Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՍԱՆՁԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆՈՒՅՆ ԿԵՆՏՐՈՆԻՑ

Հունվար 21,2010 00:00

Մամուլի ազգային ակումբում երեկ անդրադառնալով «Freedom House» կազմակերպության զեկույցում Հայաստանի վերաբերյալ գնահատականներին՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն ասաց. «Ինքս «Freedom House»-ի զեկույցները շատ բարձր չեմ գնահատում, որովհետեւ այն ընդհանրապես ունի քաղաքականացված մոտեցում»: Ավելի ուշ ասաց. «Չեմ բացառում, որ «Freedom House»-ի նման գնահատականները եւս մեկ օժանդակ ճնշում ու լծակ են Հայաստանի վրա»: Եվ պարզաբանեց. «Եթե Հայաստանն ավելի համաձայնողական դիրքորոշում ունենար Ղարաբաղի խնդրի եւ դրան փոխկապակցված՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ՝ նրանք կարող է ավելի մեղմ մոտենային»:

Այսուհանդերձ՝ Լարիսա Ալավերդյանը համաձայնեց այս կազմակերպության բոլոր գնահատականներին, որոնք տրվել են Հայաստանին. «Արձանագրենք, որ վերջին 8 տարվա ընթացքում, այո, առաջադիմություն այն հարցերում, որոնք մեզ համար խնդիր են որպես իրավական պետություն կայանալու առումով՝ ոչ միայն չկա, այլեւ շատ ոլորտներում ակնհայտ է հետընթացը»:

Այս ասուլիսի ընթացքում Լարիսա Ալավերդյանը եւս մի ուշագրավ դիտարկում արեց, որը վերաբերում էր հայաստանյան մամուլին. «Ազատ, արդար խոսքի ճնշումը եւ շատ անգամ՝ սանձարձակ խոսքի ազատությունը կառավարվում են նույն կենտրոնից»: «Առավոտը» հիշեցրեց, որ վիրավորանքներով լեցուն հրապարակումներ լինում են ոչ միայն իշխանամետ, այլեւ ընդդիմադիր մամուլում, եւ հետաքրքրվեց՝ ըստ այդմ, շարունակո՞ւմ է պնդել, որ դրանք ղեկավարվում են մի կենտրոնից: «Ես ենթադրում եմ, իսկ ենթադրելը հանցանք չէ,- պատասխանեց Լարիսա Ալավերդյանը՝ ենթադրության հիմք նշելով նույնական բառապաշարը եւ տեղեկությունները:- Լինում են այնպիսի տեղեկություններ, որ գրեթե հասանելի չեն լրագրողներին: Սա ինձ հիմք է տալիս մտածելու, որ այդ թերթերը վայելում են հովանավորություն եւ տեղեկացվում մի կենտրոնից»: Համոզմունք հայտնեց, որ այդ կենտրոնն իշխանական է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել