Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱՆԿՈՒՎԵՐԻ ՉՈՐՍ ՎԱՐԿԱՆԻՇ ԱՐԴԵՆ ՈՒՆԵՆՔ

Հունվար 21,2010 00:00

Ծաղկաձորում մեկնարկած դահուկավազքի Հայաստանի առաջնության առաջին օրվա՝ 1200 մետր արագավազքի արդյունքների մասին մարզասերներին արդեն տեղեկացրել ենք:

\"\"Առաջնության հետագա ընթացքի, մյուս մրցաձեւերում գրանցված արդյունքների եւ արդեն փետրվարին Վանկուվերում մեկնարկող ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության շուրջ «Առավոտը» երեկ զրուցեց հանրապետության դահուկային սպորտի ֆեդերացիայի քարտուղար Գագիկ Սարգսյանի հետ:

– Ի՞նչ տվեց այս առաջնությունը Հայաստանի դահուկային սպորտին:

– Նախ ուզում եմ տեղյակ պահել, որ հանրապետության այս առաջնությանն առաջին անգամ օլիմպիական վարկանիշային կարգավիճակ էր տրվել: Այսինքն՝ մասնակիցներին շնորհվում էին մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի (FIS) միջազգային վարկանիշային միավորներ: Դրա համար էլ առաջնությանը մասնակցեց նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ ունեցավ իր մրցանակակիրը: Եվ մի բան էլ, որն անչափ կարեւոր է: Այսուհետեւ դահուկային մարզաձեւերի Հայաստանի առաջնությունները նույնպես լինելու են վարկանիշային:

– Ովքե՞ր դարձան հաղթողներ, հայաստանցի մարզիկների արդյունքներն ընդհանուր առմամբ գոհացնո՞ղ էին:

– Չեմպիոնների կոչման եւ մեդալների համար պայքարում էին Աշոցքի եւ Գյումրիի ներկայացուցիչները: Տղամարդկանց եւ կանանց 10 կմ ազատ, տղամարդկանց 10 կմ եւ կանանց 5 կմ դասական ոճերում, համապատասխանաբար, Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեցին Սերգեյ Միքայելյանը եւ Սյուզաննա Վարոսյանը, որոնք նեկայացնում են Աշոցքի ՖԻՄԱ-ն: Իսկ առաջնության վերջին օրն անցկացված 4×5 փոխանցումավազքում թիմերը դասավորվեցին հետեւյալ հաջորդականությամբ.

Տղամարդիկ

1.Աշոցք ՖԻՄԱ, 2. Գյումրի-1, 3. Գյումրի-2:

Կանայք

1.Գյումրի-1, 2. Աշոցք ՖԻՄԱ, 3. Գյումրի-2:

Ինչ վերաբերում է մասնակիցների ցույց տված արդյունքներին, մեր դահուկորդները բավականաչափ կարգավորեցին իրենց օլիմպիական վարկանիշային միավորները, իսկ գյումրեցի Քրիստինե Խաչատրյանը, որ դեռ այդպիսին չուներ, օլիմպիական վարկանիշ ստացավ:

– Այսինքն՝ դահուկավազքից մենք Վանկուվերի օլիմպիական խաղերի մասնակից ունե՞նք:

– Այո: Երկու տեղ արդեն հարյուր տոկոսով կա: Մեկական տղա եւ աղջիկ:

– Իսկ ովքե՞ր են:

– Անունները վերջնականապես կորոշվեն ֆեդերացիայի նիստում:

– Լեռնադահուկային սպորտի մասի՞ն ինչ կասեք:

– Այս մարզաձեւում էլ երկու ուղեգիր ունենք:

– Հնարավո՞ր է, որ մինչեւ օլիմպիական խաղերի մեկնարկը ուղեգրերի թիվը մեծանա:

– Հնարավոր է: Եկող շաբաթ մեկնարկելու է լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը, որը, ինչպես ասացի մեր զրույցի սկզբում, նույնպես վարկանիշային է լինելու:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել