Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն շնորհակալ է Թուրքիային

Հունվար 21,2010 00:00

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը մի քիչ ավելի լավ է հասկացել, քան մեր արտգործնախարարը,- երեկ «Դուպլեքս» ակումբում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:- Սակայն Թուրքիայի այդ հայտարարությունն իսկապես որ իրենց պարտավորություններից խուսափելու փորձ է, որովհետեւ Թուրքիան մեղադրում է Հայաստանին, սակայն իրականում ինքն ընդհանրապես գործընթացը չի սկսել՝ հակառակ իրենց օրենսդրության: Ըստ այդմ՝ առնվազն իրենց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն իր տեսակետը պետք է հայտներ արձանագրությունների մասին՝ մինչեւ դեկտեմբերի 7-ը, բայց դա չկատարվեց: Եվ հակառակ դրան՝ Թուրքիան փորձում է Հայաստանին մեղադրել, թե հավատարիմ չէ բանակցությունների ոգուն եւ արձանագրությունների տառին»:

Կիրո Մանոյանը նաեւ կարծիք հայտնեց, որ շուտ է ասել, թե հայ-թուրքական գործընթացը փակուղի է մտնում. «Բայց որ նոր զարգացումների պետք է սպասել՝ դա հստակ է: Կարծում եմ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունից հետո այս մեկ-երկու օրվա ընթացքում չի բացառվում, որ Քլինթոնը կամ Բայդենը զանգահարեն մեր նախագահին՝ հավաստիացում ստանալու համար: Բայց կարծում եմ, որ մեր իշխանությունները պետք է չշեղվեն Սահմանադրական դատարանի ճշտած այդ ուղուց ու հանկարծ չփորձեն ՍԴ որոշումն ինչ-որ ձեւով նսեմացնել»: Ավելի որոշակի՝ հույս հայտնեց, թե ՀՀ նախագահը Քլինթոնին կամ Բայդենին չի ասի. «Մի մտահոգվեք, ՍԴ որոշումը ներքին սպառման համար է»:

Պնդելով, թե Թուրքիան իր առաջ քաշած նախապայմանները փորձում է բարդել Հայաստանի վրա՝ պրն Մանոյանը հավելեց, թե մենք վատ զգալու պատճառ չունենք. «Հայաստանն իր պարտավորությունները լիուլի կատարում է: Նույնիսկ այսքան արագ Սահմանադրական դատարանի որոշումը ստանալու կարիքը չունեինք, բայց ամեն դեպքում՝ հիմա խնդիր ունենք համայն աշխարհին ցույց տալ Թուրքիայի իրական տրամադրությունները: Հանկարծ այնպես չստացվի, որ Հայաստանը մեղադրվի արձանագրությունների վավերացումը տապալելու մեջ: Թուրքիան է այդ կեցվածքը որդեգրել ստորագրումից առաջ, ընթացքում եւ հետո էլ»:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն նաեւ հայտարարեց. «Շնորհակալ ենք Թուրքիայի ԱԳ նախարարությանը այդ տեսակ հայտարարության համար, որ ինքն արդեն ՍԴ որոշումը համարում է մաս արձանագրություններին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել