Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բոլորն էլ ասում են, որ անմեղ են»

Հունվար 21,2010 00:00

Նկատի ունենալով բոլոր ազատազրկվածներին՝ հիշեցնում է Գալուստ Սահակյանը

ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված ԵԽԽՎ նստաշրջանից անմիջապես առաջ հիմնական կազմում կատարված փոփոխությունը («Ժառանգությունը» ներկայացնող Զարուհի Փոստանջյանը այսուհետ փոխարինող կազմում է, իսկ ՕԵԿ-ական Արծրունի Աղաջանյանը՝ հիմնական), ասաց. «Իհարկե, ես կուզեի, որ «Ժառանգությունը» լուրջ քաղաքական ուժ դառնար, դա անհրաժեշտ է պետությանը: Մյուս կողմից էլ՝ մարդիկ պիտի հետեւեն քաղաքական կոնյունկտուրային, ով ինչքան քվե ստացել է, այդքան պատասխանատվություն ունի: Այնպես չէ, որ նստում-մտածում ենք՝ ում փոխենք, այլ ժողովուրդը ինքն է որոշում, թե ով ինչքան ձայն ունենա եւ որտեղ կարող է լինել: Դաշնակցությանը ժողովուրդր խորհրդարան է բերել մոտ 15 հոգով, մյուսին՝ յոթ հոգով, եւ այդպես շարունակ: Ինչքան քվե ունես, այդ քվեի պատասխանատվության շրջանակներում էլ պիտի գործես: Եվ հետո, փոխարինող եւ հիմնական անդամի տարբերությունն այն է, որ փոխարինողը քվեարկություններին չի մասնակցում, իսկ ելույթները, հանձնաժողովների աշխատանքներին մասնակցությունը եւ այլն նույնն է: Նաեւ այս մարդիկ պետք է հասկանան, որ իրենք 7 հոգիանոց խմբակցություն են, որի անդամներից մեկը ընդհանրապես քաղաքականությամբ չի զբաղվում, դուրս է եկել, մյուսը գնացել է այլ քաղաքական ուժի մոտ, եւ այդ հինգ-վեց հոգու խոսափողը որ փոխարինող կազմում էլ լինի՝ ոչինչ»:

«Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ պարոն Սահակյանին հարցեր են ուղղվել նաեւ «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին 7 տարով դատապարտելու մասին: Գալուստ Սահակյանն ասաց. «Յոթ տարի կլինի, թե վեց տարի կլիներ, եթե մարդը նեղության մեջ է, շատ չի կարելի կտցահարել եւ անընդհատ շահարկումների ճանապարհով գնալ: Մի կողմից՝ հերոսանալու, որ ինքը կրծքով պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, մյուս կողմից էլ՝ մարդիկ, որոնք նեղն են, այդպես էլ պիտի լիներ: Նա նեղության մեջ է, եւ ասեմ հետեւյալը. արդարադատությունը քննարկելու համար պիտի սցենարներ լինեն: Ես չեմ տեսել, որ որեւէ մեկին մեղադրեն կամ կալանավորեն, հանկարծ ասի, որ ինքը մեղավոր է: Բոլորն էլ ասում են, որ անմեղ են, արդարադատությունն էր սխալ, դրա համար արդարադատությունը իր սցենարներն ունի, բողոքարկելու ճանապարհներն ունի եւ Հայաստանում, եւ Հայաստանից դուրս: Այնպես որ, եթե պայքարի մեջ ես մտել, այդ լացուկոծը հեչ տեղին չէ, մանավանդ, գոնե ես, չճանաչելով Փաշինյանին, տեսնում եմ, որ ինքն ինչ ասել է, ասում է այսօր եւ ասում էր դատական պրոցեսում, ինքը չի կոտրվում, եւ շատ լավ է, որ մենք շատ քիչ չկոտրվող հայեր գոնե ունենանք: Իսկ եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ՝ եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, այդ 10 զոհերը չէին լինի, որովհետեւ մոլլայական մոգերի պես անընդհատ ժողովրդին կարողացավ իր ափերից հանել: Ես ոչ թե մեղադրական առումով եմ ասում, գուցե դա իրավական հարթության խնդիր է, մի քիչ շատ տվեցին, կարելի էր պակաս տալ: Բայց որ հանցանքը կար եւ պիտի դատապարտվեր, դա լիազոր մարմինների գործն է, եւ եթե քննարկման խնդիր կա, կան համապատասխան մարմիններ, կարելի է քննարկել»:

Գալուստ Սահակյանը նաեւ ասաց. «Մտածել, որ Նիկոլ Փաշինյանին արդարադատությունը որոշում է կայացրել եւ Նիկոլ Փաշինյանի թեւ ու թիկունքը Եվրախորհուրդը պիտի լինի, ես այդպես չեմ կարծում: Անկախ նրանից՝ ինչպիսին է իրավիճակը, մարդը նեղության մեջ է: Շատ հպարտանում եմ, որ իմ ազգակիցները անընդհատ փորձում են ինչ-որ ձեւով ամոքել նեղությունը: Բնականաբար, մեր արդարադատությունը այդ ճանապարհն էլ ունի, առավել եւս, եթե դատական ատյանները ինչ-որ բան չեն վերլուծում, այդ հնարավորությունը ունի արդարադատության խորհուրդը, այդ հնարավորությունը ունի երկրի նախագահը, այնպես որ, արդարության համար պետք է պայքարել, հենց այնպես՝ օդից արդարությունը չի իջնում: Տա Աստված, որ մի երկու տարի պակաս լինի, տա Աստված, որ ներվի, որովհետեւ հայի արժեքը վերջին հաշվով հայն է, վատ հայ չկա, կա լավ հայ եւ շատ լավ հայ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել