Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հոգեւոր դաստիարակության վիճակը մարզերում

Հունվար 21,2010 00:00

Տեր Սողոմոն քահանա Ավետիսյանի դիտարկումները

Խորհրդային պետության գոյության 70 տարիների աթեիզմը խոր հետքեր է թողել հայոց հոգեւոր կյանքում: Նույնիսկ 18 տարվա անկախության ֆոնին այսօր ոչ միայն չգործող եկեղեցիներ կան, այլեւ որոշ գործողներում էլ դժվար է վերականգնել հոգեւոր աշխուժությունը: Այս առումով ծանր է վիճակը հատկապես գյուղերում՝ եկեղեցու կառույցը սոսկ շինվածք է: Գյուղական վայրերում եկեղեցիների վիճակի, այնտեղ հոգեւոր կյանքի աշխուժության ու խնդիրների մասին զրուցեցինք Գուգարաց թեմի Գուգարքի տարածաշրջանի 13 համայնքների հոգեւոր հովիվ տեր Սողոմոն քահանա Ավետիսյանի հետ: Տեր Սողոմոնը ամեն կիրակի սուրբ պատարագ է մատուցում Մարգահովիտ գյուղի՝ 1872-ին հիմնադրված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որը գործում է 2004-ից: Տեր Սողոմոնի հովվության ներքո գտնվող 13 գյուղերից միայն այստեղ գործող եկեղեցի կա:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի հոգեւոր հովիվ տեր Սողոմոնն ասում է. «Ժողովրդին հոգեւոր աշխույժ կյանքի վերադարձնելը հեշտ չէ, քանի որ խորհրդային աթեիզմի շրջանը դեռ իրեն զգացնել է տալիս»: Նա ցավով հավելում է. «Անկախության ճանապարհին էլ դեռ մեր ժողովուրդը չի սովորել ականջալուր լինել հոգեւոր հովվին եւ քրիստոնեական բարքերին, դեռ անհրաժեշտ չափով չի կարեւորում իր զավակի հոգեւոր դաստիարակությունը»: Որպես իր մտահոգության առհավատչյա, նա բերում է ոչ բոլոր գյուղերում կիրակնօրյա դպրոցներ ունենալու փաստը՝ հոգեւոր քրիստոնեական դաստիարակությունը համարելով միակ ճանապարհը՝ խուսափելու համար օրըստօրե ավելի տարածվող հոգեւոր եւ աշխարհիկ օտարոտի բարքերի շարունակընթաց ընդլայնումից:

Չնայած եկեղեցու գործող դառնալուց հետո Մարգահովիտում աշխուժացել է հոգեւոր կյանքը, այնուամենայնիվ, այստեղ էլ աղանդավորական շարժումները լայնորեն տարածված են եւ շարունակում են հոգեորսությունը: Գյուղի եկեղեցում վերջերս արդեն 5 պսակի արարողություն է եղել: Եկեղեցուն կից 2005-ից գործում է նաեւ կահավորված եւ գազիֆիկացված կիրակնօրյա դպրոց, որտեղ երեցկինը՝ Գայանե Ավետիսյանը, ձեռագործություն, հոգեւոր եւ ազգային երգեր է սովորեցնում սաներին, տեր Սողոմոնն էլ բացատրում է հոգեւոր ծիսակարգի առանձնահատկությունները: Կազմակերպվում են նաեւ հոգեւոր թեմայով միջոցառումներ՝ ջանալով չշրջանցել հոգեւոր եւ ոչ մի տոն: Այս կերպ նաեւ յուրովի պայքարում են տարածվող աղանդների դեմ:

Հունվարվեցյան Սուրբ Ծննդի միջոցառումը եւ գյուղապետարանի ու Գուգարաց թեմի աջակցությամբ կազմակերպվող ամառային «Լուսաբաց» բակային ճամբարը վաղուց ավանդական են: Չնայած մյուս 12 գյուղերում գործող եկեղեցի չկա, տեր հայրը հոգեւոր սնունդը տեղերում հատկապես դպրոցականներին փոխանցում է հայոց եկեղեցու պատմություն առարկայի ուսուցիչների հետ համագործակցելով, որը, օրինակ, Լեռնապարում տվել է իր ցանկալի արդյունքը. վերջերս 11-րդ դասարանի 27 աշակերտներ մկրտվել են եւ դարձել հայ քրիստոնյա:

Մարգահովիտի եկեղեցում արարողությունների ժամանակ իրեն օգնելու համար քահանան արդեն ներգրավել է կիրակնօրյա դպրոցի սաներից փոքրահասակ մի սպասավորի: «Նման հոգեւոր սպասավորները առաջիկայում դառնալու են հոգեւոր ճեմարանի սաներ, ովքեր հետագայում կծառայեն բնօրրանի հոգեւոր կյանքի աշխուժության պահպանմանը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել