Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նշվեց Բաքվի ջարդերի տարելիցը

Հունվար 20,2010 00:00

Այդ մասին պատմաբանների ու քաղաքագետների դիտարկումները

\"\"

«1990 թվականի հունվարյան ջարդերը Բաքվում հրեշավոր հանցագործություն են: Մենք պարտավոր ենք այս ողբերգությունը միշտ հիշել, քանի դեռ այն իրական գնահատական չի ստացել միջազգային հանրության կողմից եւ չի դատապարտվել»,- երեկ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կայացած` Բաքվի հայության կոտորածների 20-ամյա տարելիցին նվիրված գիտաժողովի ժամանակ հայտարարեց ԳԱԱ հումանիտար գիտությունների եւ հայագիտության բաժանմունքի ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը:
Քաղաքագետ, պատմաբան Վլադիմիր Զախարովն «Առավոտի» հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ Բաքվի ջարդերը դեռ չեն գտել իրենց լիարժեք լուսաբանումը, տեղեկատվական տարածումն ու քննարկումը. «Կատարվածը հաճախ խեղաթյուրված է ներկայացվում: Ադրբեջանում տպագրվում է մեծ թվով գրականություն, որտեղ Սումգայիթի դեպքերի եւ Բաքվի ջարդերի իրադարձություններում մեղադրվում են հայերը: Ցավոք, դրան հավատում են շատերը: Վերջերս Չեխիայում էի, որտեղ հնարավորություն ունեցա հանդիպելու տարբեր բուհերի ուսանողների հետ: Նրանք ինչ-որ չափով ծանոթ էին այդ «գրականությանը»: Հայաստանը բավական պասիվ է, ուզում եմ հայերին, Հայաստանի իշխանություններին զգուշացնել, կոչ անել՝ ախր ինչո՞ւ չեն արձագանքում, ինչո՞ւ «հակաթույն» չեն ստեղծում եւ տարածում, ինչո՞ւ չեն կատարում թարգմանություններ, վերհանում պատմության իրական դրվագները, որպեսզի Եվրոպան սխալ տեղեկություն չունենա»:
Անդրադառնալով Բաքվի հայության կոտորածների 20-ամյա տարելիցին՝ Վ. Զախարովը հավելեց. «Անհրաժեշտություն կա պատմության ճիշտ ընկալման եւ գնահատման, որովհետեւ այնքա՜ն շատ է սուտը ադրբեջանական կողմից. հայը հոմանիշ է թշնամի բառի եւ այդ ամենը ուսուցանվում է դպրոցներում, այդկերպ կրթվում է եկող սերունդը: Անգամ անեկդոտներ են հյուսվել հայերի, բաքվի ջարդերի մասին եւ այդ անեկդոտները փոխանցվում են սերնդեսերունդ: Հայկական ֆաշիզմ արտահայտությունն էլ նրանց համար դարձել է ամենօրյա օգտագործման եզրույթ եւ ձեռք բերել պետական մակարդակ»:
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի խոսքով, Բաքվի ջարդերից հետո անցած 20 տարիները ցույց տվեցին, որ քաղաքականության մակարդակում հնարավորություն չեղավ անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել այդ եղեռնագործությունը միջազգային քննարկման օրակարգի խնդիր դարձնելու համար. «Փաստացի, մեր հակառակորդը հաջողեց իր նախաձեռնություններում, կարողացավ խեղաթյուրել հակամարտության ժամանակագրությունը, եւ այսօր իրավիճակն այնպիսին է, որ ասես Հայաստանն է ագրեսոր պետություն, Հայաստանն է նախաձեռնություններով հանդես եկել Ադրբեջանի դեմ, եւ մենք ենք մեղավոր միջազգային հանրության եւ հարեւանների առջեւ: Ժամանակն է, որ Հայաստանն իր քաղաքականության մեջ որդեգրի նոր գիծ, նոր փիլիսոփայություն եւ կարողանա այդ առումով մեր ադրբեջանահայ հայրենակիցների շահերը հավուր պատշաճի պաշտպանել բոլոր հարթակներում: Ադրբեջանահայերի հանդեպ գործած ոճիրը պետք է վերագնահատման ենթարկվի, բարձրացվի քաղաքական մակարդակի եւ այս տեսանկյունից՝ թե Հայաստանի իշխանությունները, թե հասարակական կազմակերպությունները, թե մտավորականությունը լուրջ անելիքներ ունեն»:
Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանն էլ նշեց, որ 20 տարին այնքան էլ մեծ վաղեմություն չունի, եւ իրականությունը վերհանելու ու ճշմարտությունը տարածելու համար նախ անհրաժեշտ է հավաքել արձանագրությունները, վավերագրերը, փաստաթղթերը, որոնք վերաբերում են այդ իրադարձությանը:
Գիտաժողովի ընթացքում կայացավ նաեւ լրագրող Մարինա Գրիգորյանի «Բաքու. 1990, հունվար. սովորական ցեղասպանություն» փաստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել