Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՂՐԻԻՑ ԱԳԱՐԱԿ՝ ՀԻՎԱՆԴԸ ՉԻ ՁԳԻ

Հունվար 21,2010 00:00

Ագարակի եւ Մեղրիի հիվանդանոցների օպտիմալացման արդյունքում, մեղրեցիները կարծում են, որ ժողովուրդը կտուժի

Կառավարությունը 2009 թվականի սեպտեմբերին որոշում է կայացրել Մեղրի քաղաքի միակ հիվանդանոցը միավորել Ագարակի հիվանդանոցին: Արդյունքում՝ Մեղրիի հիվանդանոցում գործելու են միայն թերապեւտիկ եւ մանկական բաժինները՝ Մեղրիի պոլիկլինիկայի մասնաշենքում, իսկ վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական եւ ինֆեկցիոն բաժինները կփակվեն, եւ այդ ոլորտի ծառայությունները կմատուցվեն Ագարակի հիվանդանոցում: Նման օպտիմալացման արդյունքում օտարվելու են Մեղրիի բժշկական կենտրոնի մասնաշենքերը: Այս ամենը հարուցել է մեղրեցիների դժգոհությունը: Վերջերս «Առավոտին» դիմած մի խումբ մեղրեցիներ այն համոզմանն են, որ քաղաքի հիվանդանոցն օտարելու արդյունքում իրենց համար լուրջ խնդիրներ կառաջանան. «Այս պահին 45 հաշվառված հղի կին կա Մեղրիի հիվանդանոցում: Նրանք ինչպե՞ս գնան-հասնեն Ագարակ, հատկապես ծայրամասային գյուղերից մոտ 40 կմ ճանապարհ է, դա մեծ ծախսերի ու դժվարությունների հետ է կապված: Ինչ է, չէի՞ն կարող վերանորոգել հիվանդանոցը: Ժողովուրդը հազիվ յոլա է գնում, հիվանդանոցը քթի տակ, մի երկու կոպեկ են հավաքում, որ կարողանան դիմել բժշկի, իսկ հիմա, որ հիվանդանոցը փակեն, ինչպե՞ս են հավելյալ ծախս անելու, որ հասնեն Ագարակի հիվանդանոց: 3-րդ անգամ է ԾԻԳ-ի աշխատակից ոմն Խաչատրյան այցելում է հիվանդանոց ու շատ շահագրգռված է, որ փակվի»:

Մեղրիի հիվանդանոցի օտարման խնդիրն անհանգստացրել է նաեւ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանին: Նա մի շարք հարցեր է ուղարկել կառավարություն՝ ակնկալելով սպառիչ պատասխաններ: Տիկին Բախշյանի խոսքերով՝ «Նոյեմբերի 20-ին վարչապետին նամակ եմ գրել, պարզվում է՝ հիվանդանոցը շատ պարտքեր ունի, դրա համար էլ շենքը պետք է օտարեն: Եթե բացահայտենք, թե ո՞ւմ են օտարելու, ամեն ինչ պարզ կլինի: Այն հարցերը, որ «Ժառանգություն» խմբակցությունը բարձրացնում է Ազգային ժողովում, մասնավորապես սահմանամերձ գյուղերին աջակցելու առումով, աչքաթող են անում: Կարծում են, թե մեզ են պատժում, այնինչ՝ պատժում են ժողովրդին, որին հետո պիտի կաշառեն՝ ձայն տալու համար: Ժողովուրդը «Հ1»-ով լսում է, որ կառավարությունը պատրաստ է ժողովրդի համար մի բան անել, բայց վերջում այլ իրականություն է տեսնում: Ըստ առողջապահության նախարարի, ժողովուրդը չի տուժում, բայց այդ մարդիկ ցավով ասում են, որ սա լրացուցիչ բեռ ու հոգս է, իրենց վիճակը ավելի է ծանրանում»:

Ըստ առողջապահության նախարարության պաշտոնական պատասխանի, որն ուղարկվել է Ա. Բախշյանին, այդ 2 բժշկական հիմնարկները նախորդ տարիների ընթացքում կուտակել են կրեդիտորական պարտքեր, որոնց քանակն ավելացել է տնտեսական ճգնաժամի պայմաններում, իսկ միավորումը թույլ կտա ֆինանսական տեսանկյունից շտկել իրավիճակը:

Նախարարի պատասխանը տիկին Բախշյանի համար համոզիչ չէ: Պատգամավորի խոսքերով՝ ըստ կառավարության պատասխանի՝ հիվանդանոցի օտարումը պետական շահերից է բխում, օրինակ՝ ֆինանսավորումը նվազում է. «Բայց այդ բյուջեն ժողովրդի փողերով է լցվում՝ ուրեմն այն պետք է ծառայի ժողովրդին, բխի ժողովրդի շահերից: Պետք է սահմանամերձ շրջաններում ոչ թե ծախսերը կրճատել, այլ ավելացնել, որպեսզի գյուղերը չդատարկվեն: Դա ռազմավարական խնդիր է»:

Նախարարության պատասխանի մեջ նաեւ նշված է. «Միավորումը չի կարող բացասական ազդեցություն ունենալ բնակչության համար ծառայությունների մատչելիության առումով: Անցկացված խրոնոմետրաժը ցույց է տվել, որ շարժման միեւնույն արագության պայմաններում Մեղրիի կենտրոնից մինչեւ Ագարակի հիվանդանոցի ընդունարան՝ մարդատար մեքենան հասնում է 10-12 րոպեի ընթացքում, ինչը բավարար է հիվանդներին, նույնիսկ անհետաձգելի վիրաբուժական օգնության դեպքում, բժշկական օգնություն տրամադրելու համար»: Այս պատասխանն էլ չի գոհացրել տիկին Բախշյանին: Նրա խոսքերով՝ 10-12 րոպեն գուցե հարմար է Մեղրի քաղաքի բնակիչների համար, բայց չէ՞ որ կան հեռավոր գյուղեր, որոնց բնակիչների համար շատ ավելի բարդ է ճանապարհը նման լեռնային գոտում: ԱԺ պատգամավորը մեկ այլ հարց էլ է բարձրացրել՝ արդյո՞ք կառավարության այս որոշումը չի հակասում ՀՀ սահմանադրության 38-րդ հոդվածով ամրագրված քաղաքացիների՝ անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու իրավունքին: Այս առումով կառավարությունը վստահեցնում է. «Իրականացվող օպտիմալացման արդյունքում քաղաքացիները ամենեւին էլ չեն զրկվել անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու իրավունքից, քանի որ մարզում տեղի է ունեցել ընդամենը բժշկական ծառայությունների վերաբաշխում բժշկական հաստատությունների միջեւ, եւ ոչ մի բժշկական ծառայություն չի լուծարվել»: Բացի այս, նախարարությունից նաեւ վստահեցրել են, որ խնդրի լուծման համար նախատեսվում է այց կազմակերպել Մեղրի: Իսկ «Առավոտի» հետ զրույցում առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը վստահեցրեց, որ Մեղրիի հիվանդանոցը նպատակահարմար չէ վերանորոգել, քանի որ մոտ ապագայում նախատեսվում է նոր հիվանդանոց կառուցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել