Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նիկոլին փակելը վանդալիզմ է»

Հունվար 21,2010 00:00

Կարծում է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը

\"\"Երկու օր է՝ Գյումրիի անկախ լրատվական ալիքը, ի պաշտպանություն յոթ տարվա ազատազրկման դատապարտված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի, սկսել է յուրատեսակ բողոքի ակցիա: Ամեն օր «ամենադիտվող» ժամին՝ 21.00-22.00-ին, հեռուստաընկերությունը եթերում տեղադրում է Նիկոլ Փաշինյանի նկարը՝ «Բողոքի ակցիա» վերտառությամբ, ու վազող տողով հեռարձակում դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած վճռից դժգոհող բոլոր անհատների ու կազմակերպությունների անունները:

Հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանի ասելով, կախված հասարակության արձագանքից՝ իրենք կավելացնեն քաղբանտարկյալ խմբագրին հատկացվող եթերաժամը, կընդլայնեն ֆորմատը, ավելին՝ եթեր կտրամադրեն բոլոր այն մարդկանց, ովքեր կցանկանան խոսել այս թեմայով: «Ես չէի սպասում, որ Նիկոլին յոթ տարվա ազատազրկման կդատապարտեն: Նրան պաշտպանելով՝ մենք պաշտպանում ենք Հայաստանի Հանրապետությունը, մեր պետությունը, պետականությունը, ազատ խոսքի իրավունքը: Նիկոլը էն մարդկանցից է, էն հայերից, ով որ մեր ազգին շատ պետք է, մենք պետք է հպարտանանք, որ էդպիսի մարդ ունենք, հանենք, ցույց տանք բոլոր տեղերում, որ մեր ազգը ունի մարդկային հայ էս տեսակը. Նիկոլի մարդկային էս տեսակի շնորհիվ է, որ երկիրը, պետությունը առաջ է գնալու, նրան բանտում փակելը վանդալիզմ է»,- ասում է Վահան Խաչատրյանը: Իսկ թե ինչի՞ կհասնեն բողոքի այդ ձեւով, «ԳԱԼԱ»-ի սեփականատերը թեեւ չի շտապում ենթադրություններ անել, սակայն հիշեցնում է, որ իր հեռուստաընկերությունը ունի կռվելու ու հաղթելու հարուստ փորձ:

«Առավոտը» Վահան Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է վերջին շրջանում Հայ ազգային կոնգրեսը անընդհատ դժգոհում «ԳԱԼԱ»-ից, քննադատում վերջինիս՝ մեղադրելով իր քաղաքականությունն ու դիրքորոշումը փոխելու մեջ, մի՞թե «ԳԱԼԱ»-ի տնօրենը հավատարմության երդում էր տվել հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, այժմ էլ դրժել է այն: «Դեռեւս 2 տարի առաջ, երբ սկսվեցին «ԳԱԼԱ»-ի դեմ հալածանքները, իմ տված առաջին հարցազրույցի ժամանակ ես ասացի, որ որեւիցե քաղաքական ուժի համակիրը չեմ, 2 տարի անընդմեջ, երբ որ ինձ տվել են էդ հարցը, միշտ ասել եմ, որ մեր հեռուստաընկերությունը անկախ է, չի պատրաստվում փոխել իր կողմնորոշումը այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ: Հեռուստաընկերությունը իրեն իրավունք է վերապահում ճիշտ ու օբյեկտիվ լուսաբանումներ անելու: Եթե որոշ անձինք ու քաղաքական ուժեր, կոնկրետ այս դեպքում՝ ՀԱԿ-ը դժգոհ է մնացել մեր լուսաբանումներից, ուրեմն դա ՀԱԿ-ի իրավունքն է, տեսակետ է, որը մենք կընդունենք ի գիտություն: Մինչ այդ իշխանություններն էին դժգոհ մնացել «ԳԱԼԱ»-ի լուսաբանումներից: Մենք փորձում ենք անել այնպես, որ հեռուստաընկերությունը մնա անկախ եւ, անկախ որեւիցե մեկի կամքից, գոհ կամ դժգոհ մնալուց, անի իր գործը: Մենք միշտ էլ եթեր ենք տրամադրել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնց Հայաստանում որեւէ մեկը եթեր չէր տրամադրում, օրինակ՝ ՕԵԿ-ին, մի ժամանակ նրանց եթեր չէին տրամադրում: Այդպես ենք աշխատել, այսուհետ եւս աշխատելու ենք, ենթադրենք՝ վաղը Հանրապետական կուսակցությանը որեւիցե մեկը եթեր չտա, ես վստահեցնում եմ, որ ես կտամ, եթե նա զրկված լինի խոսքի ազատության իրավունքից»,- ասաց մեր զրուցակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել