Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐՍ ՀՐԱ՞ՆՏ ԵՆՔ

Հունվար 20,2010 00:00

2007թ. հունվարի 19-ին չարենցյան բառերով «բոզի քաղաք» նկատված Ստամբուլում, թիկունքից սպանված Հրանտ Դինքի բազմահազարանոց թաղման արարողության մասնակից բազմազգ ամբոխի բերանում ծամոն դարձած «Բոլորս Հրանտ ենք» արտահայտությունը շատ կարճ ժամանակ անց ընդմիշտ մոռացության մատնվելով՝ ցույց տվեց մարդուն բնորոշ հատկանիշ՝ հիշողության իսկ «միանգամյա» լինելու բնույթը:
Վաղուց արդեն, շատ վաղուց… Նույն այդ բազմահազարավոր ինքնակոչ «հրանտներից» մի քանի տասնյակն էլ չի մնացել, որ Հրանտին սպանողների դատավարությանը ներկա գտնվի կամ բոլորի աչքի առաջ տեղի ունեցող աղաղակող կեղծիքի եւ ճշմարտության կոծկման դեմ կանգնելու գիտակցությունն ունենա:
Ժամանակը՝ «ամենամեծ դատավորը» լինելու հանգամանքին արժանի իր ոչ ոքին հաշիվ չտալու ամբարտավանությամբ, անցնում է եւ յուրաքանչյուր օր մեզ հիշեցնում մեր իսկական տեղն ու դերն այս աշխարհում: Աշխարհը մեծ է, անշուշտ, բայց մարդիկ այն հեշտությամբ փոքրացնել-նեղացնելու իրենց շշմեցնող էությամբ դեռ կարողանում են շարունակել իրենց գոյը, իմաստազրկելով իրենք իրենց կոչման ամենակարեւոր հատկանիշ բանականությունը:
Հրանտ Դինքը ներկայացնում, խորհրդանշում է մարդու այն տեսակը, որը հազվադեպ պատահող, մնացածից տարբերվող, սեփական գոյությունը իր «նմանների» նախընտրած «գոյությունը մի կերպ քարշ տվողներից» գիտակցաբար զատելու կամքը դրսեւորելու խիզախության է դիմում: Հրանտը մարդուն «մտածող անասուն» լինելու փաստը հիշեցնելու, «մտածածը» ասելով, «միտքը» արտահայտելով ապրելու մակարդակին հասնելու, իր ժամանակը գնահատելով, շուրջ բոլորը տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձության իմաստն ու բովանդակությունը հասկանալու համար դեպի քաղաքակրթության լուսավոր օրերի երազով քայլող այդ քիչ… շատ քչերից է եղել:
Մարդն իր հատկանիշներից շատ աննշան ու էապես ոչ կարեւոր որակներով ապրելը նախընտրելով, իբր թե փորձում է «շառից-փորձանքից հեռու» անվտանգ կյանքով ապրելը նպատակ դարձնելով ինքնարդարանալ: Մարդը հենց իր այդ ջայլամային կեցվածքով է արդեն՝ «դեպի մարդը դեռ երկար է մեր ճամփան» խոսքերի ճշմարտացիությունն արձանագրելուն նպաստում:
Աշխարհում շատ քչերն են խիզախում «ես ջայլամ չեմ» ասելով ապրել, եւ բարեբախտաբար հենց այդ «ջայլամներից» զատորոշվելու մասին բարձրաձայնողների շնորհիվ է, որ մարդկային զարգացումը իրականանում, գործ է դառնում:
Հրանտի զոհվելուց ով ինչ շահեց՝ դեռ անհայտ է, բայց որ մարդ արարածը շատ բան կորցրեց՝ բոլորիս է հայտնի… Հենց այդ ակնհայտն էլ, հույս ունեմ, մեզ վաղվա առավոտները մարդավայել դիմավորելուն կօգնի:
Զոհվել ոչ մի դեպքում չի նշանակում վերանալ, դադարել գոյություն ունենալուց, քանի որ բանականության ցանկացած դրսեւորում էլ ենթակա է միտք, գաղափար ծնելուն, այդ զարգացնելով առաջ տանելուն՝ գործելուն, իրագործելուն: Հրանտը կլինի բոլոր այդ գործերում, իրականացումներում, ուր մարդն իր անվանակոչության արժանի կեցվածք ունենալուց չի խուսափի եւ չի վախենա: Հրանտը «ես մարդ եմ» ասել փորձող բոլորիս հետ կլինի, այսօր եւ վաղը, ընդհուպ անսահման հավերժություն:
Հրանտը հայ էր, անշուշտ, բայց նա կարողացավ իր ազգային պատկանելությունից վեր կանգնելով՝ մարդկայինին հասնելու դժվար փորձը հաջողացնելու միջոցով համամարդկային արժեքներով ապրողների սրտերում լինել: Մեզնից շատերը դեռեւս չեն հասցրել իմանալ, ճանաչել եւ գնահատել նրա գործն ու ունեցած նշանակությունը, սակայն ժամանակը՝ նրան ըստ արժանվույն գնահատելու համար կա, բարեբախտաբար, մնում է օգտագործել այն:
«Բոլորս Հրանտ ենք» ասողներից այժմ միայն եւ ընդամենը մի բուռ մարդ է մնացել, որովհետեւ հենց այդքանին է հաջողվում, ցավոք, մարդ լինելու այդպես էլ մնալ: Ես ինչքան ասես հայ եմ ճանաչում, որոնք, ըստ իս, մարդ չեն եւ անկեղծորեն եմ ասում, որ ճիշտ այդպես ահագին թուրք եմ ճանաչում, որոնք մարդ են բառիս իմ հասկացած իմաստով եւ նրանց լինելիությունն ինձ ուրախացնում է բնականաբար:
«Բոլորս Հրանտ ենք» ասողների շարքերում հայազգիները ամենաքիչն էին այդ ժամանակ, հիմա նրանց լինել-չլինելն իսկ մեզ անհայտ է շատ դժբախտաբար, պարզ է միայն այն, որ նրա դատավարությանը հետեւող հայերի թիվը երկու ձեռքիս տասը մատների չափ էլ չկա, երբ «3 կապիկների կոմբինացիան» իբրեւ ապրելու նպատակ ընկալածների թվաքանակը միլիոններ են: Ճշմարտությունը սա է եւ պետք է իմանալով բարձրաձայնել այն, որպեսզի պարզ դառնա, որ «բոլորս Հրանտ չենք»:
Հրանտ լինելը շատ դժվար է, նրա պես ապրելը՝ նույնպես, իսկ իր նման գաղափարակիր դառնալով մարդուն անդավաճան մնալը՝ մասնավորապես… Շատ լավ գիտակցելով հանդերձ, որ նա ընդամենը ֆիզիկապես մեզ հետ չէ, իր բացակայությանն այդպես էլ չեմ սովորում: Տխուր է նաեւ արձանագրել ակնհայտ մի իրողություն, որ «աշխարհը շալակած տանողների» պակասից խեղդվողներ էլ չի նկատվում մեզ հայտնի հորիզոններում ու ինքնըստինքյան մտածում, թե մի՞թե Երեւանն էլ է դառնում Չարենցի բառերով պիտակավորված Ստամբուլի նման մի քաղաք եւ իմ մտքից սարսռում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել