Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԻՎ 10-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ

Հունվար 21,2010 00:00

«Ընդդիմությունը պետք է ավելի նախաձեռնող եւ հասարակության հետ էլ ավելի անկեղծ լինի»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը:

– Թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններն ավարտվեցին հերթական կեղծիքներով, եւ ընդդիմությունը՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, ստիպված եղավ դրանք արձանագրելով հանդերձ, համարվել ընտրություններում պետական մեքենայի կողմից պարտության ենթարկված կողմ: Բացի այս արձանագրումից, ընդդիմությանն ի՞նչ տվեց այս ընտրություններին մասնակցելը:

– Ես սկզբունքորեն համոզված մնում եմ այն կարծիքին, որ ընտրություններին մասնակցելը ճիշտ էր՝ անկախ դրանց ընթացքում արձանագրված խախտումներից: Ու, ըստ իս, այս ընտրությունները շատ կարեւոր էին մեկ արձանագրում անելու առումով. բոլորը պետք է հասկանան, որ իշխանությունը ընտրություններում օգտագործեց, այսպես կոչված՝ «պոլի փետի» տեխնոլոգիան՝ ապացուցելով, որ, ըստ էության, ցանկացած գործչի կարելի է հաղթել՝ բացառապես իշխանական ռեսուրսի հաշվին: Ընդդիմությունը եւս պետք է դասեր քաղի տեղի ունեցածից, որովհետեւ, ինչպես նկատում եք, եթե չհաշվենք, որ ընտրությունների արդյունքները դատարանում դեռ բողոքարկվելու են, հետընտրական որեւէ զարգացում չկա. հասարակությունը կեղծված ընտրության դեմ չընդվզեց:

– Բայց ընդդիմությունը նման կոչով չդիմեց էլ իր համակիրներին: Կարծում ես, որ եթե նման կոչ լիներ՝ հետընտրական պրոցեսներ չէի՞ն լինի:

– Չեմ կարծում, որովհետեւ հասարակությունը, ըստ իս, արդեն հարմարվել է իշխանության էությանը, այսինքն՝ որ ընտրություններն անընդհատ պետք է անցկացվեն «մենթալիտետային» սկզբունքով: Երկրորդ՝ որքան էլ ցավալի է արձանագրել, հասարակությունը որոշակի վստահության դեֆիցիտ ունի նաեւ ընդդիմության հանդեպ: Այսօր ստեղծվել է որոշակի պատային իրավիճակ, որը, սակայն, չի նշանակում, թե ընտրություններին մասնակցել պետք չէր, բայց եթե այս ընտրություններից մենք հետեւություններ չանենք՝ հաջորդ ընտրություններին կմասնակցենք նույն բացթողումներով:

– Ընդդիմությունը մտավ մի ընտրապայքարի մեջ՝ քաջ գիտակցելով, որ իշխանությունն իր վարչական մեքենայով կատաղի պայքարելու է իր դեմ: Դա նշանակում է, որ ընտրությունները ընդդիմության համար իմիջիայլոց միջոցառո՞ւմ էին, թե՞ դրա հետ կապված որոշակի եւ կոնկրետ նպատակներ կային, որոնք, այնուամենայնիվ, արդարացվեցին. ասենք՝ էլի մի անգամ ի ցույց դրվեց, որ իշխանությունը չի էլ փորձում քաղաքակրթվել:

– Սա լուրջ ընտրություն էր, ու շատ պարզ էր, որ դրան մասնակցելով՝ ընդդիմությունը մանդատի խնդիր չէր լուծում: Այս ընտրությունները պետք է տային մի քանի հարցի պատասխան՝ իշխանությունը բարեփոխվելու շանս ունի՞, թե՞ ոչ: Երկրորդ՝ ընդդիմությունը հասարակությանը ընտրական գործընթացի գլխավոր սուբյեկտ դարձնելու ուղղությամբ ավելի արդյունավետ մեխանիզմներ մշակե՞լ է, թե՞ ոչ: Ցավոք, երկու հարցադրումների պատասխանն էլ բացասական եղավ: Ի վերջո, անկախ անհայտ թեկնածուի օգտին կեղծված ձայներից՝ ակնհայտ է նաեւ, որ ընդդիմադիր ընտրողը՝ իր հիմնական հատվածով, հունվարի 10-ին մնաց իր տանը եւ չմասնակցեց ընտրություններին:

– Ընդդիմությունը պնդում է, որ հունվարի 10-ին էլ վախի եւ ահաբեկման մթնոլորտ է եղել, որ ընդդիմադիր կողմնորոշում ունեցող ընտրողները պարզապես վախեցել են ընտրատեղամասեր գնալ:

– Դրան ես պայմանականորեն եմ վերաբերվում: Հիշենք, որ հասարակության նկատմամբ ճնշումներ եղել են նաեւ Երեւանի քաղաքապետի ընտրությունների, 2008թ. նախագահական ընտրությունների, նաեւ դրանից առաջ որեւէ այլ համապետական ընտրությունների ժամանակ: Բայց նույնիսկ ահաբեկման եւ վախի մթնոլորտում եղել են ընտրություններ, որոնց հասարակությունն ակտիվորեն է մասնակցել: Ես չեմ ուզում ամեն ինչին պարզունակ բացատրություններ տալ: Չմոռանանք, որ հասարակությունը ընդդիմությունից սպասում է կոնկրետ քայլեր եւ լուծումներ: Երբ մենք արդյունավետ մեխանիզմներ կառաջարկենք, եւ հասարակությունը պասիվ կմնա, նոր միայն մենք կխոսենք հասարակության որակի ու կառուցվածքի մասին: Բայց սա այն նույն հասարակությունն է, որը հետխորհրդային տարածքի համար աննախադեպ քաղաքացիական կեցվածք ունի: Հիշենք թեկուզ Հյուսիսային պողոտայի հավաքները, նախագահական ընտրությունները եւ այն, որ նույնիսկ «Մարտի 1»-ի սպանդից հետո հասարակությունը չվախեցավ եւ դուրս եկավ բազմահազարանոց ցույցերի ու բողոքի երթերի՝ աչքի առաջ ունենալով տասնյակ քաղկալանավորների առկայության փաստը:

– Այդ դեպքում ինչո՞վ բացատրել այդ ընտրություններում հասարակության ընդվզող հատվածի պասիվությունը, առավել եւս, երբ ընդդիմության թեկնածուի նախընտրական շտաբում պնդում են, թե իրենք քարոզարշավի ժամանակ տուն առ տուն այցելել եւ 10 հազար մարդուց հավաստիացում են ստացել, որ ընտրելու են Փաշինյանին:

– Ընդդիմության նկատմամբ եղած վստահության պակասով, որը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ ընդդիմությունը չի մասնակցում մեր քաղաքական օրակարգի ձեւավորմանը: Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հանդես եկավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությամբ, եւ Հայ ազգային կոնգրեսն էլ դադարեց նախաձեռնող լինելուց, երկրի ներսում խաղի մինչ այդ հաստատված կանոնները, ըստ էության, փոխվեցին: Դրանք հիմա թելադրում է իշխանությունը, ինչը շատ վատ է: Կարծում եմ՝ ՀԱԿ-ը հայ-թուրքական կամ ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ պետք է անկեղծորեն արտահայտեր իր դիրքորոշումը՝ առանց պոպուլիստական բնորոշումների, եւ չվախենալով, որ այդ դիրքորոշումը ինչ-որ հարցում կարող է համընկնել Սերժ Սարգսյանի դիրքորոշման հետ, մանավանդ, որ նա մի մարդ է, ով երեկ «վոյինի» կողքին էր եւ «երեք ճակատ, մեկ սահման» փիլիսոփայության կողմնակիցը: Ես ցավում եմ, որ ՀԱԿ-ը արտաքին քաղաքականության հարցերում նախաձեռնությունը վերապահել է իշխանությանը, ու արդյունքում ստացվել է այնպիսի մի անհեթեթ իրավիճակ, երբ իշխանությունը խոսում է գաղափարների մասին, որոնց չի հավատում, իսկ մենք լռում ենք դրա մասին, որովհետեւ այդ գաղափարների մասին խոսում է իշխանությունը: Սա փակուղային վիճակ է: Մյուս կողմից՝ պետք չէ քաղաքական մեր վարքագիծը պայմանավորել բացառապես արտաքին գործոններով, առավել եւս, որ հասարակության համախմբման հիմնական մոտիվացիան արդարության գաղափարն է: Կարծում եմ, որ մեր հասարակությունն առաջին հերթին միավորվելու է ոչ թե արտաքին քաղաքական, այլ քաղաքացիական խնդիրների շուրջ: Այդ իմաստով ՀԱԿ-ի աշխատանքից ես ինքս բավարարված չեմ: Ավելին, ես տպավորություն ունեմ, որ ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունն այսօր գործում են վիրտուալ Հայաստանում, եւ կա մի երրորդ Հայաստան, որտեղ ապրում եւ գործում է մեր հասարակությունը, ու այս երեքն էլ խոսում են միանգամայն տարբեր լեզուներով: Ընդդիմությունը շատ ավելի բաց ու անկեղծ պիտի լինի հասարակության հետ շփումներում: Մեր՝ ընդդիմության հիմնական բացթողումներից մեկն այն է, եւ դա ցույց տվեցին նաեւ վերջին ընտրությունները, որ մենք չենք կարողացել քաղաքականության ակտիվ սուբյեկտ դարձնել հասարակության այն խավին, որն ինքնաբավ է, ունի իր ուրույն արժեքները, օտարվել է իշխանությունից եւ նրանից այլեւս սպասելիքներ չունի, բայց չի էլ վստահում ընդդիմությանը, որովհետեւ նրանից ունի առայժմ չարդարացված ակնկալիքներ:

Բայց վերջին ընտրություններում մեր հասարակության, այդ թվում՝ Կենտրոնի բնակիչների, ընդդիմադիր հատվածի պասիվությունը կարելի է բացատրել նաեւ նրանով, որ հասարակությունը համարել է, որ այդ ընտրությունները մեծ հաշվով երկրում փոփոխությունների հասնելու համար որոշիչ չեն, եւ հույսը կապում է բացառապես նախագահական ընտրությունների հետ: Բոլոր դեպքերում, կարծում եմ, ընդդիմությունը՝ Կոնգրեսը, որը երկարատեւ պայքարի համար նախատեսված «պրոյեկտ» է, խորհելու առիթ ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել