Ֆրանսիան ԱՄՆ-ին մեղադրել է Հայիթին «օկուպացնելու» մեջ եւ ՄԱԿ-ին խնդրել է հստակեցնել ամերիկացիների դերը Հայիթիում: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն իր զինվորականներին կարիբյան այդ երկիր էր գործուղել տեղի ունեցած երկրաշարժից հետո աղետյալներին օգնություն տրամադրելու համար: Ստանձնելով Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ Պրենսի օդակայանի դիսպետչերի գործառույթները՝ ամերիկացի զինծառայողները առաջնայնությունը տալիս են սեփական՝ ամերիկյան չվերթներին, իսկ մյուս, այդ թվում՝ կենսական անհրաժեշտություն համարվող բեռներով ինքնաթիռներին վայրէջք կատարելու թույլտվություն չեն տալիս: Այս մասին հայտարարել է համագործակցության եւ Ֆրանկաֆոնիայի հարցերով պետքարտուղար Ալեն Ժուայանդեն: ԱՄՆ-ին ուղղված համանման մեղադրանքով հանդես է եկել նաեւ Ժնեւում տեղակայված «Բժիշկներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունը, որի ներկայացուցիչները հայտարարել են, թե դեպի Հայիթի օգնության բեռներ փոխադրող ինքնաթիռներին ետ դարձնելով՝ ամերիկացիները սպառնալիքի տակ են դնում հարյուրավոր տուժած հայիթցիների կյանքը:
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն էլ իր հերթին շտապել է հայտարարել, թե ԱՄՆ-ն երկրաշարժի առիթն օգտագործել է այդ երկիրը «սողացող օկուպացիայի» ենթարկելու համար: «Նրանք այնպես են զինված, կարծես թե պատերազմ են գնում: Աստված իմ, այնտեղ խնդիրը զենքի պակասը չէ: Աղետի գոտի պետք է ուղարկել բժիշկներ, դեղորայք, վառելիք եւ դաշտային հոսպիտալներ, այլ ոչ թե զինվորներ»,- ասել է Չավեսը:
Իրենք՝ ամերիկացիները, բազմաթիվ անգամ են հայտարարել, թե ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Հայիթիում օկուպացիա չէ, ու իրենց գլխավոր խնդիրը այդ երկրի բնակիչների անվտանգության ապահովումն ու օգնություն ցուցաբերելն է: ՄԱԿ-ի միջամտությունից հետո ամերիկացիները պարտավորվել են Պորտ-օ Պրենսի օդակայանը տրամադրել առաջին հերթին հումանիտար օգնություն բերող չվերթների վայրէջքի համար: