Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԻՏՎԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Հունվար 21,2010 00:00

Լիտվայի Սեյմը ընդունել է պատգամավոր Ռիտիս Կուպչինսկասի առաջարկած բանաձեւը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում պաշտոնապես դիմել Ռուսաստանին՝ պահանջելով փոխհատուցել 1991թ. հունվարի 11-13-ը Վիլնյուսում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ժամանակ տուժած քաղաքացիներին հասցված վնասը: «Newsru»-ի փոխանցմամբ, պատգամավորը նաեւ պահանջում է, որ այդ փոխհատուցումը տրվի մինչեւ հիշյալ իրադարձությունների 20-ամյակի լրանալը՝ 2011թ. հունվար ամիսը:

Հարցին, թե՝ նպատակահարմար չէ՞, արդյոք, այդ հարցը բարձրացնել «սովետական օկուպացիայի» տարիների համար փոխհատուցում պահանջելու խնդրի հետ մեկ փաթեթով, պատգամավորը պատասխանել է, թե դրանք տարբեր թեմաներ են: Լիտվայի Սեյմի պատգամավորները համոզմունք ունեն, որ Ռուսաստանը, որն իրեն համարում է ԽՍՀՄ-ի միակ իրավահաջորդը, պարտավոր է փոխհատուցել նաեւ Լիտվայի անկախ պետության նկատմամբ ագրեսիայի իրականացման ժամանակ տեղի ունեցած վնասների համար:

Աղբյուրը միաժամանակ տեղեկացնում է, թե ընդունված բանաձեւի բովանդակության մեջ նշված չեն ո՛չ փոխհատուցման կոնկրետ գումարը, ո՛չ էլ տուժած համարվող քաղաքացիների թիվը: Փոխարենը առաջարկվում է, որ փոխհատուցման հարցը քննարկվի միջկառավարական բանակցությունների մակարդակում:

Հիշեցնենք, որ 1991թ. հունվարին, ի պատասխան Լիտվայի խորհրդարանի կողմից այդ երկրի անկախության հռչակմանը, ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները համարելով, որ այն հակասում է ԽՍՀՄ Սահմանադրությանը, բանակի եւ ոստիկանության հատուկ ջոկատների ուժերն օգտագործել էին Լիտվայի ռազմավարական մի շարք օբյեկտները, այդ թվում՝ հեռուստատեսությունը գրավելու, նաեւ մայրաքաղաքում բողոքի ակցիաները ուժով ճնշելու համար: Լիտվական հեռուստաընկերության աշտարակի գրավման ժամանակ սպանվել էր 14 մարդ, 700-ը վիրավորվել էր: Հունվարի 13-ը Լիտվայում նշվում է որպես «Ազատության պաշտպանների օր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել