Վրացերենի փորձագետների անվան ներքո հատուկ ծրագրով պատրաստված անձինք էլ վերահսկում են, որ հայկական սեկցիա ունեցող դպրոցներում չխոսեն հայերեն, նույնիսկ հայերեն գիրք դպրոց չմտնի:
1998-99-ի դրությամբ Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգի Նինոծմինդայի եւ Ախալքալաքի շրջաններում հայ աշակերտների թիվը 25 000-ից ավելի էր, իսկ 2009-ի դրությամբ այն չի գերազանցում 13 000-ը: 1999-2000-ին վրաց աշակերտների թիվը նույն շրջաններում կազմում էր 1%, այժմ՝ 7%-ից ավելի: Այս թվերը հուշում են, որ Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության կրթական հիմնախնդիրները հասել են ծայրահեղ վիճակի: Սակայն դրանց լուծման առումով ՀՀ-ի կողմից պետական մակարդակով լուրջ քայլեր չեն ձեռնարկվում: Այս թեմաների մասին զրուցեցինք Ազգային նոր պահպանողական շարժման նախագահ Էդուարդ Ափրամյանի հետ: Զրուցակիցս փաստեց. «Ջավախքում զուտ կրթական ոլորտում վրացական կողմի քաղաքականությունը 5 տարվա ընթացքում լրջորեն փոխվել է: Նրանք անում են ամեն ինչ, որ հայ ազգաբնակչությունը հոգեւոր, մշակութային, կրթական կյանքով ամեն կերպ պոկվի Հայաստանից: Ամեն կերպ փորձում են սերմանել վրացական գործոնը տարածաշրջանում: Օրինակ՝ վերջին շրջանում Ջավախքի դպրոցներում մեծ թիվ են կազմում վրացերենի փորձագետները, որոնք բարձր աշխատավարձ են ստանում: Նրանք վրացական քաղաքներից եկած կանայք են, որոնց հետ շփումներից պարզ է դառնում, որ նրանց հետ որոշակի աշխատանք է տարվել: Նրանք գալիս, տարբեր գյուղերում վարձակալում են բնակարաններ եւ իբր դպրոցներում վերահսկում են վրացերեն լեզվի դասավանդման գործընթացները, բայց իրականում ամբողջովին վերահսկում են դպրոցների գործունեությունը: Փաստեր կան նաեւ, որ նրանք նույնիսկ աչալրջորեն հետեւել են հայկական դասագրքերի, մամուլի մուտքին՝ դպրոցներ: Կան դպրոցներ, որտեղ այս փորձագետների հոգեբանական ճնշման տակ ուսուցչական անձնակազմը ուսուցչանոցներում վախենում է հայերեն խոսել… մի խոսքով, վրացական տարբեր ինստիտուտներ լուրջ աշխատանք են տանում վրացերենը ամենուր սերմանելու, այդպիսով ոտնահարելով հայոց լեզվի՝ որպես ազգային լեզվի գործածման եւ դրանով ինֆորմացիա ստանալու իրավունքը: Այդ փորձագետները հսկում են, որ հայոց լեզվի դասավանդումների թիվը կրճատվի, հայոց պատմության դասեր չլինեն: Այդ վիճակում են 5-6 գյուղեր, օրինակ՝ Բարալետը, Բուռնաշետը: Ուսուցիչները, որոնք հայերեն գիրք են իրենց հետ բերում դպրոց, հետո խնդիրներ են ունենում դպրոցի տնօրենների եւ պետական մարմինների հետ»: Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի մասին խոսելիս զրուցակիցս նկատեց. «Պիտի ստեղծվեն հատուկ հանձնախմբեր՝ եվրոպական կառույցների միջնորդությամբ եւ մասնակցությամբ, որ վերջ տրվի այս հակազգային քաղաքականությանը: Դեմոկրատական երկիր համարվող Վրաստանի նմանատիպ քայլերը պիտի անպայման ներկայացնենք եվրոպական կառույցներին: Այնինչ, հայ իշխանություններն իրենց պասիվությամբ եւ առօրեական շահերից ելնելով՝ այսօր թույլ են տալիս, որ վերացվի Սամցխե-Ջավախքի հայության ինքնատիպը: Մենք ոչ միայն չենք գիտակցում ջավախահայության քաղաքական-հասարակական ազգային կարեւորությունը, այլեւ մոռացության մատնելով, ամեն կերպ փորձելով հեռու պահել ՀՀ-ն ջավախքյան պրոբլեմներից՝ նպաստում ենք Ջավախքի նախիջեւանիզացիային, թուրքացմանը»:
Սամցխե-Ջավախք նահանգում դպրոցների փակման դեպքեր էլ են գրանցվել: Էդ. Ափրամյանը նշեց. «Վերջին շրջանում նման դեպք տեղի է ունեցել Բոլնիս քաղաքում, տեղի դպրոցի հայկական սեկցիան փակվեց, բացվեց ադրբեջանականը»: Վրաստանի կրթական նոր նախագիծը կիրառելուն պես՝ արգելվեցին ֆակուլտատիվ դասերը դպրոցներում, իսկ հայոց պատմությունը դասավանդվում էր հենց այդ հիմունքներով: Արդյունքում՝ Ջավախքի դպրոցներում հայոց պատմություն ընդհանրապես չի դասավանդվում: Իսկ ուսուցիչները, որոնք փորձում են երեխաներին գաղտնի կերպով հայոց պատմության մասին տեղեկություններ տալ, լուրջ խնդիրներ են ունենում: Զրուցակիցս պատմեց. «Հյուսիսային Լոռու հայկական գյուղերից մեկում մաթեմատիկայի դասի ժամանակ ուսուցչուհին մի քանի անգամ պարապել էր հայոց պատմության դասեր, ինչից հետո այդ կնոջը տարել էին Թբիլիսի՝ հարցաքննության»: Լուրջ խնդիր է ուսուցիչների սերնդափոխության հարցը: Ներկայումս ՀՀ տարբեր բուհերում Ջավախքից սովորում է շուրջ 3000 ուսանող, բայց վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ նրանցից մոտ 300-ն է վերադառնում Ջավախք՝ այնտեղ աշխատելու, քանի որ աշխատանք գտնելու համար պահանջվում է վրացերենի գերազանց իմացություն: Էդ. Ափրամյանն այս առիթով ասաց. «Մենք այժմ մշակում ենք Ջավախքում հայկական բուհ ստեղծելու մասին մի ծրագիր: Օրինակ՝ դա կարող է լինել ԵՊՀ-ի մի մասնաճյուղ: Հակառակ դեպքում սերնդափոխության հարցը ներկայումս լուծված չէ, եւ, օրինակ, Բժշկական ուսումնարանն ավարտած բուժքույրը կարող է գնալ եւ Ջավախքի դպրոցում մաթեմատիկա դասավանդել եւ այլն»:
Զրուցեցի նաեւ ԿԳՆ միջազգային համագործակցության եւ սփյուռքի հետ կապերի վարչության բաժնի պետ Նունե Վարդանյանի հետ: Ըստ նրա՝ ԿԳՆ-ն ջավախահայության կրթական հարցերի լուծման ցանկություն ունի, բայց երբ հարցրի հստակ ծրագրերի մասին, զրուցակիցս սկսեց խոսել ապառնի ժամանակով: Նա մտահոգ էր, որ Ջավախքում դպրոցի տնօրենների ընտրության համար անհրաժեշտ է վրացերենի գերազանց իմացություն, եւ արդյունքում միշտ չէ, որ հայազգի ներկայացուցիչ է նշանակվում այդ պաշտոնում: Կա նաեւ ֆինանսավորման խնդիր, քանի որ տարեցտարի նվազում է հայ աշակերտների թիվը: Հարցիս՝ ՀՀ բուհերում սովորող ջավախքցիների ո՞ր տոկոսն է վերադառնում հայրենիք, Ն. Վարդանյանը պատասխանեց. «Կոնկրետ ուսումնասիրություն չի կատարվել, պիտի մեխանիզմը գտնենք ուսումնասիրության, ապա կկատարենք ուսումնասիրությունը եւ կունենանք այդ թվերը»: Ջավախքում հայկական բուհ հիմնելու մասին էլ նորանշանակ բաժնի պետն ասաց. «Վրացական կողմը դա չի ողջունում, անհաղթահարելի պայմաններ են դրել: Ասում են, որ իրենց օրենսդրական դաշտում միջպետական բուհերը տեղ չունեն: Վրաստանի հավատարմագրման կենտրոնն էլ պայման է դնում, թե մեկ ուսանողի համար անհրաժեշտ է որոշակի տարածք եւ դասախոսական կազմ: Այսինքն՝ այս խնդիրը միայն հայկական կողմի նախաձեռնությամբ լուծվել չի կարող, պետք է նաեւ Վրաստանի բարյացակամ վերաբերմունքը»: Ամեն տարի ՀՀ-ից դասագրքեր են ուղարկվում Վրաստան: Մեր տեղեկություններով՝ վրացական կողմը թույլ է տալիս միայն մայրենի լեզվի դասագրքերի մուտքը ՀՀ-ից Վրաստան: Ն. Վարդանյանից հարցրինք, թե ինչո՞վ է վրացական կողմը դա պատճառաբանում: Նա պատասխանեց. «Ասում են՝ ի՞նչ տարբերություն, թե այդ առարկաները որ լեզվով կանցնեն: Հայագիտական առարկաների գծով էլ հստակ պատասխան չի տրվում»: