Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԵԽԽՎ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈԽԱՏԵՂՄԱՆ ԴԵՄ

Հունվար 21,2010 00:00

\"\"Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության հիմնական կազմից հանելու կապակցությամբ բողոքել են մարտի 1-ի զոհերի հարազատներն ու քաղբանտարկյալները: «Ժառանգությունը» այս եւ այլ բողոք-դիմումները փոխանցում է դիվանագետներին:

«Ժառանգություն» խմբակցությունը միայն երեկ է պաշտոնապես ստացել ԱԺ նախագահի կողմից հունվարի 15-ին ստորագրված կարգադրության պատճենը՝ ԵԽԽՎ-ում պատվիրակության կազմը հաստատելու մասին, որով, ինչպես Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակում նշել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը. «Մեր կարծիքով՝ խախտելով ՀՀ մի շարք օրենքների եւ ԵԽԽՎ կանոնակարգի պահանջները, Դուք հայկական պատվիրակության մշտական անդամների ցանկից հանել եք ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցչին եւ հրահանգել չֆինանսավորել ու չկազմակերպել ԵԽԽՎ «Ժողովրդական կուսակցություն խմբի» բյուրոյի, մոնիտորինգի հանձնաժողովի ու 4 այլ հանձնաժողովների հիմնական անդամ Զարուհի Փոստանջյանի գործուղումն այդ հանձնաժողովների առաջիկա նիստերին»: Համարելով այս կարգադրությունն անօրինական՝ պրն Սաֆարյանը խնդրել է ԱԺ նախագահին տրամադրել այն ընդունելու հիմք ծառայած փաստաթղթերի պատճենները։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը երեկ ԱԺ-ում հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳՆ ներկայացուցիչ Բերբեր Վան Դեր Վուդի հետ եւ հանգամանալից քննարկել ԱԺ նախագահի վերոհիշյալ կարգադրությունը՝ այն գնահատելով իբրեւ խոչընդոտ Զարուհի Փոստանջյանի եւ «Ժառանգության» պատգամավորական գործունեության համար: Երեկ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հանդիպել են ԱՄՆ պետական դեպարտամենտում Հայաստանի հարցերով պատասխանատու Ջոզեֆ Ֆարելիի հետ: Հանդիպման ընթացքում վերստին անդրադարձ է եղել ԵԽԽՎ-ում «Ժառանգության» ներկայացուցչի «մեկուսացման ու գործունեության խոչընդոտման խնդրին»: Երկու հանդիպումների ընթացքում էլ «Ժառանգությունը» դիվանագետներին է հանձնել մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների եւ քաղբանտարկյալների, ինչպես նաեւ կուսակցությանը փոխանցված այլ բողոք-դիմումները, որոնցով պահանջվում է կասեցնել ԱԺ նախագահի կարգադրությունը:

10 զոհերից 7-ի ծնողներն իրենց բողոքը հասցեագրել են ԵԽ պաշտոնյաներին եւ մասնավորապես՝ ԵԽԽՎ կանոնների եւ ընթացակարգերի հարցերի հանձնաժողովին, որն էլ իրավասու է անդրադառնալ պատվիրակության կազմում արված այս փոխատեղմանը: Նամակում մասնավորապես նշված է, թե այն պայմաններում, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ «մարտի 1»-ի էջը փակված է՝ «Այս ողջ ժամանակահատվածում հայոց խորհրդարանում, եվրոպական կառույցներում մեր իրավունքների ու օրինական պահանջների միակ պաշտոնական բարձրաձայնողն ու ներկայացնողը եղել է «Ժառանգություն» կուսակցությունը եւ նրա ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը, որին 2008թ. ապրիլին փոխարինեց տիկին Զարուհի Փոստանջյանը»: 

Արձագանքելով այն փաստին, որ ԵԽԽՎ պատվիրակության հիմնական կազմում ընդդիմությունը ներկայացնելու է միայն ՀՅԴ անդամը՝ զոհերի հարազատները գրում են. «Դաշնակցությունը մշտապես հնարավորություն է ունեցել արտահայտվել մարտի 1-ի ու դրա հետեւանքների մասին, սակայն դա երբեւէ չի արել, հավանաբար այն պարզ պատճառով, որ մաս է կազմել թե նախկին, թե ներկայիս իշխանությանը, հատկապես 2008թ. մարտյան օրերին ու դրանից հետո՝ ընդհուպ մինչեւ 2009թ. մայիսը: Ավելին՝ այդ կուսակցության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ այդ իրադարձությունների մեղավորն ու պատասխանատուն միայն ընդդիմությունն է»: Եվս մի անգամ ընդգծել են. «Ժառանգությունից» բացի՝ ոչ մի կուսակցություն պաշտոնապես չի ներկայացնում մեր շահերը, տեսակետները եւ ակնկալիքները համաեվրոպական այդ հեղինակավոր ամբիոնում: Հետեւաբար, եթե դուք շահագրգռված եք Հայաստանի հարցի համալիր քննարկմամբ ու ձեր իսկ ընդունած փաստաթղթերի իրականացմամբ, ապա դա ապացուցելու լավագույն հնարավորություններից մեկը հայկական պատվիրակության կազմում Զարուհի Փոստանջյանի՝ հիմնական անդամի կարգավիճակի վերականգնումն ու ԱԺ նախագահի՝ պատվիրակության կազմի փոփոխություն ենթադրող հավատարմագրի մերժումն է»:

Հ. Գ. Երեկ «Սարդարապատ» շարժման կազմակերպած քննարկման ժամանակ Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ որոշ պատվիրակների խնդրելու է ներկայացնել այս հարցերը մոնիտորինգի հանձնաժողովի եւ ԵԽԽՎ լիագումար նիստերում: Իսկ Տիգրան Խզմալյանը հայտնեց, թե մտադիր են հասարակական լսումներ կազմակերպել՝ հարկատուների հաշվին գործող պատվիրակությունների գործունեության արդյունավետության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել