Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին վատ է վիճակը

Հունվար 20,2010 00:00

«Հայաստանում լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին» 2009 թվականի այս տարվա զեկույցում էլ քիչ չեն եղել լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի «Հայաստանում լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին» 2009 թ. տարեկան զեկույցը փաստում է, որ 2009-ին լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքների ավելի քիչ խախտումներ են արձանագրվել, քան 2008-ին, որն այդ առումով վերջին տասնամյակում աննախադեպ էր: Սակայն նույնիսկ համեմատաբար հանգիստ տարում բավականին շատ են եղել ընդդեմ լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավախախտումները: Երեկ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը եւ նույն կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը լրագրողներին ներկայացրին զեկույցի մանրամասները: Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների՝ 11, ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա ճնշումների 14 դեպք է արձանագրվել, գրանցվել է նաեւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի 13 խախտում: Լրագրողների նկատմամբ բռնությունների հիմնական դեպքերն արձանագրվել են մայիսի 31-ի՝ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ. ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնազորի եւ «ՉԻ», «Հայք», «Ժամանակ» թերթերի թղթակիցների միջեւ բախումից հետո լրագրողները ստիպված են եղել լքել ընտրատեղամասը: Վերլուծության մեջ տեղ են գտել նաեւ «Առավոտի» թղթակից Նելլի Գրիգորյանի, «Հայկական ժամանակի» արտահաստիքային լրագրող Արթուր Հովակիմյանի, tert.am-ի լրագրող Լիլիթ Թադեւոսյանի նկատմամբ կատարված բռնության դեպքերը: Մեսրոպ Հարությունյանը ցավով փաստեց, որ իրավախախտումներ իրականացրած անձանցից ոչ մեկը մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել. «Ընտրությունների ընթացքում լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների ոչ մի դեպքով քրեական գործեր չեն հարուցվել, դատական նիստեր չեն եղել, մեղավորները չեն հայտնաբերվել եւ չեն պատժվել»: Զեկույցում նշվում է նաեւ օգոստոսի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Շիրակի մարզ կատարած այցելության ժամանակ ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի հետ կատարված միջադեպը, երբ հայհոյանքներով լրագրողի վրա էր հարձակվել ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Այս մասին ինքը՝ լրագրողն է տեղեկացրել կոմիտեի «թեժ գծին»: ՀՀՇ ղեկավարը ԽԱՊԿ-ի բազում նամակներն անպատասխան է թողել:
Բանախոսները կարծիք հայտնեցին նաեւ վերջերս շրջանառության մեջ դրված օրենսդրական մի քանի նախաձեռնությունների մասին: Զեկույցի հեղինակները «Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծում խիստ մտահոգիչ են համարում ՀՀ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման նոր կարգի մասին կետը, որում, ըստ հեղինակների, կան դրույթներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ թաքնված գրաքննության համար: «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը լրագրողին հավատարմագրումից զրկելու միայն մի դեպք է նախատեսում՝ «Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով»: Մինչդեռ, ըստ ԱԺ հաստատած կարգի, լրագրողը հավատարմագրումից զրկվում է, «եթե նա տարածել է Ազգային ժողովի եւ աշխատակազմի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով»: Բանախոսները կարծում էին, որ Հայաստանում անկախ դատական համակարգի բացակայության պայմաններում դժվար է պատկերացնել, թե որեւէ դատարան կմերժի անցանկալի լրագրողի կամ ԶԼՄ-ի դեմ ԱԺ հայցը: Ա. Մելիքյանի կարծիքով՝ «Օրենսդրական նախաձեռնությունները ռեգրեսիվ են եւ վիճակն ավելի կվատացնեն»: Իսկ փորձագետ Մ. Հարությունյանի խոսքով՝ «Մեր դատարանները միջին պաշտոնյայի, չինովնիկի զանգով են կայացնելու համապատասխան վճիռ: Դատավորների նման պահվածքը մտահոգություն է առաջացնում, որ վաղը նույնը կիրառվելու է ԶԼՄ-ների դեմ, եւ 2012-ին ունենալու ենք կուսակցության եւ կառավարության գործունեությանը միահամուռ հավանություն տվող լրատվամիջոցներ»:
Բանախոսները մտահոգություն հայտնեցին նաեւ Նիկոլ Փաշինյանին 7 տարի ազատազրկելու որոշման մասին: «Եթե լիներ անկախ դատական համակարգ, նա կարդարացվեր, որոշումը զուտ քաղաքական վճիռ էր»,- ասաց Մ. Հարությունյանը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է մի շարք դեպքեր, երբ ընդդիմադիր ուժերի հայտնի ներկայացուցիչների մամուլի ասուլիսներում չի եղել ոչ մի տեսախցիկ, այսինքն՝ բոլոր հեռուստաընկերությունները, մեկ «կենտրոնի» հրահանգով, անտեսել են այդ հանդիպումները:
ԽԱՊԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը գտնում է, որ Հայաստանում, հատկապես հեռարձակման ոլորտում, լրատվամիջոցներն արդեն դառնում են քաղաքական համակարգի մաս, եւ ամեն մի հեռարձակող արդեն գիտի՝ ի՞նչը կարելի է լուսաբանել եւ ինչը՝ ոչ:
Մ. Հարությունյանի կանխատեսումն ավելի վատատեսական էր. «Եթե ՔՕ-ում նախատեսվող փոփոխությունները կատարվեն, ապա 2012-ին մենք կունենանք փայլուն ընտրություններ, ոչ մի խախտում չի լինի, որովհետեւ խախտում արձանագրող չի լինի: Որեւէ մեկը հեռուստատեսությամբ տեսա՞վ թիվ 10 ընտրատարածքում որեւէ խախտում, 2012-ին մենք տպագիր լրատվամիջոցում էլ չենք տեսնի»: Անդրադառնալով «Freedom house» իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցի նկատմամբ իշխանությունների արտահայտած վերաբերմունքին՝ փորձագետ Մ. Հարությունյանը համաձայնեց «Առավոտի» երեկվա խմբագրականի հետ. «Ի՞նչ է՝ բռնություններ չե՞ն եղել, ընտրություններ չե՞ն կեղծվել, ժողովրդավարությունը չի՞ նահանջել: «Freedom house»-ին հերքելը նշանակում է, որ իշխող կուսակցությունը չի ուզում տեսնել երկրում կատարվողը, դա նշանակում է ջայլամի քաղաքականություն վարել, գլուխը մտցնել ավազի մեջ եւ ասել՝ մեզ մոտ ամեն ինչ լավ է…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել