Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ

Հունվար 21,2010 00:00

«Հայաստանի իշխանությունները դեռեւս պատշաճ կերպով չեն հետաքննել 2008թ. մարտյան իրադարձությունների ժամանակ ընդդիմության աջակիցների հետ բախումներում անվտանգության ուժերի կողմից ոչ համարժեք ուժի գործադրումը»,- «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, երեկ հայտարարել է «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը՝ չորեքշաբթի հրապարակված զեկույցում։ Զեկույցում ընդգծված է, որ «թեեւ իշխանությունները պնդում են, թե շուրջ 200 ներքին հետաքննություն են իրականացրել ոստիկանության գործողությունների շուրջ, այդուամենայնիվ, մինչ օրս ընդամենը չորս ոստիկանի է մեղադրանք ներկայացվել անհամաչափ ուժ կիրառելու համար։ Մյուս կողմից՝ չնայած նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայտարարված համաներմանը, ընդդիմության շուրջ 17 ներկայացուցիչ, տեղական իրավապաշտպան կազմակերպությունների հաղորդմամբ, այսօր էլ շարունակում է ազատազրկված մնալ»:

Հեղինակավոր կազմակերպությունը նշել է, որ անցած տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները շարունակել են սահմանափակել նաեւ քաղաքացիների՝ ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը, եւ որ «ընդդիմության՝ հանրահավաք անցկացնելու 84 դիմումներից հավանության է արժանացել ընդամենը 28-ը»։ «Human Rights Watch»-ը նաեւ փաստել է, որ լրագրողների եւ ընդդիմադիրների դեմ իրականացված բռնություններին անցած տարի ավելացել են նաեւ իրավապաշտպանների նկատմամբ հարձակումներն ու հետապնդումները, որոնցից երեքը հիշատակված են երեկ հրապարակված զեկույցում։ Իսկ «Մամուլի ազատության միջազգային հանձնաժողովը», որը մամուլի ազատության պաշտպանության եւ քարոզչության շուրջ 45 լրագրողական խմբեր միավորող միջազգային կազմակերպություն է, դատապարտել է Ն.Փաշինյանի նկատմամբ կայացված 7 տարվա ազատազրկման դատավճիռը։ Կազմակերպությունը շեշտել է, որ «Փաշինյանի ձերբակալությունը, դատը, մեղադրանքներն ու դատավճիռը հակասում են համաներման որոշմանն ու ԵԽԽՎ բանաձեւին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել