Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԵՑՈՂ»

Հունվար 21,2010 00:00

\"\"ՀՀ ՍԴ-ի հունվարի 12-ի որոշման «վերապահումներն» այսպես է բնութագրում Երջանիկ Աբգարյանը՝ համոզված, որ Թուրքիան նաեւ այդ առիթն է օգտագործելու՝ արձանագրությունները վավերացնելը հետաձգելու համար:

Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների հետագա կարգավորման գործընթացը կշարունակվի միայն այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրական դատարանը վերանայի իր որոշումը: Հիշեցնենք, որ մինչ այդ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը քննադատության էր ենթարկել նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:

Ի դեպ, երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Սահմանադրական դատարանի հունվարի 12-ի որոշման վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարության հնչեցրած դժգոհությունները։ Թուրքական լրատվամիջոցները, մեջբերելով Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքերը, տեղեկացնում են, որ նախարարների հեռախոսազրույցի ընթացքում Ահմեդ Դավութօղլուն Էդվարդ Նալբանդյանին եւս մեկ անգամ ասել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի հունվարի 12-ի որոշումն անընդունելի նախապայմաններ է պարունակում՝ հավելելով, որ Թուրքիան հավատարիմ է ստորագրված արձանագրությունների ոգուն եւ նույնն ակնկալում է նաեւ Հայաստանից։ Թուրքիայի արտգործնախարարը նաեւ նշել է, որ իրենք սկսել են թուրք հասարակությանն իրազեկելու գործընթացը եւ արձանագրությունները ներկայացրել են խորհրդարան։ Փոխարենը՝ հայկական կողմը դեռ խորհրդարան չի ներկայացրել։

Թուրք բարձրաստիճան պաշտոնյաների իրար հաջորդած հայտարարությունների առիթով «Առավոտի» հետ զրույցում «Արմատ» կենտրոնի անդամ Երջանիկ Աբգարյանը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ-ի ընդունած որոշման վերապահումները, որոնք վերաբերվում են սահմանների ճանաչմանը, ցեղասպանությանը եւ ԼՂՀ հարցին, բնութագրեց այսպես. «ՀՀ ՍԴ-ի մեկնաբանություններն, ընդհանրապես, իրավական առումով կոպեկի արժեք չունեն: Նման բան չի կարող լինել. երկու երկրների միջեւ փաստաթղթեր են ստորագրվում եւ ամեն երկիր իր մեկնաբանություններն է տալիս դրանց: Ամբողջ աշխարհում հազար ու մի համաձայնություններ են ձեռք բերվում, յուրաքանչյուրն իր մեկնաբանությունները եթե տա, ապա ոչ մի համաձայնություն այդպես էլ չի աշխատի: Հայաստանի Սահմանադրական դատարանը պարտավոր էր ընդամենը մեկ հարց պարզել՝ արձանագրությունները համապատասխանո՞ւմ են ՀՀ Սահմանադրությանը, թե՞ ոչ»: ՀՀ ՍԴ-ի որոշումը Երջանիկ Աբգարյանը Թուրքիայի համար համարում է «գտնված», այն իմաստով, որ՝ «Թուրքիան նպատակ ուներ՝ մինչեւ ԼՂՀ հարցում Ադրբեջանի օգտին առաջընթաց քայլեր չլինեն, այդ արձանագրությունները մեջլիսում չվավերացնել: ՍԴ որոշումից հետո թուրքերը արձանագրությունների վավերացման գործընթացը ձգձգելու եւս մի պատճառ ունեն: Նրանք ուղղակի օգտվում են հայերի եւս մի սխալից»:

«Առավոտի» դիտարկմանը՝ փաստորեն, այդ տեսանկյունից թե Թուրքիայի ԱԳՆ-ի, թե վարչապետի հայտարարությունները կարելի է արդարացվա՞ծ համարել, պարոն Աբգարյանը հակադարձեց. «Ոչ, ես այդ հայտարարություններն արդարացված չեմ համարում: Թուրքերն էլ շատ լավ հասկանում են, որ դա կոպեկի արժեք չունի եւ կարելի է ընդհանրապես շրջանցել: Պարզապես, ամեն առիթ օգտագործում են վավերացումը ձգձգելու համար»: Այդ դեպքում ինչո՞ւ են որոշ քաղաքական ուժեր, այդ թվում նաեւ ՀՅԴ-ն, գովաբանում եւ փառաբանում ՍԴ որոշումը՝ շեշտադրումներ կատարելով հատկապես այդ վերապահումների վրա՝ հարցին մեր զրուցակիցն արձագանքեց. «Ես ընդհանրապես չեմ հասկանում այդ առիթով դաշնակների հորթի ուրախությունը: Դա ընդհանրապես չաշխատող տարբերակ է»: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս վիճակը, մեր զրուցակցի գնահատմամբ, այսպիսին է. «Թուրքիան ամեն կերպ կփորձի ձգձգել արձանագրությունների վավերացումը՝ մինչեւ ԼՂՀ հարցում հօգուտ Ադրբեջանի առաջընթացներ արձանագրվեն»: Այս համատեքստում, նկատի ունենալով նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվացումը՝ հնարավո՞ր է տեսանելի ապագայում ԼՂՀ հարցի շուրջ հիմնարար փաստաթղթի ստորագրումը. «Ինձ համար մի բան ակնհայտ է՝ ԼՂՀ հարցում առաջընթացի գրանցման նախաձեռնությունը ՌԴ-ն վերցրել է իր ձեռքը: Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը վերջին շրջանում ակտիվության «պաուզա» ունեին՝ Բրադկեի այցելությունը չհաշված: Ես ենթադրում եմ, որ ՌԴ-ն ամեն ջանք կթափի, որպեսզի հունվարի 25-ին՝ նախագահների հանդիպման արդյունքում, ինչ-որ նոր փաստաթուղթ առաջանա: Ամեն դեպքում, այդ փաստաթուղթը չի կրկնի Մայնդորֆյան համաձայնագիրը. այն առնվազն մեկ քայլ առաջ պետք է լինի՝ դեպի ավելի կոնկրետացում»,- ասում է Երջանիկ Աբգարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել