Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ ՈՒ ՄԻ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ

Հունվար 20,2010 00:00

Բուլղարիայի արտաքին գործերի արդեն նախկին նախարար Ռումյանա Ժելեւան (նկարում) հանել է միջազգային համագործակցության եւ հումանիտար օգնություն հատկացնելու հարցերով եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված իր թեկնածությունը: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Եվրախորհրդարանը հրաժարվեց հաստատել Ժելեւայի թեկնածությունը եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում, որովհետեւ ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավորները Բուլղարիայի ԱԳ նախարարին քննադատել էին իր կոմերցիոն գործունեության մասին ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելու համար, նա նաեւ կասկածվել էր ռուսական մաֆիայի հետ կապեր ունենալու մեջ: Մասնավորապես, ինչպես փոխանցում է News.ru-ն, Ժելեւան ԵՄ-ին ներկայացրած իր անձնական թերթիկում չէր նշել, որ մինչեւ 2009թ.-ն շարունակել է ղեկավարել «Global Consult Ltd.» ընկերությունը, ինչը բուլղարական օրենսդրության խախտում է: Բացի այդ, Ժելեւայի եկամուտների հայտարարագրում առկա է եղել «հայտարարագրելու ոչինչ չունի» նշումը: Եվրախորհրդարանում «հակաժելեւյան» ճամբարը նաեւ կասկածի տակ էր դրել Բուլղարիայի ԱԳ նախարարի մասնագիտական ունակություններն ու նրան վստահվող՝ հումանիտար օգնություն հատկացնելու ոլորտի վերաբերյալ բավարար գիտելիքներ ունենալու հանգամանքը: Ժելեւային հարցադրումներ են ուղղվել նաեւ իր ամուսնու վերաբերյալ, քանի որ մի քանի շաբաթ առաջ լուրեր էին տարածվել, թե վերջինս կապեր ունի ռուսական մաֆիայի հետ, թեեւ Ժելեւան վստահեցրել էր, թե այդ մեղադրանքներն անհիմն են:
Այդուհանդերձ, երեքշաբթի օրը Ժելեւան դիմել է Բուլղարիայի կառավարության ղեկավար Բոյկո Բորիսովին, որում խնդրել է ընդունել իր հրաժարականը զբաղեցրած բոլոր պաշտոններից եւ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցառումները Բուլղարիայի կողմից եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը ետ կանչելու համար:
Եվրահանձնաժողովի անդամի պաշտոնում Բուլղարիան առաջադրել է նոր թեկնածուի՝ ի դեմս Համաշխարհային բանկի նախագահի տեղակալ Կրիստալինա Գեորգիեւայի: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն: Իսկ Ժելեւան հայտարարել է քաղաքականությունից հեռանալու իր որոշման մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել