Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵԶ ԿՈՒԼՏՈՒՐԱԿԱՆ ԵՆՔ ՊԱՀՈՒՄ, ՈՐ ԴՐՍՈՒՄ ՄԵՐ ՄԱՍԻՆ ԼԱՎ ԿԱՐԾԻՔ ԿԱԶՄԵՆ»

Հունվար 21,2010 00:00

Ռուսաստանում աշխատող հայ «խոպանչիներից» ոմանց խոսքերով՝ իրենք օտար երկրում երկրորդ «սորտի» մարդ են, ոմանք էլ վստահեցնում են, որ «հայի խաթրին» ոչ ոք չի դիպչում:

Արտերկրից Հայաստան մտնող տրանսֆերտները տարիներ շարունակ բազմաթիվ հայ ընտանիքների գոյատեւման հիմնական աղբյուր են համարվում: Հայ «խոպանչիները», սակայն, դժգոհում են, որ վերջին տարիներին արտերկրում աշխատանք գտնելը եւս դժվարացել է, իսկ գործն էլ ավելի է բարդանում, երբ գործատուն տեղեկանում է, որ աշխատանք փնտրողը օտարազգի է: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում պատմում են Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի մեկնած մեր քաղաքացիները:

\"\"Անդրանիկ Աղասյանը Տավուշի մարզի Բերդի բնակիչ է, աշխատանք գտնելու ակնկալիքով Հայաստանից Մոսկվա է մեկնել դեռեւս 7 տարի առաջ:

Մեզ հետ զրույցում պարոն Աղասյանը պատմեց, որ արդեն մի քանի տարի է՝ եկեղեցիներում եւ մեծ, նորակառույց շինություններում սալահատակ է հավաքում կամ նորոգում: «Աշխատանքը շատ երկար փնտրել ու գտել եմ ինտերնետի հայտարարություններում: Մոսկվայի նման մեծ քաղաքում, որտեղ ոչ ծանոթ կա, ոչ բարեկամ, պետք է ամեն բան անես, որ կարողանաս գործ գտնել: Այս դարում համեստությունը չի գնահատվում, պետք է խորամանկ լինես, լավ լեզու ունենաս ու գործ տվողին համոզես, որ դու լավ մասնագետ ես»: Ա. Աղասյանի խոսքերով. «Ամեն քայլի սեփական մաշկիս վրա զգում եմ, որ ես այստեղ օտար եմ: Նույն կոլեկտիվում նույն աշխատանքն ենք անում, բայց ինչ է՝ թե հայ ենք, մեզ մի քանի անգամ ավելի քիչ փող են տալիս, քան ռուսներին: Մի զարմացեք, իսկապես այդպես է, ռուսն իր գինը գիտի, երբեք չի համաձայնի ցածր աշխատավարձով աշխատել, իսկ մենք ուրիշ ճար չունենք: Շատ լավ գիտեն, որ եկել էստեղ ենք հասել՝ չենք կարող պարապ մնալ, ինչ գին էլ ասեն՝ համաձայնվելու ենք»: Չնայած դրան, Ա. Աղասյանը էլի չի դժգոհում, նրա կարծիքով, միեւնույն է, ինչքան էլ ցածր վարձատրեն, էլի ավելի բարձր է, քան Հայաստանում վճարում են նման աշխատանքի դիմաց.«Բայց անգամ ցածր աշխատավարձով Հայաստանում գործ գտնելը շատ դժվար է, եթե գործ լիներ, ես տնից-տեղից կտրված՝ կգայի՞ օտարի համար աշխատելու»:

Ա. Աղասյանը Մոսկվայում աշխատելու տարիներին հասցրել է հայ եւ ռուս գործատուների մեջ որոշակի նմանություններ տեսնել. «Ռուսաստանում էլ են «շեֆերը» փողերը ձգձգում ու լինում են դեպքեր, երբ անգամ ամիսներով ոչ մի կոպեկ չեն տալիս: Նույնիսկ շատերը, օգտվելով մեր կարիքավոր վիճակից, ամիսներով աշխատեցնում ու ընդհանրապես չեն վարձատրում: Ձգձգում են, ասում են այսօր կտանք, վաղը կտանք ու վերջում շատերը ստիպված առանց մի կոպեկի Հայաստան են գնում: Դե, մոտավոր ասեմ, երեւի հայերի 60%-ին չեն վարձատրում»: Պարոն Աղասյանը դժգոհեց նաեւ, որ ռուսները, օգտվելով իրենց օտարազգի լինելու հանգամանքից, թալանում են իրենց. «Քանի անգամ էլ անձամբ ինձ հետ է պատահել: Ոստիկանները, ռեգիստրացիան ստուգելու ժամանակ, հրահանգում են դատարկել գրպանները եւ վերցնում են այն, ինչ ուզում են, ասենք՝ բջջային հեռախոս, մոտներս եղած փողը, որը հետո հետ ստանալ չի հաջողվում: Մի տեսակ անեծքի նման բան են դարձել այդ ստուգումները»:

Զրուցեցինք նաեւ Մոսկվայից ոչ հեռու՝ Տառուսա քաղաքում արտագնա աշխատանքի մեկնած մի քանի հայերի հետ:

Արմեն Գեւորգյանի պատմելով. «Ռուսաստան եկա աշխատելու 18 տարի առաջ, երբ աշխարհը շուռ եկավ, քանդվեց ու ամեն ինչ տակնուվրա եղավ: Սկզբում մեկնեցի \"\"Մոսկվա, ու ինչպես շատերը, ես էլ սկսեցի առեւտուր անել, հետո տեղափոխվեցի Տառուսա, որտեղ դեռ ոչ մի հայ չկար, բիզնես ծավալեցի այստեղ, ազատ ժամանակ նաեւ իմ մեքենայով տաքսի ծառայություն եմ մատուցում»: Երեւանում Արմենը որոշ ժամանակ «Վերնիսաժում» անտիկվար գորգերի վաճառքով է զբաղվել, իր իսկ ասելով, գործն էլ այնքան վատ չէր, Ռուսաստան է մեկնել ոչ թե ֆինանսական, այլ՝ ուրիշ պատճառով. «Ես Ադրբեջանում եմ ծնվել, երբ Ադրբեջանից փախանք Հայաստան՝ մեզ ջերմ ընդունեցին, իսկ մի երկու տարի անց այնքան փոխվեցին մեր նկատմամբ, որ մեզ երկրորդ սորտի հայ էինք զգում, բայց ինչ ուզում ա լինի, իմ ծննդավայրը Հայաստանն է: Ես երկու տուն ունեմ Դիլիջանում, դռները փակ են, Աստված գիտի, երբ նորից կբացենք»:

Նրա խոսքով, Տառուսան իրեն մշտապես հիշեցնում է Դիլիջանը. «Ոնց որ իմ ծննդավայրում լինեմ, այնքան հարազատ է, այստեղ ամեն ինչ՝ անգամ ջուրը, ոնց որ հայկական լինի: Մոսկվացիներն այստեղից հետները ջուր են տանում Մոսկվա: Երեւի հենց դրա համար եմ այս քաղաքում աշխատում: Բայց էլի Հայաստանը շատ եմ կարոտում»: Նրա պատմելով, աշխատանքը Տառուսայում թափված չէ. «Եթե խելոք մարդ ես, գլուխդ էլ աշխատում է, մի բան գտնում ես ու զբաղվում»: Արմենի պատմելով, Տառուսայում հայերը հիմնականում աշխատանք գտնում են բիզնեսի, շինարարության ոլորտում կամ տաքսու վարորդ են աշխատում. «Մոսկվացիներն այստեղ առանձնատներ ունեն, եւ ամռանը քաղաքը խիստ մարդաշատ է դառնում, Մոսկվայից ժամանում են այստեղ իրենց հանգիստն անցկացնելու, հատկապես այդ ամիսներին տաքսու վարորդների գործը շատ լավ է առաջ գնում»:

Ա. Գեւորգյանի պատմելով, վերջին տարիներին ռուսների վերաբերմունքը հայերի նկատմամբ փոխվել է, հիմա արդեն եղբայրների պես են վերաբերվում եւ վատ աչքով չեն նայում. «Ես միշտ աշխատել եմ կուլտուրական ապրել, որ ռուսներն էլ մեզնով մեր ազգի մասին կարծիք կազմեն ու չասեն, թե հայերն անշնորհք են: Վերջին հինգ տարիներին ռուսներն արդեն հայերին լավ են վերաբերվում, համարում են իրենց քրիստոնյա եղբայրները, մենք նույնիսկ նորեկ հայերին էլ ենք մոտենում ու խնդրում, որ իրենց լավ դրսեւորեն, մենք այստեղ արդեն լավ համբավ ենք ձեռք բերել»: Ա. Գեւորգյանը դժվարացավ մտաբերել, թե վերջին անգամ երբ է Հայաստան այցելել, բայց բոլորին խոստացել է, որ որդու հարսանիքը մեծ շուքով Էջմիածնում է տոնելու:

\"\"Տառուսայում զոդող է աշխատում Վալեր Թամրազյանը: Նա անվանի ու պահանջված մասնագետ է: Վալերի պատմելով, իր գործը գնահատում են ոչ միայն հայերը, այլ նաեւ տեղացիները: «Հայի ձեռքի շնորհքը ոչ մի այլ ազգի հատուկ չէ, հայը մի ուրիշ տեսակ բարեխղճությամբ է իր գործը կատարում, ռուսն ինչպե՞ս չգնահատի դա»,- ասում է մեր զրուցակիցը: Նրա պատմելով, Երեւանում էլ նույն գործն էր անում, բայց ավելի ցածր վարձատրությամբ. «Այստեղ մի առավելություն կա, ինչպես ասում են՝ արհեստավորը մինչեւ կեսօր է սոված, այդպես է, չի լինում, որ շաբաթներով անգործ տանը նստեմ, ինչպես Հայաստանում էր, իմ ընտանիքն էլ բազմանդամ է, նույնիսկ ծայրը ծայրին չէի հասցնում, իսկ այստեղ աշխատում եմ ու նաեւ մարդավարի ապրում»: Պարոն Թամրազյանը հավաստիացնում է՝ թյուր կարծիք է, թե հայերին այստեղ վատ են վերաբերվում կամ երկրորդ սորտի մարդ համարում. «Հայի խաթրին ոչ ոք չի կպնում, ծուռ աչքով չեն նայում, մեզ համար մեր շառը քաշած խելոք աշխատում ու ապրում ենք, մի բան էլ ավելին՝ հարգված մարդիկ ենք»: Նրա կարծիքով, գուցե նույն աշխատանքը կատարող ռուսներին ավելի բարձր են վարձատրում, բայց ինքը դժգոհ չէ իր աշխատավարձից. «Այդ աշխատավարձով մարդավարի ապրում եմ, վերջ, ինձ չի հետաքրքրում ուրիշներին ավելի բա՞րձր, թե՞ ցածր են վարձատրում»:

Մեր զրուցակիցներից ամենաերիտասարդը Վլադիմիր Թամրազյանն էր: Տառուսա է եկել վերջերս: Նրա խոսքով, \"\"Տառուսայում աշխատանք գտնելն այնքան էլ դժվար չէ, ճարպկություն եւ ցանկություն, մի քիչ էլ խորամանկություն է պետք:

«Ռուսաստանում երեւի չես գտնի մի երիտասարդի, ով բուհն ավարտի ու չաշխատի կամ էլ մասնագիտությամբ աշխատանք չգտնելու խնդիր ունենա: Ես ուսանում եմ նաեւ Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ճիշտ է, առայժմ իմ մասնագիտությամբ չեմ աշխատում, բայց արդեն իրավաբանական ծառայության հետ եմ պայմանավորվել, որ այնտեղ սկսեմ իմ պրակտիկան, այդ ընթացքում եւ փող կվաստակեմ, եւ փորձ ձեռք կբերեմ»: Վլադիմիրի պատմելով, դեռ չի հիշում մի դեպք, որ ռուսները «ծուռ աչքով» նայեն իրեն կամ իր ծանոթ հայերին. «Ընդհակառակը, իրենք են առաջինը քայլեր անում՝ ծանոթություն, ընկերություն հաստատելու հարցում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել