Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՈԳՆՈՒՄ ԵՍ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ ԱԼԻՔՆԵՐԸ ԴԱՐՁՆԵԼՈՒՑ»

Հունվար 20,2010 00:00

Հարցազրույց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանի հետ

– Հեռուստաեթերում հաճախ ոտնահարվում են բազմաթիվ արժեքներ, բռնության տեսարաններ ցուցադրվում, հումորային հաղորդումներում անհաջող հումոր է արվում հոգեւորականների մասին: Ինչպիսի՞ն է Մայր աթոռի վերաբերմունքն այս ամենին, ինչո՞ւ ինչ-ինչ նախաձեռնություններով հանդես չեք գալիս:
– Իրավացի եք հայրենի հեռուստաեթերի ձեր գնահատականների մեջ, որոնց առանց դժվարության եւ երկմտանքի կարող եմ հավելել բազմաթիվ այլ բացասական ու մերժելի երեւույթներ, որ հեռուստաէկրանից մատուցվում են մեր հասարակությանը: Հակառակ դրան, գրեթե աննշմարելի են այսօրվա հեռուստաարտադրանքի դրական, հեռուստադիտողի համար շահավետ կողմերը: Ցավով պիտի նկատեմ, որ այսօր դաշտում գործող հեռուստաընկերությունները հայտնվել են մոլի մրցավազքի մեջ՝ հեռուստաեթերը ողողելով սարսափազդու տեսարաններով, տարբեր տեսակի ցածրաճաշակ ֆիլմերով ու սերիալներով, խեղկատակության վերածվող հումորային հաղորդումներով: Չեմ ուզում հավատալ, որ շուկայական մեր հարաբերություններում սպառողի պահանջը միայն այսպիսին է։ Այլընտրանք չկա, եւ հաճախ հոգնում ես հեռուստացույցի ալիքները դարձնելուց՝ համոզվելով, որ ոչինչ չասող հաղորդումներից կամ հոլիվուդյան ստանդարտ ֆիլմերից զատ՝ այլ բան չես գտնի: Այս ամենը չափազանց մտահոգիչ է։ Մինչդեռ, կարծում եմ, որ նույն հեռուստաընկերությունների պատասխանատուները իրենք պիտի ցավ ապրեն, որովհետեւ մերժելի այդ երեւույթները՝ փողոցային ժարգոնը, «լավ տղայի» եւ քրեածին տարրերի կերպարների փառաբանումը, պատշաճության սահմաններ չճանաչող ծաղր ու ծանակը այս կամ այն երեւույթի նկատմամբ, հեռուստաեթերից ներթափանցում են նաեւ իրենց ընտանեկան հարկերից ներս եւ խաթարում իրենց իսկ զավակների հոգեբանությունը՝ ձեւավորելով հասարակական-բարոյական արժեքների մասին խեղաթյուրված պատկերացումներ։ Այս ամենից որեւէ մեկը չի կարող ապահովագրվել, եւ ուշ թե շուտ հասարակության յուրաքանչյուր անդամ՝ անկախ իր կրթությունից, դաստիարակությունից ու զբաղեցրած պաշտոնից, այս կամ այն չափով կրողն է դառնալու շարունակաբար սերմանվող այդ ախտերի, եթե չձեւավորվի համընդհանուր հասարակական կեցվածք, դիրքորոշում եւ ցանկություն՝ լուծելու այդ խնդիրը: Ինչպիսի՞ հասարակություն ենք ուզում կերտել, ինչպիսի՞ սերունդ ենք պատրաստում իբրեւ ապագա պահապան մեր Հայրենիքի, ինչպիսի՞ արժեքներով ենք սնուցում մանկանը, ով վաղը պիտի իր ձեռքը վերցնի ղեկը մեր կյանքի: Այսօր այդ ամենի համար պատասխանատու ենք ամենքս: Այս ամենի համար Եկեղեցին ու Մայր աթոռ Սբ. Էջմիածինը կարող է միմիայն ցավ ապրել: Եվ մեկ անգամ չէ, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը տարբեր միջոցներով արտահայտել է իր կեցվածքը։ Իր հերթին, Մայր աթոռի Տեղեկատվական համակարգը եւս ջանում է անել կարելին, սակայն միշտ չէ, որ դիմացինը պատրաստակամ է՝ ունկնդրելու եւ ընդառաջելու մեր հորդորին։ Ցավոք, նման նախադեպեր եւս ունեցել ենք:
– Ֆիլմերում (խոսքը, բնականաբար, պարզունակ հեռուստասերիալների մասին չէ) լինում են կտորներ, որոնք պատկերում են պսակի, մկրտության եւ այլ արարողություններ: Ֆիլմերն էլ դիտում են հազարավոր մարդիկ: Ավելի ճիշտ չի՞ լինի, որ քահանա նկարահանվի ֆիլմի այդ հատվածում, քան դերասան, որը կարող է ամեն ինչ աղավաղել իր չիմացության պատճառով:
– Անշուշտ, այսօրվա ֆիլմերում հաճախ կարելի է տեսնել եկեղեցական տեսարաններ, որտեղ հոգեւորականի դերում հանդես են գալիս դերասաններ։ Ինչ վերաբերում է ձեր առաջարկին, կարծում եմ, որ նման նկարահանումների ժամանակ հոգեւորականի մասնակցությունը պատշաճ չէ՝ մի քանի նկատառումներով։ Չպետք է մոռանալ, որ եկեղեցականի կողմից կատարվող արարողությունը աստվածային խորհուրդ ունի եւ այն վավերական է։ Մինչդեռ գեղարվեստական ֆիլմում ցուցադրվող մկրտության կամ պսակի արարողությունները իրական չեն։ Անշուշտ, բացառություն կարող են կազմել պարագաները, երբ ֆիլմի մեջ գործածվում են իրապես կատարվող արարողության տեսագրություններ, ինչը հաճախ լինում է վավերագրական ֆիլմերի նկարահանումների ժամանակ։ Իսկ գեղարվեստական ֆիլմերում հոգեւորականի դերում դերասանի խաղը միանշանակ ընդունելի է։ Պարզապես, ինչպես եւ բազմիցս եղել է, ցանկալի է, որ ստեղծագործական խումբը դիմի մեզ։ Նման դեպքերում Մայր աթոռը տրամադրում է հոգեւորական, ով դերասանին անհրաժեշտ խորհուրդներ է տալիս՝ առավել համոզիչ ու գրագետ ներկայանալու համար:
– Երգիչները, երաժիշտները հաճախ ցանկություն են ունենում տեսահոլովակ նկարահանել որեւէ եկեղեցու ֆոնին կամ ներսում, ի՞նչ եք կարծում՝ չարժե՞ ոմանց բացառություններ անել, եթե խոսքն անճաշակ փոփային դրսեւորման մասին չէ:
– Անշուշտ, պետք չէ թույլ տալ համատարած նկարահանումներ եկեղեցիների, վանքերի շրջակայքում: Ցավոք, այս հարցում արձանագրվել են նաեւ որոշ չարաշահումներ, ինչի պատճառով Մայր աթոռը հստակ որոշում ունի՝ որեւէ նման նկարահանում անպայմանորեն պետք է համաձայնեցվի Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հետ: Այսօր յուրաքանչյուր դիմում քննվում է Տեղեկատվական համակարգի կողմից։ Արդյունքում՝ դրանք կամ ընդունվում են, կամ մերժվում: Բազմաթիվ նման առաջարկների Մայր աթոռն աջակցել է: Եկեղեցիների ֆոնին երաժշտական կատարումներով հանդես են եկել ինչպես Ջիվան Գասպարյանը, այնպես եւ այլ երաժիշտներ: Ազգային երգերի բազում տեսահոլովակներում եւս կարելի է նկատել Եկեղեցու մասնակցությունը: Սակայն, վերստին կրկնում եմ, որ յուրաքանչյուր դիմում առանձնաբար է քննության առնվում կատարողի եւ ռեժիսորի հետ համատեղ: Լինում են մարդիկ, ովքեր փորձում են եկեղեցու տեսարանի առկայությամբ միայն ապահովել իրենց ստեղծագործության արժեքը, հոգ չէ, որ անարգում են Աստծո տունը, վիրավորում Եկեղեցին: Լինում են նաեւ կատարողներ եւ նկարահանողներ, ովքեր, պարզապես անտեսելով կամ շրջանցելով սահմանված կարգը, խաբեությամբ եկեղեցիների հովիվներին մոլորության մեջ են գցում եւ անում իրենց անելիքը: Ժամանակ անց Մայր աթոռն ուղղակի փաստի առջեւ է կանգնում եւ փորձում հարթել պատճառված «ավերը»…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել