վարչարարություն իրականացնելիս՝ վարչական մարմիններին արգելվում է միայն ձեւական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որեւէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են:

Նշյալ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն էլ, վարչարարությունը պետք է ուղղված լինի Սահմանադրությամբ եւ օրենքներով հետապնդվող նպատակին, եւ դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր: Ըստ Ա. Բաղդասարյանի, կոմիտեի տրամաբանությամբ ղեկավարվելու պարագայում, ստացվում է, որ, օրինակ, Չինաստանի փոխարեն «Ճինաստան» գրելու դեպքում կոմիտեն պետք է լինի այն դիրքորոշման, որ անձը խախտել է Մաքսային օրենսգրքի 203 հոդվածը, քանի որ զուտ ձեւական տեսանկյունից առկա է ոչ ճշգրիտ տեղեկատվություն: Ստացվում է, որ կոմիտեն ցանկացած տեխնիկական կամ այլ կարգի սխալը, որն ինքնին որեւէ հետեւանքի չի հանգեցնում, կարող է ծառայեցնել որպես պատասխանատվության կիրառման հիմք:

Ուսումնասիրելով գործը, վարչական դատարանը վճռել է Ա. Բաղդասարյանի հայցը բավարարել: Դատարանը որոշել է, որ հայցվորին պատասխանատվության ենթարկելը հակասում է վարչարարության սկզբունքներին: Որոշվել է նաեւ հօգուտ Ա. Բաղդասարյանի գանձել 454 հազար դրամ՝ որպես կատարված դատական ծախսերի փոխհատուցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել