Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԳՆՎԵԼ ԵՎ ԿԱՌՈՒՑԵԼ 21-ՐԴ ԴԱՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

Հունվար 21,2010 00:00

Նախկին Երիտասարդական պալատի տեղում կխոյանա նորաձեւ համալիր

Երեւանի նախկին Երիտասարդական պալատի վայրում «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցային համալիր ունեցող միջազգային բիզնես-կենտրոնի ճարտարապետական կոնցեպցիայի մշակման համար Հայաստանում առաջին անգամ կազմակերպվել է բաց միջազգային մրցույթ: Կենտրոնի բարձրությունը մոտ երկու անգամ գերազանցելու է նախկին Երիտասարդական պալատի բարձրությանը:

Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին մրցույթի ժյուրիի անդամները: Մրցույթին մասնակցում է աշխարհի 60 երկրից 1145 ճարտարապետ, որից 100-ը Հայաստանից է, 130-ը՝ ՌԴ-ից, ԱՄՆ-ից՝ 92-ը, հայտեր կան Հունաստանից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Գերմանիայից եւ այլ երկրներից:

Ճարտարապետ Լեւոն Վարդանյանը հուսով է, որ մրցույթը հնարավորություն կտա գիտակցելու, որ բոլոր կարեւորագույն ճարտարապետական նախագծերը պետք է կյանքի կոչվեն մրցույթով. «Դա աշխարհում ընդունված ձեւ է, մեզ մոտ ճարտարապետական առումով մեկուսացված վիճակում ենք գտնվել, եւ այդ փորձը չունեինք… Ճարտարապետությունը մաքուր, ազատ արվեստ չէ, ճարտարապետության օբյեկտի ամբողջ կերպարի մեջ երեւում է ե՛ւ տնտեսությունը, ե՛ւ քաղաքականությունը»:

Մրցույթը հայտարարվել էր 2009թ. հոկտեմբերի 8-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ՃՄՄ (UNESCO-UIA) կանոններին համապատասխան եւ հաստատված է Ճարտարապետների միջազգային միության կողմից: Ժյուրիի կազմում են «Ավանգարդ մոթորսի» նախագահ Էդվարդ Ավետիսյանը, Երեւանի քաղաքապետը, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ինչպես նաեւ օտարազգի ճարտարապետներ: Նախագծերի ներկայացման վերջնաժամկետը եղել է 2010 թվականի հունվարի 15-ը, իսկ հունվարի 21-23-ը տեղի կունենա միջազգային ժյուրիի նիստը:

Պատվիրատու, «Ավանգարդ մոթորս» ընկերության նախագահ Էդվարդ Ավետիսյանը հայտնեց. «Տարածքում լինելու է հյուրանոցային համալիր՝ «Ինտերկոնտինենտալ» բրենդի օպերատորի կառավարմամբ, որի պայմանագիրը կնքել ենք 2006 թվականին՝ 30 տարվա կառավարման հնարավորությունով: Նախկին նախագիծը հաստատված է քաղաքաշինական նիստով, բայց պայմանները մեզ չբավարարեցին: Եթե նոր մրցույթով ստանանք ավելի օրիգինալ կառույց, քան նախկինը, հիմք կընդունենք նորը»:

Տոկիոյից Երեւան ժամանած ճարտարապետ Մակոտո Վատանաբեն նշեց. «Հավանաբար դուք չէիք մտածում, որ Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ կարող է որեւէ նմանություն լինել, բայց, այնուամենայնիվ, այն կա: Նմանություններից մեկը տեղանքն է, Ճապոնիան Եվրոպայից եւ Ամերիկայից հեռու տեղակայված փոքր կղզի է, Հայաստանը որպես երկիր ավելի մոտ է Եվրոպային, բայց էլի հեռու է մնացած եվրոպական երկրներից, ինչը երկրի համար նաեւ առավելություն է, որովհետեւ այս մեկուսացման շնորհիվ է, որ երկիրը կարողացել է հարստացնել իր մշակույթը: Մյուս ընդհանրությունն այն է, որ ձեր երկիրն էլ, ինչպես Ճապոնիան, ունի սեյսմիկ վտանգ»: Վատանաբեն ընդգծեց, որ հաղթող աշխատանքի ընտրությունը անմիջականորեն կապված չի լինի սեյսմիկ խնդիրների լուծման հետ, բայց վերջնական ընտրության համար կարող է էական կետ լինել: Ճապոնացի ճարտարապետը Երեւանում շատ է հավանել հատկապես տեղական տուֆից կառուցված շենքերը:

Հարցին՝ նոր կառույցը կարո՞ղ է սպառիչ լուծում տալ այն բոլոր մտավախություններին կամ դժգոհություններին, որ կային եւ արդյո՞ք այն կծառայի երիտասարդների պահանջներին, ճարտարապետ Լ. Վարդանյանը պատասխանեց. «Երիտասարդական պալատի շենքը քանդելն ուներ իր պատճառները, եւ հեղինակային խումբը տվել է իր օբյեկտիվ համաձայնությունը, որովհետեւ կառույցն արդեն վթարային էր՝ նախատեսված 7 բալի համար, իսկ այսօրվա նախագծերը 9 բալի համար են»: Մասնագետի խոսքով՝ կառույցն այսօրվա հյուրանոցային համալիրների պահանջներին էլ չէր բավարարում: Իսկ երիտասարդներին ծառայելու մասին էլ նա ասաց. «Երիտասարդության հետ Երիտասարդական պալատը ոչ մի կապ չուներ»: Որքանո՞վ նոր կառույցը կպահպանի ազգային ճարտարապետության դիմագիծը: Լ. Վարդանյանն այս մասին էլ նշեց. «Եթե ազգային ճարտարապետություն ասելով պատկերացնում եք կամարը կամ քարը, ապա դա այդպես չէ: Շինարարական ներկայիս տեխնոլոգիաներն այսօր թելադրում են նոր լուծումներ: Մենք փորձում ենք հագնվել 21-րդ դարին համապատասխան, վարում ենք ժամանակակից մեքենաներ ու այս ամենի կողքին որոշ մարդիկ, չգիտես ինչու, փորձում են ճարտարապետությունը տանել մի քանի դար հետ, ախր ամեն ինչ ներդաշնակ պետք է զարգանա»:

Հավելենք, որ հունվարի 24-ին տեղի կունենա մրցույթի արդյունքների հրապարակումը, որից անմիջապես հետո եզրափակիչ փուլ անցած նախագծերը կցուցադրվեն Երեւանի Մոսկվայի տան ցուցասրահում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել